Ո՞ւմ կողմից եւ ո՞ւմ
Խորհրդարանի հերթական քառօրյան երեկ մեկնարկեց ու ընթացավ սահմանվածից ավելի ընդմիջումներով: Տեխնիկական խնդիրը նախագահողի աշխատանքն ամբողջացնող կոճակի անսարքության վերացումն էր: Մյուս եւ հիմնավոր խնդիրը խորհրդարանական ընդդիմության առաջարկով հանրաքվեի ընթացքն ու կեղծիքները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով խորհրդարանում ստորագրահավաք կազմակերպելն էր: Անհրաժեշտ 44 ստորագրությունը հավաքելու դժվարություն չտեսնող նիստին ներկա ընդդիմության համարյա բոլոր ներկայացուցիչներն, օգտվելով կանոնակարգի ընձեռած հնարավորությունից, խոսեցին երկուական րոպե: Ասելիքը, բնականաբար, գնահատականն էր հանրաքվեի ընթացքին եւ վստահեցումները կեղծիքների լինելիության: Եղավ նաեւ ստորագրահավաքի նախաձեռնությանը միանալու հորդոր կոալիցիոն ուժերինՙ հատկապես «Օրինաց երկիր» խմբակցությանը:
Հավաստելով, որ իրենց արջի ծառայություն բոլորովին անհրաժեշտ չէր, եւ այն մատուցողները պետք է հայտնաբերվեն ու խստագույնս պատժվեն, որպես կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ի պատասխան հորդորի հայտնեց, որ հարցը կարելի է քննարկել խմբակցության հետ, իսկ որպես խորհրդարանի նախագահ տեղեկացրեց, որ իր ձեռքի տակ եղած տվյալները կեղծիքների առնչությամբ տրամադրելու է ՀՀ գլխավոր դատախազությանը: Միաժամանակ խորհրդարանի ղեկավարը հորդորեց գործընկերներին ունեցած տվյալները գումարել իր ձեռքի տակ եղածներինՙ դատախազություն ուղարկելիք փաստարկներն ամբողջացնելու համար: Նա պատրաստ է դրանք ստորագրել ու դատախազություն ուղարկել: Այս ուղին ԱԺ նախագահի կարծիքով ամենակարճն է եւ ոչ պակաս արդյունավետը:
Չնայած ընդդիմությունը ակնհայտորեն տարբերակում է իր գնահատականը ՕԵ հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշումից, բայց եւ չի գտնում, թե դատախազությանը տվյալներ տրամադրելով կընթանա կարճ կամ ճիշտ ուղով, քանի որ դատախազությունը համարում է խիստ քաղաքականացված մարմին եւ կատարած աշխատանքն էլ ի սկզբանե կասկածի տակ է առնում:
Կոալիցիոն մյուս երկու ուժերի դիրքորոշումներն էլ տարբեր են: «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանրաքվեի ընթացքից օրինախախտման որեւէ փաստ չունի ներկայացնելիք, քանի որ դրան հետեւելու իրավասություն չի տրվում ԱԺ պատգամավորին: Բայց հետեւելու առիթ Սահակյանն ունեցել էՙ նրա ընտանիքի անդամներից մեկի քվեարկելու իրավունքը դատարանի միջոցով վերականգնելու խնդիր է եղել: Գալուստ Սահակյան պատգամավոր-քաղաքացին ականատես է եղել 10-15 քաղաքացու հանրաքվեին մասնակցությանը եւ ավելին ոչ փաստում, ոչ էլ ապացուցում է, իսկ որպես խմբակցության ղեկավար գիտի, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը պատժիչ իրավասություն չունի եւ գործառույթը ուսումնասիրելն է: Այս հիմնավորմամբ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ստորագրահավաքին միանալու հեռանկար չի տեսնում:
ԱԺ փոխնախագահ, Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ (ՀՅԴ) Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ հանրաքվեի ընթացքում տեղ գտած օրինախախտումների փաստեր ձեռքի տակ հայտնվելու դեպքում ՀՅԴ խմբակցությունն էլ կմիանա դատախազություն դիմելու նախաձեռնությանը: Հովհաննիսյանի կարծիքովՙ հանրաքվեն անցել է եւ խնդիրն այն է, թե գտած խախտումները կարո՞ղ էին արդյոք ազդել արդյունքների վրա: Բայց անկախ դրանից հայրենական ընդդիմադիրներն ու ոչ ընդդիմադիրներն ունեն Եվրոմիության կոչը. «Եվրոմիությունը կոչ է անում բոլոր կողմերին երաշխավորել, որ ցանկացած հանրահավաք եւ բողոքի ցույց կրի բացառապես խաղաղ բնույթ»: ԵՄ հայտարարությունում փաստվում է նաեւ մտահոգությունը լցոնումների եւ տեղական դիտորդների ահաբեկման փաստերի կապակցությամբ. «Նման գործողությունները չկանխելը հարցականի տակ է դնում ՀՀ թափանցիկությունն ու ժողովրդավարությունը»:
Ն. Պ.