Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նոյեմբերի 26-ին Բրազիլիայի Սան Ժոզե դու Ռիու Պրետու քաղաքում տեղի է ունեցել «Արմենիա» հրապարակի հիմնադրման արարողությունը, որին մասնակցել են քաղաքային իշխանությունների եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: Սան Պաուլու նահանգում գտնվող հիշյալ քաղաքը ունի 400 հազարից ավելի բնակիչ, իսկ հայերի թիվը մոտ 350 է: Հայկական համայնքի անունից ելույթ ունեցած պրոֆեսոր Արիս Գույումջյանը երախտագիտություն է հայտնել քաղաքային իշխանություններին հայերի անունը ներկա եւ գալիք ժամանակներում հավերժացնելու համար: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն էլ իրենց խոսքում բարձր են գնահատել 1928 թ.-ից ի վեր Սան Ժոզեում հաստատված հայերի ներդրումը քաղաքի զարգացման գործում, ինչպես նաեւ դատապարտել են անցած դարասկզբին հայերի նկատմամբ թուրքական կառավարության իրագործած ցեղասպանությունը: