Երեկ խորհրդարանը հուշագրով երկարաձգեց Իրաքում հայ խաղաղապահների մնալու ժամկետը: Հարցն օրակարգում ձեւակերպված էր հետեւյալ կերպ. «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկությունը դռնփակ նիստում քննարկելու մասին»:
Երկրի նախագահի ներկայացուցիչը խորհրդարանում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էր: Համանման նախորդ առաջարկն ԱԺ-ում քննարկվել էր դռնփակ ռեժիմով, սակայն այս անգամ փակ նիստով քննարկման առաջարկը չհավաքեց անհրաժեշտ ձայներ: Իսկ բաց նիստի ընթացակարգը պատգամավորներին ձեռնպահ պահեց հիմնական զեկուցող Ս. Սարգսյանին հարցեր ուղղելուց, ինչի համար շատ ափսոսաց Արշակ Սադոյանը: Ըստ նրա, եթե նիստը փակ լիներ, հնարավոր կլիներ քննարկել երկրի կողմնորոշումներն առհասարակ եւ շատ բան կպարզվեր. օրինակ այն, որ վերջապես պետք է ազատվել «կարծրացած հյուսիսային կողմնորոշումից»:
Իր խոսքում Ս. Սարգսյանը նկատեց, որ անցյալ փորձի արդյունքում ապացուցվել է Իրաք զորախումբ ուղարկելու որոշման իրավացիությունը: Մեր զինծառայողների մի մասը պարգեւատրվելու է բազմազգ ուժերի հրամանատարության կողմից, մի քանիսին էլ պարգեւատրելու է իրաքյան մի հասարակական կազմակերպություն:
Ի վերջո, ի՞նչ է տալիս Հայաստանին Իրաք զորախումբ ուղարկելը. անցյալում այս թեմայով բազմապիսի պարզաբանումները մեկ տողով ամփոփեց Սերժ Սարգսյանը. «Ապահովում է Հայաստանի մասնակցությունը միջազգային գործընթացներին եւ անվտանգության երաշխիք է»: Ըստ հարակից զեկուցող Մ. Շահգելդյանի, մեր զորախմբի ներկայությունն Իրաքում փորձի ձեռքբերման լավագույն հնարավորություն է:
Իրաքյան ենթատեքստ ուներ Ս. Սարգսյանին ուղղված մերՙ քաղաքական իրավիճակին գնահատական տալու վերաբերյալ հարցի պատասխանը. «Եթե քաղաքական վիճակը կայուն չլիներ, Իրաք զորք կուղարկեի՞նք»: «Իսկ միջազգային հանրությանՙ հանրաքվեի կեղծարարներին պատժելու կոչերին ինչպե՞ս է վերաբերվում պաշտպանության նախարարը» հարցին, հնչեց այսպիսի պատասխան. «Եթե եղել են, եթե այդպիսի փաստեր կան, իհարկե պատժվելու են»:
Հարցի քվեարկությունը կկայանա քառօրյայի ընթացքում:
Մ. Խ.