Ճապոնական Օսակա քաղաքում ավարտված Գրան պրիի ավարտականՙ 6-րդ փուլում հիանալի հանդես եկավ Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան հայաստանյան պարային զույգը: Մեր գեղասահորդներն ընդհանուր հաշվարկով 11 մասնակիցների մեջ գրավեցին պատվավոր 3-րդ տեղըՙ դառնալով մրցանակակիրներ: Հիշեցնենք, որ առաջին մրցաձեւից հետո մեր պարային զույգը 29,03 միավորով ընթանում էր 6-րդ տեղում: Երկրորդՙ օրիգինալ պարի կատարումից հետո մեր գեղասահորդները տեղափոխվեցին 3-րդ հորիզոնական: Նրանք վստահ հանդես եկան նաեւ մրցումների ավարտական օրըՙ պահպանելով իրենց տեղը մրցանակային եռյակում:
Այսպիսով, Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը 162,64 միավորով դարձավ Գրան պրիի 3-րդ մրցանակակիր: Իսկ հաղթող ճանաչվեցին Մարիա Դյուբրեյն ու Պատրիկ Լոզոնը (Կանադա): 2-րդ մրցանակակիր դարձավ Ալբենա Դենկովա-Մաքսիմ Ստավիյսկի բուլղարական զույգը:
Տղամարդկանց մենասահքում հաղթողի կոչմանն արժանացավ ճապոնացի Օդան: Կանանց մենասահքի մրցումներում լավագույնը ճապոնուհի Նականոն էր: Սպորտային զույգերի մրցավեճում ուժեղագույն ճանաչվեցին չին գեղասահորդներ Դան Չժանն ու Գաո Չժանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ