Հունվարի 1-ից կարգելվի հեղուկ վառելիքի շրջիկ վաճառքը
2006 թվականի հունվարի 1-ից Երեւանում կարգելվի շրջիկ կամ շարժական փոխադրամիջոցներով հեղուկ վառելիքի (տեխնիկական հեղուկներ, սեղմված բնական գազ, հեղուկ գազ) մանրածախ առեւտուրը: Այս մասին արդեն տեղեկացվել են մանրածախ տնտեսվարողները: Այս մասին երեկ հայտարարեց նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը:
Մինչ օրս Երեւանում գործում էին գազի լիցքավորման 44 շրջիկ ծառայություններ: Դրանցից 18-ն անցած ժամանակաշրջանում անօրինական ճանաչվեցին, 8-ն անօրինական էին, բայց օրինականացվեցին: Նոր տարուց հետո, անկախ այն բանից, թե դրանցից որն ինչ ջանքեր է գործադրել օրինականացվելու համար, բոլորի գործունեությունն էլ կընդհատվի: Իսկ գազի թանկացման սպառնալիքի առաջ կանգնած բնակչությունը կզրկվի մի քիչ էժան գազ գնելու հնարավորությունից:
Նույն ժամանակաընթացքում պարբերաբար «լուրջ ստուգայցեր» են անցկացվելու առեւտրի, սպասարկման ծառայություններում: Խոսքը վերաբերելու է նաեւ բազմաչարչար փողոցային առեւտրին: Սրա մասին, իբրեւ հերթապահ ու համեմատաբար անվնաս խնդիր, պարբերաբար հիշեցվում է: Իր անլուծելիության երկարատեւությամբ այն կարելի է գրանցել հայկական Գինեսի գրքում:
Այն, ինչ հաջողվել է անել փողոցային առեւտրի ասպարեզում, գործող կամ չգործող մինի շուկաների բացումն է: Դրանց շարքում պիտի դասել դեկտեմբերի վերջին Արաբկիրի Հակոբյան փողոցում մանրածախ առեւտրի 33 կրպակաշարերի բացումը:
Տիպային շիրիմներ
«Գերեզմանատների եւ դիակիզարանների մասին օրենքի» վավերացումից անմիջապես հետո հունվարի 1-ից կարգելվի սգո պարագաների, դագաղների, ծաղկեպսակների ներքաղաքային վաճառքը: Փողոցային առեւտրի նման սա էլ բազմիցս չարչարված խնդիր է, եւ կասկածելի է, որ օրենքը, ի վերջո, ի վիճակի կլինի վերջակետ դնելու վաճառքի այս ձեւին: Արման Սահակյանն ինքն էլ խոստովանում է, որ արդեն 4 տասնամյակից ավելի այս ասպարեզը բարձիթողի վիճակում է: Միակ միջոցառումը 2 տարի առաջ էր, երբ բացվեց Սպանդարյանի նոր գերեզմանատունը: Այստեղ կամաց-կամաց փորձ է արվում ձեւավորելու քաղաքակիրթ թաղումների մշակույթը: Շիրիմների համար հողահատկացումները բաժանվում են ըստ ընտանեկան եւ անհատական դասակարգումների:
Այս տարի, ըստ փոխքաղաքապետի, 147 մլն դրամի աշխատանքներ են կատարվել գերեզմանատներում:
Արման Սահակյանը բազմակի շրջանառված մի խոստում էլ տվեց քաղաքապետարանի անունից: Քանի որ բնակչության շրջանում չեն դադարում բողոքները հատկապես շենքերի նկուղային հարկերում տեղադրված զվարճանքի օբյեկտների, շոգեբաղնիքների աղմուկ-աղաղակից, նոր տարեսկզբից խստացված վերահսկողության են ենթարկվելու նաեւ դրանք:
Ամանորյա միջոցառումներն այս տարի չեն տարբերվի նախորդներից: Կսկսվեն դեկտեմբերի 31-ի գիշերը, ինչպես միշտ, կլինի հրավառություն, մինչեւ ամսի 10-ը` մանկական միջոցառումներ, հին Նոր տարուն` տարեհացի վիճակահանություն եւ նման բաներ: 30 մետրանոց մայր տոնածառն էլի ամենաշքեղը կլինի ԱՊՀ երկրներում, եւ երեւի էլի մրցանակ շահի: Անցած տարվա չափ ամանորյա միջոցառումների վրա կծախսվի 20-25 մլն դրամ:
Քաղաքապետարանն ամանորյա անակնկալ է նախապատրաստել իր ենթակայության, արվեստի եւ երաժշտական դպրոցներում սովորող անապահով ընտանիքների, հաշմանդամ ազատամարտիկների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաեւ ժողովրդական եւ ժողգործիքների բաժնում սովորող երեխաների համար: Նրանք ուսման վարձերը կվճարեն 50-100 տոկոս զեղչերով:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ