«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2005-12-06 | #223, 2005-12-07 | #224, 2005-12-08


ԱՊՈՖԻՍ ԱՍՏՂԱԿԵՐՊԸ ԹՌՉՈՒՄ Է ԴԵՊԻ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ

Աշխարհի գիտնականները համակ ուշադրությամբ հետեւում են 390 մ տրամագծով փոքր մոլորակին, որը, փորձագիտական եզրակացությունների համաձայն, 2029 թվականին կարող է բախվել երկրին: «Ապոֆիս»` եգիպտական դիցաբանության մեջ խավարի ու ավերածությունների խորհրդանիշ չար ոգու անունով են կոչել գիտնականները նրան: Տիեզերքից սպառնացող այս աղետը կարող է հիմնովին կործանել մոլորակը:

NASA-ի փորձագետների գնահատմամբ, Ապոֆիսի` երկրին բախվելու դեպքում 100 հազար անգամ ավելի շատ էներգիա կանջատվի, քան Հիրոսիմայում ատոմային ռումբի պայթյունի ժամանակ: Հարվածային ալիքի անմիջական ազդեցության գոտում կհայտնվեն հազարավոր քառակուսի կիլոմետրեր, իսկ մոլորակի մնացած հատվածը կծածկվի փոշու ամպերով:

Ինչպես հայտնում է Newsru-ն, անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում կայացած միջազգային համաժողովում փորձագետ Անդրեա Կարուզին հայտարարել է, որ բոլոր պետությունների կառավարությունները շտապ պետք է վճռական միջոցառումներ ձեռնարկելու որոշում ընդունեն, որպեսզի հնարավոր լինի գոնե մեղմացնել բախման ուժգնությունը:

Բելֆաստի թագավորական համալսարանի աստղագետ Ալան Ֆիտցսիմոնսը, այնուամենայնիվ, հաշվարկել է, որ 2029 թվականի ապրիլի 13-ին, երբ աստղակերպը կբախվի երկրին, հարվածը կարող է փոխել հենց աստղակերպի ուղեծիրը: Ապոֆիսը կարող է վերադառնալ նախկին դիրքին եւ նոր բախման սպառնալիքը կհետաձգվի մինչեւ 2036 թվական: Սակայն գիտնականներն այս կանխատեսման հավանականությունը խիստ կասկածելի են համարում:

Եվրոպական տիեզերական գործակալության առաջատար մասնագետները աստղակերպը հետ մղելու կամ բախման ուժը մեղմացնելու տասնյակ առաջարկներ են անում: Ոմանք նույնիսկ այնպիսի վտանգավոր ուղի են նշում, ինչպիսին ատոմային տիեզերանավի միջոցով աստղակերպի ոչնչացումն է: Գործակալությունը 2 գիտական արշավախմբերի միջոցով ծրագրում է պարզապես տիեզերանավով հարվածել Ապոֆիսին եւ փոխել նրա շարժման ուղեծիրը:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4