«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2005-12-02 | #221, 2005-12-03 | #222, 2005-12-06


ՉՎԵՐԹԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

Տեղադրվելիք նոր համակարգը նման մառախուղի դեպքում չի ապահովի անխափան աշխատանք

Դեկտեմբերի 2-ի երեկոյան Երեւանում որոշ հատվածներում մառախուղ էր: Այդ պատճառով խնդիրներ էին առաջացել ոչ միայն երթեւեկության, այլեւ «Զվարթնոց» օդանավակայանում օդանավերի թռիչքների եւ վայրէջքների առնչությամբ: Համաձայն Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրության, անբարենպաստ եղանակի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանի դեկտեմբերի 3-ին հետաձգվել է 5, դեկտեմբերի 4-ինՙ 4 չվերթ: Դեկտեմբերի 5-ին օդանավակայանում վայրէջքներ չեն եղել, իսկ թռիչքներն իրականացվել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանից:

ՔԱԳՎ մամլո հաղորդագրության տեղեկացմամբ, դեկտեմբերի 4-ին «Շիրակ» օդանավակայանից կատարվել է 9 թռիչքՙ հիմնականում «Արմավիա» ընկերության, եւ 9 վայրէջք: Ինչպես տեղեկացանք օդանավակայանից, ուղեւորների հաշվառումը շարունակվում է «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետեւ մարդիկ տեղափոխվում են Գյումրի, որտեղ «Շիրակ» օդանավակայանից իրականացվում են թռիչքներ:

Ինչպես հավաստիացնում է ՔԱ գլխավոր վարչությունը, ավիաընկերությունների կողմից կազմակերպվող ուղեւորների հանգստի անվտանգության եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայան տեղափոխման խնդիրները գտնվում են վարչության հսկողության տակ:

Ինչ վերաբերում է այն խնդրին, թե ինչու «Զվարթնոց» օդանավակայանում գործող աերոնավիգացիոն համակարգը չի կարողանում սպասարկել նման իրավիճակում, մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Աերոնավիգացիա» ընկերությունը «ԹԱԼԵՍ» եվրոպական ընկերության հետ համատեղ մինչեւ դեկտեմբերի 20-ը ներդնելու է աերոնավիգացիոն ILS/DME կոչվող վայրէջքային սարքավորումների նոր համակարգ, որի դեպքում «Զվարթնոց» օդանավակայանը կարող է համարվել 3-րդ կարգի, այսինքնՙ ամենաբարձր:

Չնայած, հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 20-ից «Զվարթնոց» օդանավակայանը կունենա աերոնավիգացիոն նոր սարքավորումների համակարգ, բայց դա եւս եղանակի նման պայմաններում չի կարող ապահովել օդանավի վայրէջքը ցածր տեսանելիության պատճառով: Ստացվում է, որ ներդրված նոր համակարգը եւս հնարավորություն չի տա, ըստ հաղորդագրության, 10 տարին մեկ պատահող նման եղանակի դեպքում ապահովելու Երեւանի միակ օդանավակայանի անխափան աշխատանքը:

Այստեղ ամեն դեպքում բաց է մնում այն հարցը, թե ի վերջո եղանակային պայմաննե՞րն են այդքան սարսափելի, թե՞ ավիացիոն ոլորտում գործող ընկերությունների աշխատանքներն է անբավարար, որից տուժում են ուղեւորներըՙ ոչ միայն ժամանակ կորցնելով, այլեւ ոչ անհրաժեշտ տեղում հայտնվելով: Թերեւս Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարած ուղեւորները, ի նմանություն այնտեղից թռիչքի պատրաստվողների, ապահովվում են ավտոբուսներով եւ հասցվում են Երեւան:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4