«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2005-12-02 | #221, 2005-12-03 | #222, 2005-12-06


ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԼՅՈՒԲԼՅԱՆԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ

Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները հավանաբար չայցելեն Ստեփանակերտ

Դեկտեմբերի 4-ի երեկոյան Սլովենիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային ճաշի շուրջը միաժամանակյա հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության, հանդիպմանը դրական են գնահատվել «նախագահների կազանյան հանդիպումից հետո ստեղծված վիճակը եւ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ընձեռած հնարավորությունները»: Քննարկվել են դեկտեմբերի կեսերին համանախագահների տարածաշրջան կատարվելիք այցի մանրամասները, ինչպես նաեւ հաջորդ տարվա սկզբներին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպման հարցեր:

Լյուբլյանայում դեկտեմբերի 5-6-ն անցկացվում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 13-րդ հանդիպումը: Կազմակերպության գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը հայտարարել է 2005 թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին: Երեկ արտգործնախարարների հանդիպման բացման իր ելույթում Ռուպելը հիշեցրել է, որ նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները չհամապատասխանեցին ԵԱՀԿ մի շարք կարեւոր չափանիշներին:

«Գրավյալ տարածքներ այցելած (2005 թ. հունվարի 30-փետրվարի 5-խմբ.) ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակի հանդիպումները հույս արթնացրին, որ մենք կկարողանանք գտնել ԼՂ հակամարտության լուծումը: Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումից կշահենք բոլորս: Ես կոչ եմ անում կողմերին աշխատել միասին եւ ԵԱՀԿ միջնորդությամբ հարթել տարաձայնությունները», ասել է Ռուպելը:

Ղարաբաղյան հարցում հնարավոր առաջընթացի մասին է խոսել նաեւ ԵՄ արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Երեկ, ըստ «Մեդիամաքսի», ելույթ ունենալով Լյուբլյանայում, Ֆերերո-Վալդներն ասել է, որ «ամենամոտ ապագայում մենք կարող ենք մեծ առաջընթացի ականատեսը դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:

Քանի որ 2006 թ.-ին Հայաստանում եւ Ադրբեջանում չկան նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, ինչպես միջնորդները, այնպես էլ հակամարտությանը հետեւող վերլուծաբանները դա համարում են լավ առիթ: Մյուս կողմից ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ թե ընտրություններն են, այլ հակամարտության կողմերիՙ առաջին հերթին Բաքվի կոշտ դիրքորոշումը:

Ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը նկատել է, որ կողմերից որեւէ մեկը չի կարող մյուսին համաձայնություն պարտադրել, բայց եթե «նույնիսկ դա հնարավոր լիներ, այդ համաձայնությունը կայուն չէր լինի»: «Բանակցային գործընթացը խորացել է, ինչպես երբեք չէր եղել անցյալում եւ հասել շատ լավ մակարդակի: Ես չեմ բացառում, որ հակամարտությունը կարող է կարգավորվել ամեն ժամանակ, բայց հարց եմ տալիսՙ ինչո՞ւ ոչ այժմ: 2006 թ.-ին ո՛չ խոշոր քաղաքական իրադարձություններ, ո՛չ էլ ընտրություններ են լինելու հակամարտության մեջ ներքաշված երկրներում, եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից», ասել է Մաննը:

Անցնող շաբաթավերջին Իլհամ Ալիեւի ելույթից տպավորություն չի ստեղծվում, որ Ադրբեջանը պատրաստ է լուրջ փոխզիջումների: «ԼՂ հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հենքով: Այս հարցը չի գտնվում զիջումների դաշտում: Ադրբեջանն արդեն գնացել է ամենամեծ զիջմանըՙ ավելի քան 10 տարի շարունակում ենք խաղաղ բանակցությունները», ասել է Ալիեւը, կրկին հիշեցնելով, որ իր համբերությունն անսահման չէ, ինչպես նաեւՙ «Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է մինչեւ 600 մլն դոլար»:

Ալիեւը համոզված է, որ «խաղաղ բանակցությունների ներուժը դեռ չի սպառվել, թեեւ դրանք դեռեւս արդյունքներ չեն տվել»: Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի վերջերին անսովոր հայտարարություն էր արել հակամարտության կարգավորման մասին: Սլավոնական «Դելո» թերթում տպագրված հարցազրույցում Հայաստանի նախագահը նշել էր, որ «եթե բանակցություններն իրենց սպառեն չտալով որեւէ արդյունք, ես չեմ բացառում ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից կամ ԼՂՀ վերամիավորումը Հայաստանին»:

Հաջորդ շաբաթ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննի, Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի այցը տարածաշրջան: Ամենայն հավանականությամբ, այս անգամ միջնորդները կբավարարվեն Բաքու եւ Երեւան այցելելով:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4