«Ռոսբալթ» գործակալության հարցազրույցը Արա Աբրահամյանի հետ
Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը դարձել է Ռուսական կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ-2005» մրցանակի դափնեկիր: Դրանով իսկ նշվել է նրա եռանդուն մասնակցությունը նավթի մաքսանենգության մեղադրանքով Նիգերիայի բանտում հայտնված ռուսաստանցի նավաստիների ազատագրմանը: Դեկտեմբերի 7-ին Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում ելույթ ունենալով մրցանակի հանձնման արարողության ժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը ներկաներին խոստացավ «ամեն ինչ անել, որպեսզի ռուսաստանցի նավաստիները Նոր տարում վերադառնան իրենց ընտանիքներ»: Այդ իրադարձությունից մի քանի օր առաջ նա ծավալուն հարցազրույց էր տվել «Ռոսբալթ» գործակալությանը:
- Պրն Աբրահամյան, ռուս նավաստիներին օգնելիս Ձեր դրսեւորած ակտիվությունը ռուսաստանյան դիվանագիտության թերամշակվածությա՞ն հետեւանքն էր: Ներկայումս փոխվո՞ւմ է արդյոք Ռուսաստանի վերաբերմունքն ուրիշ երկրներում օրհասական վիճակում հայտնվող իր քաղաքացիների հանդեպ:
- Ռուսաստանի դիվանագիտությունը եւս այսօր վերականգնվում է խորհրդային պետության փլուզումից հետո: Եղավ մի ժամանակահատված, երբ ԱԳՆ-ից հեռանում էին աշխատակիցները, ոչ ոք չէր ուզում դիվանագիտական կորպուսում ծառայել խղճուկ աշխատավարձերի պատճառով: Այնտեղ կադրային սով էր, եւ դիվանագետները գոյատեւում էին այնպես, ինչպես Ռուսաստանի ամբողջ բնակչությունը: Նրանք հեռու էին ազգային շահերի ակտիվ պաշտպանությունից, մանավանդ որ պետությունը շատ թույլ եւ ոչ այնքան հասկանալի կերպով էր ձեւակերպում այդ ազգային շահը:
Ներկա պայմաններում ռուսաստանյան դիվանագիտությունը սկսել է գործել առավել ակտիվորեն: Պետությունը վերականգնել է սուբյեկտի իր կարգավիճակը: Բայց այնպիսի հարցեր, ինչպիսիք են Նիգերիայում ռուս նավաստիների կամ Հասարակածային Գվինեայում հայ օդաչուների ճակատագիրը, չեն լուծվում զուտ դիվանագիտական միջոցներով: Այստեղ պահանջվում է այլ ուժերի, կառույցների, հաստատությունների եւ մարդկանց մասնակցություն, որոնք դուրս են պաշտոնական դիվանագիտությունից: Ահա թե ինչու իմ միջազգային կապերը եւ շփումները շատ օգտակար եղան Հասարակածային Գվինեայից հայ օդաչուների ազատագրման, իսկ հիմա էլ ռուս նավաստիների ճակատագրին առնչվող բարդ խնդիրը լուծելու համար:
Հաճախ է պատահում, որ Արեւմուտքում եւս այդ հարցերով զբաղվում են ոչ թե պետկառույցների պաշտոնական անձինք, այլ երկրի ղեկավարության կամ նույն արտգործնախարարության խնդրանքով հատկապես նշանակված մարդիկ, որոնք վստահելի են, հարգված, կարող են իրենց թույլ տալ բանակցել ավելի լայն ձեւաչափով, քան դիվանագետները: Ահա թե ինչու ես այդ գործերում ներգրավվեցի հայ օդաչուների դեպքում Հայաստանի իշխանությունների եւ ռուս նավաստիների դեպքումՙ Ռուսաստանի իշխանությունների համաձայնությամբ: Կարծում եմ, Ռուսաստանն այսուհետեւ էլ մեծ հոգածություն եւ ուշադրություն կդրսեւորի փորձանքի մեջ ընկած իր քաղաքացիների հանդեպ:
- Ձեր կարծիքով, ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիներն ապագայում չհայտնվեն նման իրավիճակներում եւ զգան իրենց պետության պաշտպանությունը:
- Չի կարելի բացառել մեր նավաստիների հայտնվելն այնպիսի իրավիճակում, երբ նրանց կմեղադրեն ձկնագողության մեջ: Մենք մշտապես ականատես ենք լինում նման դեպքերի, օրինակՙ ճապոնացիների հետ, որոնք հայտնվում են Ռուսաստանի տարածքային ջրերում: Վերջերս նման իրավիճակում հայտնվեցին մեր ձկնորսները նորվեգացիների հետ վիճելի գոտում: Այդ իրավիճակները միշտ կլինեն, եւ հարցը դրանց կանխումը չէ: Հարցն այն է, որ քաղաքացիներն ինչպիսի վիճակում էլ հայտնվեն, նույնիսկ այս կամ այն պետության օրենքները ծովում, ցամաքում կամ օդում խախտելու դեպքում վստահ լինեն, որ իրենց պետությունը մշտապես կպաշտպանի իրենց շահերը: Սա բնավ չի նշանակում, թե այդ մարդիկ չեն պատժվի կատարած հանցագործությունների կամ զանցանքների համար: Բայց նրանք չպետք է թողնվեն բախտի քմահաճույքին, եւ նրանց կրելիք պատասխանատվությունը պետք է համապատասխանի իրենց կատարածին: Ահա թե ինչու շատ պետություններ սովորաբար ձգտում են, որպեսզի ուրիշ երկրում օրենքը խախտած իրենց քաղաքացիները պատիժ կրեն հայրենիքում, ինչն, իհարկե, պատիժ է, բայց կրկնակի չի խորանում օտար լեզվամշակութային միջավայրում գտնվելու հետեւանքով:
- Ֆրանսիայի դրամատիկ իրադարձությունների լույսով ներգաղթյալների ինտեգրման հարցերն առանձնահատուկ կարեւորություն են ստանում նաեւ Ռուսաստանում: ՌԴ-ում ապրող հայերի մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք այստեղ հայտնվել են վերջին տարիներինՙ փնտրելով աշխատանք եւ կայունություն: Ձեր կարծիքով, այդ մարդիկ ինչպե՞ս են ինտեգրվում ռուսաստանյան կյանքին:
- Իրոք, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի տնտեսական ոլորտում իրավիճակի վատթարացման, բազմաթիվ ձեռնարկությունների փակման պատճառով հարյուր հազարավոր հայեր հեռացան հանրապետությունից: Նրանցից շատերը հաստատվեցին Ռուսաստանումՙ Պետերբուրգից մինչեւ Վլադիվոստոկ, Արխանգելսկից եւ Մուրմանսկից մինչեւ Սոչի. ամենուրեք հայտնվեցին հայերի նոր խմբեր: Այդ վայրերում գտնվող հայկական հին համայնքները նրանց օգնում են հարմարվելու լեզվական եւ մշակութային նոր միջավայրինՙ հաճախ ստեղծելով միանգամայն նոր համայնքներ: Նրանք զբաղվում են մանր ու միջակ գործարարությամբ, փորձում ստեղծել նոր աշխատատեղեր, որպեսզի իրենք աշխատեն եւ ապա սեփական գործն ընդլայնելովՙ ներգրավեն ուրիշներին: Պետք է ասել, որ գործընթացը բավական հիվանդագին է: Բայց հայկական համայնքն ունի Ռուսաստանի մշակութային, լեզվական եւ տնտեսական միջավայրին ինտեգրվելու բազմադարյա փորձ, ուստի այստեղ մենք չենք տեսնում շատ լուրջ խնդիրներ:
- Ներկայումս ովքե՞ր են կազմում Ռուսաստանի հայերի միության ակտիվը եւ կոնկրետ ո՞րն է Ձեր կազմակերպության հիմնական գործունեությունը:
- Հայերի միության ակտիվը կազմում են 240 քաղաքներում Ռուսաստանի Դաշնության 70-ից ավելի սուբյեկտների հայկական համայնքները: Այդ բոլոր համայնքներում այսօր գլխավոր ուժը Հայաստանից նոր եկած մարդիկ են, որոնք լի են վճռականությամբ տնտեսական ու սոցիալական հաջողության հասնելու նոր բնակավայրում, նոր միջավայրում: Նրանք շատ են աշխատում, շատ ջանքեր թափում: Ինչպես հայտնի է ամերիկյան պատմությունից, ներգաղթյալները միշտ աշխատում են ավելի շատ եւ ստանում ավելի քիչ: Նրանք համաձայնում են ամեն տեսակ աշխատանքիՙ հանդիսանալով ամեն մի հասարակության շարժիչ ուժը: Համենայն դեպս, բազմաթիվ սերունդների կյանքի ընթացքում այդպես է եղել ԱՄՆ-ում: Այսօր մենք նույնը նկատում ենք Ռուսաստանի օրինակով: Ներգաղթյալները զարգացնում են այն երկրամասերն ու մարզերը, տնտեսության այն ճյուղերը, որոնք տեղաբնակները երբեք չէին կարողանա զարգացնել:
Ասենք, խորհրդային ժամանակներում էլ հսկայական թվով հայեր դասվում էին այսպես կոչված «խոպանչիների» թվին: Նրանք մեկնում էին Սիբիր, Ղազախստան, Ուկրաինա, ոչ սեւահողային գոտի, կապալներ վերցնում, կառուցում գոմեր, ճանապարհներ, մշակույթի տներ, իրացնում վիթխարի միջոցներ, քանի որ տեղերում աշխատուժը չէր բավականացնում: Եվ տեղական իշխանությունները մեծ հաճույքով էին աշխատում այդ մարդկանց հետ, որոնք գալիս էին հենց աշխատելու եւ ոչ թե զովանալու:
Իհարկե, որոշակի բարդություն կա մի քանի սերունդների կյանքի ընթացքում Ռուսաստանում արդեն ինտեգրված հայերի եւ նորեկների միջեւ: Այսպես կոչված տեղացի հայերի զգալի մասը բավական լավ է ինտեգրված ռուսաստանյան հասարակությանը: Նրանք հսկայական հաջողությունների են հասել գիտության ասպարեզում, կրթության, գործարարության, արդյունաբերության ոլորտներում: Մոսկվայում եւ երկրի տարբեր շրջանների մյուս խոշոր քաղաքներում նրանք աչքի ընկնող դիրքեր են զբաղեցնում կյանքի տարբեր բնագավառներում: Նրանք թերեւս նվազ սրությամբ են զգում իրենց ազգային պատկանելությունը, ոմանք մոռացել են մայրենի լեզուն, նրանց երեխաներն իրենց անհամեմատ ավելի կոսմոպոլիտ են զգում: Բայց հայերի նոր ալիքի հայտնվելն այդ մարդկանց եւս ներգրավում է ազգային եւ մշակութային ինքնության ձեռքբերման գործընթացում, մանավանդ որ այսօր Ռուսաստանում թե՛ ռուսները եւ թե՛ մյուս ժողովուրդներն իրենք են փորձում գտնել սեփական ինքնությունը: Դա հանգեցնում է այն բանին, որ էթնոդավանանքային կապերը դառնում են ավելի կարեւոր, քան նախորդ տարիներին, երբ Ռուսաստանի քաղաքացիների ինքնությունը որոշվում էր ոչ թե սեփական էթնոսի, այլ պետության հանդեպ վերաբերմունքով:
- Հայերը համահավաք բնակվում են Ռուսաստանի հարավի բազմաթիվ քաղաքներում: Բայց հաճախ խոսվում է տեղական ռուս բնակչության, կազակների հետ հայերի խնդիրների եւ հակամարտությունների մասին: Ռուսաստանի հայերի միությունն ի՞նչ ձեւով է մասնակցում այդ հակամարտությունների լուծմանը: Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների դիրքորոշումն այդ իրավիճակներում:
- Այո, հայերն ապրում են Ռուսաստանի հարավի բազմաթիվ քաղաքներումՙ Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում: Բայց այդ վայրերում եղել են նաեւ հայկական հին համայնքներ, որոնք մի քանի փուլերով ձեւավորվել էին 19-րդ դարում, Առաջին աշխարհամարտից եւ ցեղասպանությունից հետո: Այն ժամանակ հայ գաղթականները բնակություն հաստատեցին Ռուսաստանի հարավում եւ դարձան բնակչության օրգանական մասը: Դրանք նաեւ ղրիմահայերն են, որոնք հիմնեցին այսօր Ռոստովի մասը կազմող Նախիջեւան քաղաքը: Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ հայեր եկան այդ քաղաքներ եւ համայնքներ, քանի որ այնտեղ ունեին ազգականներ եւ միջավայրն էլ ծանոթ էր: Իրոք, հատկապես 90-ական թթ. այստեղ ծագեցին միասնական երկրի տրոհման հետ կապված խնդիրներ, չկային տարբեր էթնիկական խմբերի փոխգործողության արդյունավետ մեխանիզմներ, սկսվեց «վայրի» կապիտալիզմի գործընթաց. ոմանք հարստանում էին, մյուսներնՙ աղքատանում: Եվ շատերի համար ձեռնտու էր իրենց քաղաքական նպատակներով օգտագործել ունեցվածքային շերտավորումըՙ դրան տալով էթնիկական երանգավորում. իբր ոմանք հարստացել են մյուսների հաշվին: Բախումներ էին լինում նաեւ կենցաղային հողի վրա: Պետք է ասել, որ իշխանական կառույցների ներկայացուցիչները եւս մասամբ նպաստում էին այդ երեւույթներին: Դա հատկապես ցայտուն արտահայտվեց Կրասնոդարի երկրամասում Կոնդրատենկոյի կառավարման ժամանակամիջոցում:
Վերջին տարիներին Ռուսաստանի հայերի միությունը հսկայական աշխատանք է կատարել: Մենք կանոնավորապես լինում ենք Ռուսաստանի հարավում, այցելում Կրասնոդարի, Սոչիի, Ստավրոպոլի եւ այլ քաղաքների հայ համայնքներ: Հանդիպումներ ենք ունենում Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների, նահանգապետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ, տեղերում կապեր հաստատում կազակների եւ հայկական համայնքների միջեւ: Այնպես որ, այսօր տեղական իշխանությունները չունեն էթնիկական խմբերի տարանջատման քաղաքական գիծ: Նրանք հասկանում են, որ Ռուսաստանի հարավում անհրաժեշտ է կայունություն. չէ՞ որ մոտերքում Չեչնիան է: Մյուս կողմից, ուժեղացել է բուն պետությունը, եւ նախագահական իշխանության ուղղահայացն այսօր շրջանային պետերի վրա ներգործելու անհամեմատ ավելի լուրջ հնարավորություններ ու լծակներ ունի, որպեսզի նրանք պահպանեն ազգամիջյան հաշտությունն ու համաձայնությունը եւ ոչ թե լուրջ բարդություններ ստեղծեն հենց պետության ու նրա ապագայի համար: Ազգամիջյան հարաբերությունների խնդիրն այսօր դառնում է պետական քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը: Ահա թե ինչու ինձ թվում է, որ ապագայում այդ ոլորտին կուղղվեն ֆինանսական եւ մտավոր խոշոր ներդրումներ, որպեսզի կանխվի բացասական գործընթացների զարգացումը:
- Հայաստանը, նրա քաղաքականությունը եւ ղեկավարությունն ինչպիսի՞ ազդեցություն են գործում Ռուսաստանում ապրող հայերի վրա: Եվ կա՞ արդյոք ռուսաստանցի հայերի հակադարձ ազդեցություն Հայաստանի իշխանությունների որոշումների վրա:
- Ռուսաստանում ապրող հայերի վրա Հայաստանի եւ նրա իշխանությունների անմիջական ազդեցությունն աննշան է, թեպետեւ պետք է ասել, որ Ռուսաստանի հետ Հայաստանի բարիդրացիական, դաշնակցային հարաբերությունները եւ գործընկերությունը, արտաքին քաղաքական եւ ռազմական ջանքերի համակարգումը Ռուսաստանի հասարակայնության մեջ եւ իշխանական կառույցներում բարենպաստ մթնոլորտ ու ֆոն են ստեղծում հայերի հանդեպ: Դա իրոք կարեւոր նշանակություն ունի: Բայց Հայաստանը, իմ կարծիքով, առայժմ բավարար առաջընթացի չի հասել Ռուսաստանի հայկական կապիտալի ներգրավման մեխանիզմների ստեղծման գործում: Չկա Հայաստանի իշխանական կառույցների փոխգործողության ինստիտուցիոնալ մեխանիզմ նույնիսկ այնպիսի կազմակերպության հետ, ինչպիսին է Ռուսաստանի հայերի միությունը, որի շրջանակներում միավորված են Ռուսաստանի գրեթե բոլոր հայկական համայնքները: Սրանում կան որոշակի խնդիրներ եւ բացթողումներ, որոնք Հայաստանի ղեկավարությունը փորձում է լուծել, ինչպես ինքն է հայտարարել, առավել արդյունավետ մեխանիզմի ստեղծմամբ, որը թերեւս կձեւավորվի 3-րդ Համահայկական ֆորումի ժամանակ: Հայաստանի իշխանությունները մտադիր են այդ համաժողովը հրավիրել եկող տարի Երեւանում:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների որոշումների վրա հայ համայնքի ազդեցությանը, այստեղ եւս կան ինչպես որոշակի ձեռքբերումներ, այնպես էլ խնդիրներ: Նախ եւ առաջ հայկական սփյուռքից, ոմանց կարծիքով, հանրապետություն մուտք գործող 1 կամ 1,5 մլրդ դոլարի կեսը, եթե ոչ ավելին, ընկնում է ռուսաստանցի հայերին: Նրանք իրենց փողերով անմիջականորեն պահպանում են Հայաստանի Հանրապետության կայունությունը: Եվ եթե Հայաստանում չկան սոցիալական եւ «սովյալ» խռովություններ, ապա դա զգալի չափով պայմանավորված է ոչ թե իշխանությունների գործունեությամբ, որոնք պարտավոր են տեղական բնակչությանն ապահովել աշխատատեղերով, վճարել պատշաճ աշխատավարձ եւ թոշակ, այլ արտաքին ֆինանսական օժանդակությամբ: Եվ դա վերացնում է սոցիալական լարվածությունը: Ռուսաստանցի հայերը եւ Ռուսաստանի հայերի միությունն իրենց գործունեության մեջ ղեկավարվում են նրանով, որ ռուսաստանյան կապիտալն ավելի լավ ներկայացված լինի Հայաստանում: Պատահական չէ, որ մենք շատ ակտիվ էինք «Գույք պարտքի դիմաց» գործարքին ուղղված ջանքերում, որպեսզի Ռուսաստանն արդիականացնի Հայաստանի ձեռնարկությունները եւ հազարավոր մարդկանց ապահովի աշխատատեղերով, պատշաճ վարձատրությամբ, ինչը կլիներ Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների ամրապնդման շատ լուրջ գործոն: Մենք նաեւ ջանում ենք մեր նպատակային ծրագրերը կազմել փոքր եւ միջակ բիզնեսի ոլորտում, որպեսզի դրանք իրագործենք հենց Հայաստանումՙ հավելյալ աշխատատեղեր ստեղծելու համար: Ռուսաստանցի հայերը, այդ թվում նաեւ մեր կազմակերպությունը, ջանում են իրենց մտավոր եւ քաղաքական հնարավորությունների սահմաններում մասնակցել հայ ժողովրդի համար լուրջ այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսիք են Ղարաբաղի խնդրի կարգավորումը եւ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կանոնավորումը:
- Վրաստանի նախագահը վերջերս հայտարարեց, որ հետխորհրդային տարածքի, այդ թվում Հարավային Կովկասի արմատական ժողովրդավարացումը շարունակվելու է: Նկատի ունենալով, որ Ադրբեջանի իշխանություններին ըստ երեւույթին հաջողվել է խուսափել «նարնջագույն» սցենարից, ստացվում է, որ հերթը Հայաստանի՞նն է: Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումն իրենց պատմական հայրենիքում «հեղափոխության» հնարավորության կապակցությամբ:
- Կարծում եմ, Վրաստանի նախագահն ասում է այն, ինչ դեռ վերջերս ասում էին նրա «ավագ ընկերները». ես նկատի ունեմ նախագահ Բուշին, ըստ որի վարչակարգերը փոխելու ամերիկյան ռազմավարությունը շարունակվելու է: Այդ քաղաքականությունը կարող է շարունակվել թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում: Իրոք, Բաքվում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը շահագրգռված չեն եղել Ադրբեջանում «նարնջագույն հեղափոխության» հաղթանակով, իսկ ընդդիմությունը դրա հնարավորությունը չի ունեցել: Ամերիկացիները շահագրգռված են այդ շրջանի կայունության պահպանմամբ, նկատի ունենալով, որ իրենց ընկերությունները միլիարդներ են ներդրել Կասպից ծովի նավթի ու գազի պաշարների յուրացման մեջ: Ահա թե ինչու ամերիկացիների առանձնակի հետաքրքրությունն եմ տեսնում այդ տարածաշրջանի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, չեմ կարծում, թե այնտեղ «նարնջագույն հեղափոխության» ներուժ լինի: Իշխանությունը բավականաչափ ամուր է, չկա լուրջ պառակտում ռուսամետ եւ արեւմտամետ ուժերի, որը կար Ուկրաինայում կամ Վրաստանում: Թեեւ Վրաստանում ըստ էության արեւմտամետ գործիչ Շեւարդնաձեին փոխարինեցին մեկ ուրիշՙ էլ ավելի արեւմտամետ քաղաքական գործիչով: Հայաստանում չկան նման լիդերներ, համենայն դեպս, առայժմ չկան: Եվ ինձ թվում է, որ մոտ ապագայում հազիվ թե ստեղծվեն «նարնջագույն» սցենարի նախադրյալներ:
Որպես Ռուսաստանի հայերի միության ղեկավար, ես սկզբունքորեն ամեն մի հեղափոխության կտրական հակառակորդն եմ: Հեղափոխությունները հանգեցնում են ապակայունացման, կարող են հանգեցնել քաոսի եւ անկառավարելիության: Հայաստանում ներկա պայմաններում, հատկապես նկատի ունենալով ղարաբաղյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները, նաեւ քաոս եւ անկայունություն ստեղծելը կլիներ չափազանց մեծ «շքեղություն»: