ՄՈՍԿՎԱ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի հարավային շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել է ՀՀ քաղաքացու սպանության փաստով: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», հանցագործությունը կատարվել է «Բորիսովսկիե պրուդի» փողոցի բնակելի շենքերից մեկում: «Հայաստանի քաղաքացի Լեւ Կարապետյանի մարմնի վրա հայտնաբերվել են սուր առարկայով հասցված բազմաթիվ վնասվածքներ: Դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ, այդ թվում նաեւ կենցաղային պատճառներ», պատմել է դատախազության ներկայացուցիչը: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Կատարվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում սպանվել էր հայաստանցի գործարար Արմեն Եղիազարյանը: Գործարարին գնդակահարել էին Ստրոգինի պողոտայի թիվ 7 տան մուտքի մոտ, ժամը 12:30-ին: Պատահարի վայրում միլիցիայի աշխատակիցները հայտնաբերել էին Մակարովի ատրճանակից արձակած 6 պարկուճ: Ոճրագործները հեռացել են «ԲՄՎ» մակնիշի սեւ ավտոմեքենայով: