«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2005-12-02 | #221, 2005-12-03 | #222, 2005-12-06


ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐՕՐՅԱ ԴԱՍԵՐԸ

Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակին էր նվիրված Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում երեկ տեղի ունեցած միջազգային գիտաժողովը, որտեղ բազմակողմանիորեն ներկայացվեց հայոց մեծանուն արքայի պետական քաղաքական ռազմավարության ահռելի նշանակությունըՙ հիմնվելով ոչ միայն հայ պատմագրության, այլեւ օտար սկզբնաղբյուրների վրա: Զեկուցումներ կարդացին Նավասարդ եպս. Կճոյանը («Տիգրան Մեծը որպես ազգային քրիստոնեական հիմնարար արժեքային համակարգի մաս»), Հայկ Հակոբյանը («Տիգրան Մեծի անձի ու գործի պատմական նշանակությունը), Բաբկեն Հարությունյանը («Տիգրան Մեծի տերությունը»), Նիկոլայ Հովհաննիսյանը («Տիգրան Մեծը եւ հայկական կայսրությունը արաբական պատմագիտության մեջ»), Էդուարդ Դանիելյանը («Տիգրան Մեծի պետական քաղաքական ռազմավարությունը»), Ալբերտ Մուշեղյանը («Տիգրան Մեծն ըստ Խորենացու եւ Պլուտարքոսի հայ եւ օտար սկզբնաղբյուրների խորապատկերի վրա») եւ ուրիշներ:

«Հին Հայաստանը որպես «ազգային պետություն» զեկուցմամբ հանդես եկավ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանըՙ Տիգրան Մեծի տերության հզորության եւ ռազմական հաջողությունների պատճառները փնտրելով ոչ միայն հին Հայաստանի տնտեսական առաջընթացի ու զինված ուժերի բնագավառներում, այլեւ հայ ժողովրդի ազգային բարձր ինքնագիտակցության եւ ինքնության ու դրանցից բխող պետական համակարգի առանձնահատուկ արդյունավետության մեջ: «Հին Հայաստանում առկա էին եվրոպական ազգայնականությանը բնորոշ կարեւոր տարրերից շատերը, այդ թվումՙ ազգային ինքնագիտակցությունը, մայրենի լեզվի պաշտամունքը, հայրենիքի եւ ազգի գաղափարները: 4-5-րդ դարերում գրավոր արձանագրված հայ զինվորականության արժեհամակարգն իր դրույթներով ու առաջնահերթությամբ հանդերձ խիստ արտասովոր երեւույթ է հին եւ միջին դարերի համար: Հայ զինվորականը երդվում էր անձնուրաց ծառայել Հայաստան երկրին ու թագավորությանը (պետությանը), ամբողջ ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիրՙ անկախ նրանց սոցիալական ծագումից ու դիրքից: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում նորովիՙ ժամանակակից տեսությունների կիզակետի միջով քննելու հայկական եւ օտար աղբյուրներում հին Հայաստանի ժողովրդի մասին եղած հաղորդումները, որոնց յուրաքանչյուր բառը պարունակում է արժեքավոր տեղեկություն», ասաց նա:

Ամփոփելով իր խոսքը Այվազյանը նշեց, որ Արշակունյաց ժամանակաշրջանում, գուցե նաեւ ավելի վաղ եւ ուշ շրջաններում, հայոց միացյալ բանակն ունեցել է 2 հոմանիշային անվանումՙ «հայոց գունդ» եւ «Հայաստան գունդ» կամ համառոտաբար Հայաստան: Առաջին անունն ընդգծում էր բոլոր հայերի միասնականությունն ու ազգային համերաշխությունը, երկրորդըՙ շեշտում նրանց ամուր կապվածությունը Հայաստան աշխարհին, երկրին, թագավորությանը: Նա եզրակացնում է, որ ամենաուշը Ք.ա վերջին եւ Ք.հ առաջին դարերում արդեն իրականություն է եղել հայկական ազգային պետությունը, կատարելապես ինքնագիտակից հայ ազգ, որը 16-20-րդ դարերում գոյություն ունեցած եվրոպական մի շարք ազգերի նման «կառավարվում էր այնպիսի պետության կողմից, որի իշխանությունը համընկնում է ազգի սահմանների հետ»: Հայկական ինքնության առաջին եւ ամենակարծր շերտերը շարունակաբար ամրացրել են հայոց լեզուն եւ հայկական պետությունը, հատկապես զինված ուժերը:

Այսօր գիտաժողովն աշխատանքը կշարունակի Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատանը, որտեղ բազմաթիվ զեկուցումներ կլսվեն Տիգրան Մեծի ռազմադիվանագիտական գործունեության, արտաքին քաղաքականության, աշխարհակալ տերության գաղափարաբանական հայեցակարգի, նրա օրոք ստեղծված եւ մեզ հասած գրավոր ժառանգության, նրա գրական կերպարի եւ այլ հարցերի մասին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4