«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2005-12-02 | #221, 2005-12-03 | #222, 2005-12-06


ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 152-Ի

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին միացել են եւս երեք կոնգրեսականներ` հանրապետականներ Իլեանա Ռոս-Լեհթինենը, Չարլի Դենթը եւ դեմոկրատ Դոնալդ Փեյնը: Դրանով իսկ, ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին Ամերիկայի Հայկական համագումարից, հանձնախմբի անդամների թիվը հասավ 152-ի:

«Հայկական հարցերով հանձնախումբը կարեւոր դեր է խաղում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ կապերի խորացման գործում», հայտարարել է կոնգրեսական Ռոս-Լեհթինենը, նշելով, որ կաշխատի «օրենսդիրների այդ նվիրյալ խմբի եւ Հարավային Ֆլորիդայի ամերիկահայ համայնքի հետ` ապահովելու, որպեսզի արդեն ամուր այդ կապերն է՛լ ավելի ամրապնդվեն»:

«Հպարտ եմ դառնալ Հայկական հարցերով հանձնախմբի անդամ: Կոնգրեսում իմ աշխատանքի ընթացքում ես եղել եմ մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության ցեղասպանության պատշաճ ճանաչմանն ուղղված ջանքերի առաջավոր դիրքերում», հայտարարել է Դոնալդ Փեյնը: Նա նշել է, որ Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ կաշխատի ինչպես ցեղասպանության ճանաչման հարցի, այնպես էլ ամերիկահայ համայնքի համար մեծ կարեւորություն ներկայացնող այլ խնդիրների լուծման ուղղությամբ:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայկական հարցերով հանձնախմբին, ինչը կնպաստի, որպեսզի ես ավելի լավ հասկանամ Հայաստանին վերաբերող խնդիրները եւ ավելի լավ ներկայացնեմ Ամերիկայի այդ կարեւոր համայնքի տեսակատները», նշել է կոնգրեսական Դենթը:

Հայկական հարցերով հանձնախումբը գործում է 1995 թվականից: Հանձնախմբի համանախագահներն են Ֆրենկ Փալունը եւ Ջո Նոլենբերգը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4