Եվ այսպես` արեւմտյան տարածաշրջանային քաղտեխնոլոգները ուղղակի եւ անուղղակի մեր ընդդիմությանը հասկացնում են, որ առայժմ որեւէ գունավոր հեղափոխության Հայաստանում չեն նպաստի: Այս փաստը տեղի է է ունենում անկախ ընդդիմության եւ իշխանության` բնակչության շրջանում ունեցած վստահության չափաբաժնից: Սովորական, բոլոր հանգուցային ժամանակներին ներհատուկ կոմբինացիաներ են` այս պահին (եւ միշտ) տարածաշրջանի երեք խումբ մեծ խաղացողներին հետաքրքրում է միայն ու միայն տնտեսաքաղաքական շահը: Լյուբլյանայում Հայաստանին եւ Ադրբեջանին փոխանցված ղարաբաղյան կարգավորման «նոր» փաթեթին կարելի է նայել հենց այս տեսանկյունից: Այս իմաստով արժե, որ մեր ընդդիմությունն ու իշխանությունը ժամանակավոր զինադադար կնքեն եւ մտածելու թայմ-աութ վերցնեն, քանզի առաջինը հավաքներ ու հանրահավաքներ գումարելով, երկրորդն անընդհատ ջանքեր գործադրելով ի չիք դարձնելու ընդդիմության ստեղծած լարվածությունը (պատճառները, նկատեք, գուցեեւ արդարացի են)` հընթացս չեն հասցնում կենտրոնանալ եւ շատ ավելի ուշադիր հետեւել այս պահի արտաքին քաղաքական զարգացումներին, չի բացառվում` բաց թողնելով շատ կարեւոր եւ առաջին հայացքից աննշան թվացող մանրամասներ: Բայց ընդդիմության բարձրաձայն պլանները հուշում են, որ նա ուզում է ռետինի նման ձգել հանրահավաքային գործելակերպը` մինչեւ կտրվելը:
Ներկա ընդդիմությունը զարմանում է, որ ժողովուրդն իր հանրահավաքներին չի գալիս` պատճառ համարելով, թե շրջաններից չեն թողնում: Մինչդեռ Երեւանը երկրի կեսն է, ու այնտեղ է հենց ժողովրդի քաղաքականացված մասը: Եվ եթե չեն գալիս, վատ են ապրում ու չեն գալիս` պատճառը հենց դրա տակ պետք է փնտրել, ինչուի պատասխանը գտնել: Մտնել էս ժողովրդի կաշվի մեջ ու հետ գնալ 88 թիվ` էն ժամանակի ազգային պոռթկման երանելի մասշտաբները հիշելով: Ի՞նչ ստացավ ժողովուրդը 18 տարում, որ էլի գա հրապարակ: Իր պաշտելի «տղաները», տեսավ, կամաց-կամաց, տարի-տարի` ի՞նչ բերեցին իր գլխին. ով եկավ` հարստացավ, ինքը մնաց քամակը բաց: Ում անունը տվեց` հետո ափսոսաց դրա համար: Ժողովուրդն էլ է, չէ՞, կոնկրետ ժամանակի մեջ, քանի սերունդն ապրում եւ հիշում է` փորձ է ձեռքբերում: Հարթակին կանգնածներից ո՞ւմ չի ճանաչում, ո՞վ լուսապսակ ունի. մի երկու անուն կա, որոնցից ակնածում է (ասենք, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյան, Վազգեն Մանուկյան), էն էլ շփոթվում է` տեսնելով նրանց ուրիշների կողքին, որոնք պաշտոնյա լինելով բոլորովին չեն տարբերվել ներկա փողատերերից: Մտածում է` ինչո՞ւ անսա էդ անհասկանալի խառնակույտի կանչին: Ու սպասում է` մինչեւ դաշտը բյուրեղանա, մինչեւ իր վատ ապրելուն զուգահեռ` հարթակն ազատվի բոլոր ժամանակների աթոռապաշտներից` 18 տարվա հիշողությունն ուզում եք ջնջե՞լ:
Մեր ընթերցողներից մեկն էր շատ լավ ամփոփել մեծամասնության միտքը. գրել էր` դաշտը լղոզվել է, չգիտես ով ով է, ոնց որ աբսուրդի թատրոն: Էլ չասած, որ իշխանության մեջ էլ ամենեւին ոչ բոլորն են «գողեր եւ թալանչիներ», կան նաեւ պարկեշտ մարդիկ, ում կողքին ժողովուրդը կկանգնի: Այնպես որ` նժարահավասարի զույգ նիշերը դեռ երկար կտատանվեն` մինչեւ մի գծի գան, Նոր տարին էլ մոտ է. երկու կողմն էլ կձմեռեն եւ կհավաքեն ուժերը. հիշո՞ւմ եք` քանի տարի թերթերը գրում են «թեժ» գարնան ու աշնան մասին`«պերեժիվյոմ»: Գրել ենք արդեն, որ այս պատկերով ո՛չ ընդդիմությունը շանս ունի մնալու, ո՛չ էլ իշխանությունը. երկուսն էլ մեծ փոփոխությունների շեմին են: Եվ արդեն դրանք նկատվում են. ընդդիմության մեջ կարծես լիդերների փոխատեղություն է սկսվել, իշխանական կոալիցիայում էլ տրամադրությունները միանշանակ չեն. ով շուտ վերադասավորի ուժերը եւ ձմեռելուց հետո հունվարի վերջերին վերադառնա մի փոքր նորացված կերպարով` նա էլ կթելադրի արդեն նոր խաղի կանոնները: Թե չէ արդեն անցյալ դարձող հանրաքվեով քաղաքական գործընթացի հանգող խարույկը բորբոքելը անհեռանկար գործ է, եւ ընդդիմության լիդերների մեջ կան այնպիսիք, որ դա հասկանում են: Ավելի խելամիտ կլինի` նստել եւ վերլուծել տարածաշրջան եւ Հայաստան եկող-գնացող մեծ խաղացողների ներկայացուցիչների այցերի մանրամասներն ու բուն նպատակները, փակ եւ ինքնամաքրող նիստեր անել, հասկանալ` մենք ի՞նչ ենք ուզում, ուրիշները մեզնից ինչ են ուզում, եւ ժամանակին հայտնաբերել արտաքին քաղաքական ճնշումներին դիմակայելու եղանակները: Այսինքն` գնալ ձմեռելու: Իսկ ընդդիմության եւ իշխանության միջեւ արդեն մի քանի տարի չլուծված հարցերը կրկին որոշ ժամանակ ռեզերվացնել` մինչեւ վերջնական հասունացում, քանի որ փորձը ցույց տվեց, որ հանրաքվեի նման առիթը սխալ էր որպես իշխանափոխության առիթ դիտարկելը. մի պահ հետ նայենք, չէ՞ որ եղել է նման առիթ, բայց իշխանափոխություն անցյալում կատարվել է բոլորովին այլ պատճառով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ