Ղարաբաղյան կարգավորման լավագույն գիտակներից Վլադիմիր Կազիմիրովը, որը 1992-96 թթ. եղել է կարգավորման հարցում ռուսական միջնորդական առաքելության ղեկավարը, «Ազգին» ուղարկած հոդվածում գրում է. «Կարեւոր է, որ որոշ հայեր հաղթահարեն հաղթողի գոռոզությունը, իսկ ադրբեջանցիներըՙ փոխվրեժի ծարավը: Նայեք ավելի խորը եւ լայն: Ակնհայտ է ողբերգական «ոչ ոքին»: Նախիջեւանում չեն մնացել հայեր, Լեռնային Ղարաբաղումՙ ադրբեջանցիներ»:
Ղարաբաղյան կարգավորման համար 2006 թ. համարելով ճշմարտության պահը, Կազիմիրովը նշում է, որ գլխավոր խոչընդոտը կողմերի անչափ կոշտ դիրքորոշումն է: «Հակամարտության հիմնական պատճառը եւ գլխավոր վիճելի խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է: Կա դրա լուծման ընդամենը երեք ճանապարհՙ երկուսն ուժային («ամեն գնով» կամ հաղթողի «իրավունքով») եւ մեկը` ողջամիտ, քաղաքակիրթ: Կարեւոր է կտրականապես մերժել երկու ուժային մոտեցումները: Այս հակամարտության լուծումն ընդունելի է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտման միջոցով»:
Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը, որը նա կարդացել է նոյեմբերի 29-ին Երեւանում կայացած «Հայաստան-Ռուսաստան. հայացք ապագային, համագործակցության տեխնոլոգիաները» համաժողովում, ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգի» կայքէջի ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում: