«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2005-12-02 | #221, 2005-12-03 | #222, 2005-12-06


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում վստահ ելույթներն է շարունակում Լեւոն Արոնյանը, որն իր վարպետությամբ պարզապես հիացնում է: Լեւոնն իրոք անկասելի է: Նախորդ երկու տուրերում բոլոր չորս պարտիաներն էլ ավարտելով իր օգտին, Արոնյանը վստահորեն հաղթահարել էր մրցաշարի առաջին երկու փուլերը: Նրա հերթական մրցակիցն ուկրաինացի շախմատիստ Ալեքսանդր Արեշչենկոն էր, որը բավական բարձր վարկանիշ ունի (2653): Լեւոնը հիանալի անցկացրեց նաեւ հերթական մրցախաղը: Առաջին պարտիայում հայ շախմատիստը սպիտակներով պարտության մատնեց մրցակցինՙ տոնելով մրցաշարում 5-րդ անընդմեջ հաղթանակը: Մրցաշարի 128 մասնակիցներից եւ ոչ մեկին չէր հաջողվել նման հիանալի հաղթական շարք տոնել: Սա վկայում է Լեւոն Արոնյանի բարձր վարպետության մասին, եւ պատահական չէ, որ հայ շախմատիստն իր վարկանիշով (2724) ներկայումս էլիտար գրոսմայստերների շարքում է:

Արեշչենկոյի հետ առաջին պարտիայում տոնած հաղթանակը մեծ վստահություն էր հաղորդել Արոնյանին: 2-րդ պարտիայում նա սեւերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՙ մրցաշարում առաջին կես միավորը կորցնելով: Այսպիսով, Լեւոն Արոնյանը մտավ 1/8 եզրափակիչ: Այդ փուլում Արոնյանի մրցակիցը կորոշվի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ուկրաինացի Զախար Եֆիմենկոյի մրցավեճում: Նրանց միջեւ կայացած երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի, եւ այժմ ուղեգրի բախտը կվճռեն լրացուցիչ մրցախաղերը: Ընդհանրապես շատ կարեւոր է, որ առայժմ Լեւոն Արոնյանին հարկ չի լինում լրացուցիչ մրցախաղեր անցկացնել: Հայ գրոսմայստերը երկու պարտիաներից հետո մեկ օր հանգստանալու եւ հաջորդ մրցակցի հետ հանդիպմանը նախապատրաստվելու հնարավորություն է ունենում:

Ընդհանրապես, որքան պայքարը մոտենում է ավարտին, այնքան լրացուցիչ մրցախաղերի թիվն աճում է: 1/16 եզրափակիչում 16 պարտիաներից միայն 5-ում հաջորդ փուլի ուղեգրերի բախտը վճռվեց այսպես կոչված «հիմնական» ժամանակում: Ընդ որում, միայն Ռուսլան Պոնոմարյովին եւ Կոնստանտին Սակաեւին հաջողվեց 2 պարտիաներում էլ հաղթել մրցակիցներինՙ համապատասխանաբար Հու Յունին ու Սերգեյ Տիվյակովին: Միեւնույն 1,5-0,5 հաշվով Միխայիլ Գուրեւիչը պարտության մատնեց Ալեքսեյ Շիրովին, իսկ Վլադիմիր Մալախովն առավելության հասավ Իվան Սոկոլովի նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4