«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2005-12-02 | #221, 2005-12-03 | #222, 2005-12-06


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԵՆ ՍԿՍՈՒՄ

Երեկ միավորված ընդդիմությունը հրապարակեց հայտարարություն իր նոր մարտավարության մասին: «Հանուն Հայաստանի պետականության արժանապատիվ գոյության, միջազգային վարկի եւ քաղաքացիների անվտանգության ու բարօրության միավորված ընդդիմությունը նախաձեռնում է ժողովրդական քաղաքացիական շարժում ընդդեմ բռնապետության եւ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այդ շարժմանը, ինչի համար նախ եւ առաջ անհրաժեշտ է տեղերում ստեղծել քաղաքացիական շարժման կառույցներ», գրված է դրա մեջ:

Ըստ հայտարարության ոգու, ընդդիմադիրները գործողությունների այս նոր սկզբունքին դիմում են բացառապես «հանրաքվեի արդյունքների աննախադեպ կեղծումների» պատճառով, քանի որ «վարչախումբը հանրաքվեի արդյունքները կեղծեց այնպիսի անթաքույց գռեհկությամբ, որը ոչ միայն աննախադեպ է անցած 10 տարիների մեր պատմության մեջ, այլեւ առաջ բերեց նույնիսկ կրավորական արեւմուտքի դժգոհությունը»:

Միավորված ընդդիմությունը իշխանությունների այս գործողությունը գնահատում է որպես ազգային եւ պետական դավաճանություն, որի ողջ պատասխանատվությունը դնում է Ռոբերտ Քոչարյանի եւ կոալիցիայի կուսակցությունների վրա:

Հայտարարությունը ստորագրել են «ԱԺՄ», «ԱԺԴ», «Ժառանգություն», «ՀԺԿ», «Հանրապետություն», «Նոր ժամանակներ», «Հայաստանի մարքսիստական» եւ այլ կուսակցություններ, «Հայաստանի մտավորականների ֆորումը»:

Կ.Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4