Այս տարի Երեւանում երաժշտական աշունը հագեցած էր հետաքրքրական համերգներով եւ տարբեր երկրների խոշորագույն երաժիշտների հյուրախաղերով: Եվ այդուհանդերձ Կամերային երաժշտության տանը նոյեմբերի 26-ին կայացած վերջին աշնանային համերգը երկար կհիշվի: Հայաստանի պետական կամերային նվագախումբն Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ ներկայացրեց համույթի մշակութային քաղաքականությունը ճիշտ արտացոլող ծրագիր. երաժշտական կլասիկան (Մոցարտ) հարեւանում էր ռոմանտիկ ստեղծագործությանը (Վագներ), իսկ արդիականությունը ներկայացնում էին հայ (Սարյան) եւ արտասահմանցի (Թաքեմիցու) կոմպոզիտորներ: Եվ ինչպես միշտ, Ղարաբեկյանի համար ծրագրի ընտրությունը դարձավ համերգի ընդհանուր հայեցակարգի կառուցման առիթ, իսկ նոր կամ կիսամոռացված երկերի կատարումըՙ Հայաստանի կամերային նվագախմբի ստեղծագործական ներուժի բացահայտման խթան: Չափազանցություն չի լինի ասել, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում չկա նույնքան կազմակերպված, պրոֆեսիոնալ առումով կայուն եւ գեղարվեստականորեն հարստացող մեկ ուրիշ երաժշտական համույթ:
Գրախոսվող համերգը նշանակալի էր տարբեր պատճառներով: Նախ եւ առաջՙ Հայաստանի ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսյանի ներկայությամբ, որը ջութակի եւ կամերային նվագախմբի համար Ղազարոս Սարյանի (1920-1998) գրած «Andante եւ Presto»-ի մենակատարն էր: Հիանալի հայ կոմպոզիտորը մահվանից մեկ տարի առաջ գրած այս վերջին ստեղծագործությունը նվիրել է Է. Թադեւոսյանին: Խոսելով ստեղծագործության մասին, ջութակահարը նշում է, որ այնտեղ «ճախրում է գեղեցկության ոգին»: Դա իրոք այդպես է:
Կատարումը նվիրելով կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին, մենակատարը եւ նվագախումբը Ղարաբեկյանի ղեկավարությամբ ձգտեցին երեւան բերել ազգային մշակույթի պատմության մեջ իր էջը գրած Ղ. Սարյանի երաժշտության այդ բարոյագիտական «առանցքը»: Ըստ Սարյանի, գեղեցկության ոգին ոչ թե գեղեցիկի քաղցր-մեղցր գովերգումն է, այլ ճշմարտացիությունը եւ անկեղծությունը: Դրա հետեւանքով Andante-ում, դրան մոտիկ ջութակի Արիայում եւ ջութակի կոնցերտի Պասակալիայում նեոկլասիկ բարեհնչունության զուսպ ոճը խախտվեց Presto-ում ընդվզող դիսոնանտ միջավայրի ներխուժմամբ: Պետք է ասել, որ Presto-ի հետաքրքրական կոմպոզիցիոն լուծումն այն տարբերակում է ավանդական perpetuum mobile-ից փայտե փողայինների ներառումը հարստացրեց պարտիտուրի հիմնական լարային կազմը, իսկ գալարափողի (Մերուժան Սիմոնյան) փոքր մենանվագն ընկալվեց որպես հոգեւոր մաքրման կոչ:
Էդուարդ Թադեւոսյանն իրեն նվիրված ստեղծագործությունը նվագում էր մեծ ներշնչանքով, ասես հայացք նետելով ոչ միայն կոմպոզիտորի, այլեւ սեփական հոգու ներսը: Այդ ինքնախորասուզումը ջութակահարին ներհատուկ խոշորացված ֆրազավորման եւ յուրաքանչյուր հնչյունի ինտոնացիոն նշանակալիության հետ զուգորդվելովՙ մասշտաբայնություն հաղորդեց ստեղծագործությանը: Այն եզրափակելով առանց տպավորիչ փքունության, նույնիսկ ընդհակառակը որպես զարգացման խզում, մենակատարը եւ նվագախումբն ասես կենսագրական իմաստ հաղորդեցին երաժշտության մեկնաբանմանը...
Համերգը բացած Մոցարտի 29-րդ սիմֆոնիան (Լա մաժոր, K. 201) հազվադեպ է հնչում: Ըստ ժանրի հատկանիշների, այն ավելի շուտ կարելի է դասել concerto grosso-ի, քան սիմֆոնիայի ժանրին, ինչը հատկապես նկատելի է 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում: Եզրամասերը թատերական են եւ կարող էին լինել օպերային նախերգանքներ, միջնամասերըՙ պարային, թեեւ միանգամայն տարբեր են մթնոլորտով եւ պարի իմաստաբանությամբ: Այս առումով հատկանշական է Andante-ն, որտեղ պարայնությունը Menuetto-ի չափ ակնհայտ չէ, այլ քողարկված է հիշողության եւ թերեւս երեւակայության խորքերում:
Ղարաբեկյանը Մոցարտի 29-րդ սիմֆոնիան ունկնդիրներին ներկայացրեց շատ անսովոր ձեւով, հատկապես 2-րդ մասը: Բացառելով նվագախմբի վրա որեւէ ճնշում, խլացնելով հնչողությունը, նա երաժշտությունն ասես հետ մղեց իրական պատմական ժամանակահատված (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողայինները նվագում էին կամերայնության բոլոր կանոններով), հեռվից սքանչանալով դրա գեղեցկությամբ:
Դիրիժորի գյուտարարական երեւակայությունն էլ ավելի փայլուն արտահայտվեց ճապոնացի կարկառուն կոմպոզիտոր Թորու Թաքեմիցուի (1930-1996) «Դորյան հորիզոն» պիեսի մեկնաբանման մեջ: Երեւանում հնչել են նրա միայն փոքր պիեսները: Իսկ լարային նվագախմբի համար գրված տվյալ ստեղծագործության պրեմիերան վաղուց սպասվող անհրաժեշտություն է:
Թաքեմիցուն «Դորյան հորիզոնն» ստեղծել է ճապոնական ժողովրդական գործիքներով իր հրապուրվածության նախնական ժամանակաշրջանում: Միեւնույն 1966 թ.-ին կոմպոզիտորը գրում է «Խավարում» գործը բիվա լարային եւ սյակուհատի փողային գործիքների համար, իսկ հաջորդՙ 1967 թ.-ին բիվայի, սյակուհատիի եւ նվագախմբի «Նոյեմբերյան հետքեր» կոնցերտը Նյու Յորքի ֆիլհարմոնիայի հոբելյանի առթիվ:
«Դորյան հորիզոնում» կոմպոզիտորը 17 լարային գործիքները մեկնաբանում է ճապոնական ժողովրդական ավանդույթի ոգով. օգտագործվում են ջութակների եւ ալտերի բոլոր լարերի կտրուկ կսմթոցների եւ հարվածների հնարքները: Բացի դրանից, ինչպես եւ ճապոնական գործիքներում, օրինակՙ բիվայում, կոմպոզիտորն անփոփոխ դիատոնիկ հնչյունաշարը զուգորդում է փոփոխվող քրոմատիկ ձայնաշարերի հետ:
Ստեղծագործությունը բնութագրվում է հնչյունային «վարքագծի» նրբահյուս գեղագիտությամբ, որը սահմանվում է տարածության արեւելյան ընկալմամբ: Կոմպոզիտորը ռացիոնալ կերպով գիտակցել է հնչողության արժեքն ու գեղեցկությունը: Բեմի վրա գործիքների յուրօրինակ տեղադրությունն արդեն իսկ դրա վկայությունն է. այստեղ առջեւի 8 լարայիններն ունեն հարմոնիկ համահնչման գործառույթներ (Թաքեմիցուն առատորեն օգտագործում է օբերտոններ), իսկ հետեւի 9 գործիքներն, ըստ հեղինակի մտահղացման, արձագանքն են: Առջեւի խմբի առաջատար դերն աստիճանաբար դուրս է մղվում հետեւի խմբի կողմից, որտեղ ակտիվանում է ռիթմիկ գծանկարը եւ դեպի վեր ընդլայնվում հնչողության ծավալը:
50-ամյա Արամ Ղարաբեկյանի գեղարվեստական ճաշակն ու պրոֆեսիոնալիզմը Թ. Թաքեմիցուիՙ ճապոնական արդի երաժշտության այդ համաշխարհային խորհրդանշանի ստեղծագործության պրեմիերան իսկական իրադարձություն դարձրին Հայաստանի համար: Ուզում ենք հուսալ, որ մեր առաջադեմ դիրիժորն ուրիշ անգամներ էլ կկատարի այն:
Այդ նշանակալի համերգի ծրագիրը եզրափակած Ռիխարդ Վագների փոքր նվագախմբի համար գրած «Զիգֆրիդ-Իդիլիան» (1870), ինչպես ասվեց, գտնվում է Ղարաբեկյանի եւ նրա նվագախմբի գեղարվեստական հետաքրքրությունների կիզակետում: Զիգֆրիդ որդու ծննդյան առթիվ համանուն օպերայի վրա աշխատելու ժամանակաշրջանում Վագների գրած ստեղծագործությունը հագեցված է պոլիֆոնիկ կերպով ծորացող մելոդիկ հոսքերի էներգիայով: Վագների այսպես կոչված «անվերջ մեղեդու» սկզբունքը, որը հետագայում ժառանգեցին Գ. Մալերը, Ա. Շյոնբերգը, Ռ. Շտրաուսը, Դ. Շոստակովիչը, Ա. Շնիտկեն, կատարողից պահանջում էր երկարատեւ, անվերջանալի շնչառություն եւ մշտական արտահայտչականություն:
Հայաստանի կամերային նվագախմբի հիանալի երաժիշտները գերազանց կատարեցին գեղարվեստական խնդիրը, ունկնդիրներին ըստ արժանվույն ներկայացնելով Վագների հայտնի գլուխգործոցը: Հոգեբանականի եւ նկարագրականի (անտառի պատկերներ) ներդաշնակությունը ձեւավորում է քնարերգության առանձնահատուկ գեղեցկություն: Դրա բնույթի ճշմարտացի վերարտադրման համար կատարողներին անհրաժեշտ է հոգեկան հավասարակշռություն, եւ դիրիժորը նրանց օգնեց այդ հարցում:
Ղարաբեկյանի ղեկավարած նվագախումբը (հիմնական կազմին գումարվեցին ՀՖՆ լարայիններն ու փողայինները) նվագեց միաձույլ եւ մեկ շնչով, օգտագործելով երաժշտական արտահայտչականության վերելքներն ու անկումները: Փողայինների խումբը պարզապես անճանաչելի էր դարձել. հնչողությունը մեղմ էր, ճշգրիտ եւ կուռ: Վագների «Զիգֆրիդ-Իդիլիայի» ոգեշունչ կատարումը նմանվում էր ազատ երաժշտական երեւակայության, որն ընդգրկում էր դահլիճի բոլոր ապրումակից մարդկանց:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր