«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2005-12-02 | #221, 2005-12-03 | #222, 2005-12-06


ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՈՐՈՇ ԵՆ

Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պետական այցով մեկնեց Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե: Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Եգիպտոսում կանցկացնի 4 օր: Վարչապետը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին, կհանդիպի իր պաշտոնակցի եւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ ունեցած կարճատեւ հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ քաղաքական սուր ու կնճռոտ հարցեր երկու երկրների միջեւ չկան, եւ քննարկվող հարցերը կլինեն տնտեսական բնույթի: Կստորագրվի 5-6 համաձայնագիր, պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տնտեսական ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ: Ինսուլին արտադրող համատեղ ձեռնարկություն հիմնելու կոնկրետ ծրագրի շուրջը կհստակեցվեն ժամկետները: Վարչապետը տեղեկացրեց, որ երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի համաձայն, սկզբնական շրջանում Հայաստանում ինսուլինը կփաթեթավորվի, հետո կլցվի, այնուհետեւ կարտադրվի: Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները փոքր ենՙ մի քանի միլիոն դոլարի, սակայն այս այցից վարչապետը դրա վերաբերյալ լուրջ ակնկալիքներ չունի:

Պատեհ առիթը բաց չթողնելով, լրագրողները փորձեցին ստանալ վերջին շրջանում հաճախ շրջանառվող գազի թանկացման մասին լուրերի պաշտոնական մեկնաբանությունները: Անդրանիկ Մարգարյանը խոստովանեց, որ ռուսական կողմի հայտարարությունն իր համար անակնկալ էր: Հայաստանի վարչապետը հուսով է, որ ռուսական կողմը առաջիկա 2 տարում սակագները չփոփոխելու նախնական պայմանավորվածության տերը կլինի: Հարցն առավել հստակ կդառնա առաջիկայում կայանալիք Քոչարյան-Պուտին հանդիպումից հետո: Սակայն Անդրանիկ Մարգարյանը խոստանում է, որ կառավարությունն ամեն ինչ կանի թանկացումից խուսափելու համար կամ կփորձի մեղմել սակագնի հնարավոր աճը:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4