ՊՅԱՏԻԳՈՐՍԿ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստավրոպոլի երկրամասում քրեական գործ է հարուցվել 14 հայկական գերեզմանների պղծման փաստով: Ինչպես այսօր ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել է երկրամասի Շպակովսկոյեի շրջանի դատախազ Ալեքսանդր Բեսեդինը, գործը հարուցվել է ՌԴ-ի քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով (հանգուցյալների դիակների եւ նրանց թաղման վայրերի անարգում) եւ հետաքննության համար ուղարկվել է ներքին գործերի մարմիններ:
Լույս դեկտեմբերի 6-ի գիշերը Նադեժդա գյուղի գերեզմանոցում չբացահայտված հանցագործները պղծել եւ քանդել են հայազգի անձանց 14 գերեզման: Բարբարոսները շուռ են տվել եւ ջարդել մի քանի տապանաքար, հուշարձանների մի մասի վրա լցվել է անհայտ հեղուկՙ ենթադրաբար թթու, պատմել է Բեսեդինը:
«Որպես հանցագործության վարկած մենք դիտարկում ենք խուլիգանական գործողությունները, ինչպես նաեւ ազգամիջյան երկպառակություն սերմանելու փորձը: Բացառված չէ, որ չարագործները գերեզմաններն ավերել են ազգային ատելության հողի վրա», ասել է դատախազը:
Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի երկրամասի բաժանմունքի գործադիր տնօրեն Էդուարդ Քոնդյանը դատապարտել է վանդալների արարքը եւ հիշեցրել, որ, ընթացիկ տարվա նոյեմբերի լույս 21-ի գիշերն անհայտ հանցագործները հրկիզող խառնուրդով շիշ են նետել Պյատիգորսկի քաղաքային հայկական ազգային-մշակութային ինքնավարության շենքի երկրորդ հարկի պատուհանին: