Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի շնորհանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ «Ռոսառ» ռուս-հայկական միջռեգիոնալ համագործակցության կենտրոնը: Ֆիլմի ռեժիսորն է փիլիսոփա, սցենարիստ եւ պրոդյուսեր Բորիս Հայրապետյանը, որը փորձել է ֆիլմում վերծանել օպերայի դժվարագույն ժանրը` փորձելով համադրել երաժշտաերգեցողական արվեստը կինեմատոգրաֆիայի հետ եւ վերականգնելով ֆիլմ-օպերայի ժանրի ցուցադրումը 20 տարվա ընդմիջումից հետո: Ֆիլմը ստեղծվել է Հասմիկ Պապյանի, Գեղամ Գրիգորյանի եւ Վարդուհի Խաչատրյանի մասնակցությամբ:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բորիս Հայրապետյանը նշեց, որ ուղիղ 2 ժամ տեւողությամբ «Նորմա» կինոնկարը, որը «փուլային է ռուսական կինոյի համար», ձանձրալի չէ եւ, կարելի է ասել, հաջողվել է: Թեպետ վերջինս կարծում է, որ օպերայի աշխարհում «Նորման» համարվում է շատ բարդ` թե՛ երաժշտության եւ թե՛ բեմադրության տեսանկյունից:
Մշակույթի գործիչների համահայկական լիգայի նախագահ Դավիթ Ղազարյանի խոսքերով, նոյեմբերի 12-ին Մոսկվայի կինոյի տան մեծ դահլիճում ցուցադրվել է «Նորման» եւ արժանացել է հիացմունքի:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2003 թ., որին մասնակցել են Ռուսաստանի մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի ֆեդերալ գործակալությունը եւ «Էյ Բի Էյ» ստուդիան` Բորիս Հայրապետյանի ղեկավարությամբ: Նշենք, որ Բորիս Հայրապետյանը 2001 թ. հրավիրվել եւ Հայաստանում, օպերայի բեմում բեմադրել է «Նորմա» օպերան: Հավանաբար օպերան ֆիլմի վերածելու գաղափարը ծնվել է այդ ժամանակ: Ուշագրավ է, որ ֆիլմը նկարահանվել է Հայաստանի պատմական վայրերում եւ պատմական արժեք ներկայացնող կոթողների մոտ` Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում, սակայն համարվում է ռուսական արտադրության: (Ի դեպ, ֆիլմի բոլոր DVD վարձակալության իրավունքները պատկանում են միայն հոլիվուդյան «Universal» ընկերությանը): «Շատ չեմ կեղծել, որ Հայաստանում եմ նկարել ֆիլմը, կարծում եմ, համոզիչ է ստացվել», ասաց ռեժիսորը եւ հավելեց, որ ֆիլմը Հայաստանում են նկարել ոչ թե դրսում նկարահանելու հնարավորություն չունենալու պատճառով, այլ դա գալիս է ֆիլմի կոնցեպցիայից, հայ եւ իտալացի ժողովուրդների ճակատագրերի նմանությունից: Որքան գումար է ծախսվել ֆիլմի նկարահանման համար հարցին ռեժիսորը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ տեխնիկական շտկումների եւ ֆիլմը հեռուստատեսային եւ DVD ֆորմատի վերածելու համար դեռ անհրաժեշտ է բավականաչափ գումար:
Դավիթ Ղազարյանը հայտնեց, որ ֆիլմն արժանացել է ԱՄՆ-ի մոտ 30 հեռուստաընկերությունների ուշադրությանը, բացի այդ այժմ աշխարհի 28 երկրներ ֆիլմի ցուցադրման համար հայտ են ներկայացրել:
Նշենք, որ 2 գործողությամբ «Նորմա» լիրիկական տրագիկոմեդիան առաջին անգամ ներկայացվել է 1831 թ. դեկտեմբերի 26-ին Միլանում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ