Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկի ելած 128 շախմատիստներից այսօր պայքարը շարունակում են ընդամենը 16-ը: Ընդ որում, նրանցից 8-ը մտել են քառորդ եզրափակիչ եւ պայքարում են հաջորդ փուլ դուրս գալու համար, իսկ մյուս 8 շախմատիստները բազմափուլ մրցաշարում պետք է որոշեն 9-16-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին: Նշենք, որ քառորդ եզրափակիչում անհաջողության մատնված չորս շախմատիստները նույն սկզբունքով շարունակելու են պայքարը 5-8-րդ տեղերի համար:
Քառորդ եզրափակիչում ութ շախմատիստներից երեքը ներկայացնում են Ռուսաստանը, մեկական ներկայացուցիչ ունեն Հայաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Բելառուսը եւ Իսրայելը: Լեւոն Արոնյանը Միխայիլ Գուրեւիչի հետ առաջին պարտիայում, որում խաղում էր սպիտակներով, խաղաղ դաշն կնքեց: Այսպիսով, Լեւոնը շարունակում է իր անպարտելի խաղերի շարքը մրցաշարում: Աշխարհի գավաթի խաղարկությունում անցկացրած 11 հանդիպումներում Լեւոնը տոնել է 6 հաղթանակ, 5 պարտիա ավարտել է ոչ-ոքի: Իրոք որ հիանալի արդյունք է: Քառորդ եզրափակիչի 4 մրցախաղերից միայն մեկն արդյունավետ ելք ունեցավ: Բորիս Գելֆանդը սպիտակներով պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին: Նշենք, որ Գելֆանդը քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար ստիպված էր նախորդ փուլում 6 հանդիպում անցկացնել Ալեքսեյ Դրեեւի հետ:
Մյուս երկու պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Սերգեյ Ռուբլյովսկին սպիտակներով չկարողացավ հաղթել Էթիեն Բաքրոյին: Նույնպիսի ելք ունեցավ նաեւ Եվգենի Բարեեւի մրցավեճը Ռուսլան Պոնոմարյովի հետ:
9-16-րդ տեղերի համար մրցավեճում ԱՄՆ-ում բնակվող Գատա Կամսկին սպիտակներով պարտության մատնեց Կոնստանտին Սակաեւին, Մալախովը հաղթեց Դրեեւին: Ոչ-ոքի ավարտ ունեցան Մագնուս Կառլսեն-Ժոյել Լոթյե, Ֆրանսիսկո Վալյեխո-Լյուկ վան Վելի պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ