Նոյեմբերի 26-ից դրանք թույլատրելու համար կպատժվեն նաեւ պաշտոնյաները
Քաղաքապետարանի ամենշաբաթյա ճեպազրույցներին վարչության պետերը տարվա մեջ առնվազն մի քանի անգամ, ուզեն թե չուզեն, մասնակցում են: Իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը թերեւս միակ պաշտոնյան է, որ երեկ առաջին անգամ հանդես եկավ լրագրողների առաջ: Փոխարենը ներկայացրեց ինքնակամների վերաբերյալ մինչ այժմ հրապարակի վրա եղած պետական որոշումներից ամենախիստը:
Ե՛վ վարչական, ե՛ւ քաղաքացիական օրենսգրքերում ինքնակամների ճակատագրին առնչվող փոփոխություններ են եղել: Ինքնակամ կառույցի քանդման, տեղափոխման, տարածքը նախկին տեսքի բերելու բոլոր ծախսերն ու գլխացավանքն ընկնելու են կառուցապատողների վրա: «Ինչ եղել է, դնենք մի կողմ», նման ռիսկերի չենթարկվելու համար բոլորին կոչ եմ անում ձեռնպահ մնալ ինքնակամ կառուցապատումներ անելուց», հայտարարեց Արտյոմ Սարգսյանը:
Վարչական օրենսգիրքն իր հերթին խստացրել է տույժ ու տուգանքների չափը: Նախկին 70 հազար դրամի փոխարեն ինքնակամ կառուցապատման կամ հողազավթման համար սահմանվել է 200 հազար դրամ` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Եթե նախազգուշացումից հետո ինքնակամ կառուցապատողը շարունակում է շինարարությունը, ապա տուգանքն ավելանում է նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի, այսինքնՙ 2 ու կես մլն դրամի չափով: Իհարկե, ինքնակամ կառույցը շատ լայն հասկացություն է, փոքրիկ ավտոտնակից սկսած, Թումանյան փողոցի երթեւեկը խանգարած հսկա հյուրանոցով վերջացրած: Եվ տուգանքների չափի տարբերակում պիտի արվի: Ապօրինի կառույցների հեղինակների նկատմամբ տարանջատված մոտեցում ցուցաբերելու նոր կարգը դեռ մշակման ընթացքում է: Սպասվում է, որ այն պատրաստ կլինի ու կսկսի գործել մյուս տարի:
Ուշագրավն այն է, որ քրեական օրենսգիրքը եւս խստացրել է իր հանձնարարականները ինքնակամ կառույցների վերաբերյալ` ոչ միայն տուգանք, այլեւ 1-2 տարվա ազատազրկում ուղղիչ աշխատանքային գաղութում: Եթե օրինախախտ կառուցապատողը 1 տարվա մեջ 2 անգամ նախազգուշացվել է, դրանից հետո վարչական պատասխանատվության ենթարկվել, բայց չի դադարեցրել շինարարությունը, նրան սպասելու է ուղղիչ աշխատանքային գաղութը:
Տեղական ինքնակառավարման եւ քաղաքաշինության օրենքներում կատարված փոփոխությունները եւս չեն մոռացել ինքնակամ կառուցապատողներին: Տեղական ինքնակառավարման նախկին օրենքի համաձայն, թաղային համայնքները ինքնակամ կառուցապատումները վերացնելու կամ կասեցնելու իրավասություն ունեին, բայց միայն իրավասություն: Լծակներն ուրիշ ձեռքերում էին, իրագործողներն` ուրիշ: Տույժ ու տուգանքների միջոցով համայնքային բյուջեները հարստանալու իրական հնարավորություն ստացան: Այժմ այդ լիազորությունից թաղապետները կարող են իսկապես օգտվել:
Իսկ քաղաքապետարանին վերապահվում է թաղապետարանների գլխավոր վերակացուի` վերահսկող մարմնի դերակատարումը:
Այս բոլոր փոփոխությունների գլխավոր նորույթն այն է, որ նախկինում ե՛ւ վարչական, ե՛ւ քրեական օրենսգրքերում որեւէ պատասխանատվություն չէր սահմանվում այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր թույլատրել են ինքնակամ կառուցապատում (թեեւ նրանց թույլտվության պարագայում կառույցն ինքնակամ դիտարկելն անհեթեթություն է), համապատասխան արձանագրություն չեն կազմել կամ ժամանակին չեն կասեցրել ինքնակամի շինարարությունը: Հենց նրանց համար քրեական օրենսգրքի 315 հոդվածը նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով (չարձանագրելու կամ չկասեցնելու դեպքում): Եթե այս տուգանքն էլ հրաժարվում է վճարել, պաշտոնյային սպասում է 2 տարի ազատազրկում. անհավատալի իրողություն մեր իրականության համար: Համենայն դեպս, իրավաբանական վարչության պետը գոնե մի օրինակ չգիտեր, որի դեպքում նման մեղանչումների համար մինչ հիմա գոնե մեկ պաշտոնյա պատժված լիներ:
Այս բոլոր փոփոխությունները կիրառելի են արդեն այս տարվա նոյեմբերի 26-ից: Դեռեւս պատժի կամ տուգանման ոչ մի դեպք չի կատարվել, եթե չհաշվենք թաղային համայնքների ներկայացրած 13 արձանագրությունները:
Եթե օրենքը հետադարձ գործողության ուժ ունենար, ապա մեր պետական բյուջեն հաստատապես կպայթեր մեծ ու փոքր պաշտոնյաներից գանձված տուգանքներից: Հետաքրքրական է, օրենքն ինչպե՞ս է վարվելու, օրինակ, ապօրինության վաղեմության ժամկետով հսկայածավալ այն շինարարությունների հեղինակների հետ` Մերգելյանի այգում եւ «Պրագա» հյուրանոցի դիմաց, որոնց մասին իր հաշվետվությունը ներկայացնելիս նշեց նաեւ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը:
Երեւանը, հատկապես մեծ ու փոքր կենտրոններում, ճզմվել է ինքնակամ կառույցների մեջ:
Ի՞նչ արդյունավետությամբ կկիրառվեն նոր խստացումները: Ինքնակամների հեղինակներին պետական մակարդակով նման «հաթաթաներ» էլի եղել են, ընդհուպ դրանք տիեզերքից վերահսկելու ծիծաղելի սպառնալիքը, բայց մի քանի խղճուկ կրպակ կամ այլ միկրոկառույցի ոչնչացումից այն կողմ չեն անցել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ