«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ

Խավիեր Սոլանան հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարներին

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ նախարարական «տրոյկայի» հանդիպումը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ եվրոպական կողմըՙ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանան: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրոհանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Կարել Կովանդան, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն եւ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը:

Հանդիպմանը քննարկվել են եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում երկկողմ փոխգործակցությունը, ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի էներգետիկ ապահովության, մասնավորապես Մեծամորի ատոմակայանի խնդիրները: Երեկ Խավիեր Սոլանան աշխատանքային հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցերը:

Հայաստանի արտգործնախարարի մամլո խոսնակ Համլետ Գասպարյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Բրյուսելում պետք է կայանար ԵՄ «տրոյկայի» եւ հարավկովկասյան երեք պետությունների արտգործնախարարների 7-րդ նիստը, սակայն Ադրբեջանի եւ Կիպրոսի առկա տարաձայնությունների պատճառով փոխվել է ոչ պաշտոնականի: Փաստորեն, Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումը ԵՄ անդամ 25 պետությունների արտգործնախարարների հետ, որով պետք է ազդարարվեր ԵՄ-ի հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկը, վերածվել է ոչ պաշտոնական հանդիպման:

Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը եվրոպական հարեւանության քաղաքականության կամ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում ընդգրկվել էին 2004 թ. հունիսին: Այս ծրագիրը ենթադրում է Հարավային Կովկասի եւ ԵՄ-ի ավելի սերտ հարաբերություններ: Սա, անշուշտ, չի նշանակում, որ հարավկովկասյան հանրապետություններիՙ ԵՄ-ին անդամակցելու խոստում է, սակայն կարող է լինել հեռանկար:

Նոյեմբերի 28-ին Երեւանում, ապա հաջորդ օրը Թբիլիսիում ԵՄ պատվիրակությունը եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի հետ անցկացրել էր գործողությունների ծրագրի առաջին փուլը: Պատվիրակությունը չէր մեկնել Բաքուՙ Ադրբեջանի եւ ԵՄ անդամ Կիպրոսի միջեւ ծագած խնդիրների պատճառով: Ադրբեջանական «Էխոն» գրում է, որ դեկտեմբերի 12-ին խորհրդակցություններ են սկսվել նաեւ Ադրբեջանի հետ:

ԵՄ-ին չանդամակցող պետությունների հետ հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Հարավային Կովկասի երկրների ԵՄ-ի հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկը ոչ պաշտոնական հանդիպման վերածելու առնչությամբ ասել է. «Մեր փորձագետներն այժմ երեք երկրներում են, եւ միայն նրանց վերադարձից հետո ԵՄ անդամ պետությունների խորհուրդը կհստակեցնիՙ քաղաքական առումով ինչպե՞ս է հնարավոր գործողությունների ծրագրի ընդունումը հարավկովկասյան երեք պետությունների պարագայում»:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն այս տարի Երեւանում տված ասուլիսներից մեկում նշել էր, որ Մոսկվան սկզբունքորեն չի ողջունում եվրոպական հարեւանության քաղաքականությունը, քանի որ դա ստեղծում է ոչ հավասար պայմաններ Ռուսաստանի եւ հարավկովկասյան երկրների հետ հարաբերություններում: Մոսկվայում ոգեւորված չեն նաեւ հարավկովկասյան երկրների եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացմամբ: Դեկտեմբերի 9-ին Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն սկիզբ դրեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին: Վրաստանն ու Ադրբեջանն այս ծրագրին միացել էին ավելի վաղ:

Քոչարյանը Սոչիում կհանդիպի Պուտինի հետ

Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանիՙ եվրատլանտյան կառույցների հետ հարաբերությունների խորացումը Մոսկվայում բնականաբար չեն ողջունում: Վերջերս Մոսկվայում Կրեմլի մի պաշտոնյա «Ազգի» հարցին, թե ինչպե՞ս են ռուսական շրջանակներն ընկալում Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունըՙ մի կողմից լինել Ռուսաստանի դաշնակից, մյուս կողմիցՙ խորացնել հարաբերությունները եվրատլանտյան կառույցների հետ, պատասխանեց. «Դա նույնն է, թե կարագը լուծես ջրում»:

Ենթադրվում է, որ Հայաստանի եվրոպական քաղաքականությունը, ինչպես նաեւ ռուսական գազի հավանական թանկացման խնդիրները քննարկման առարկա կդառնան նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 16-ին Սոչիում նախատեսված հանդիպմանը: Անշուշտ, առաջին հայացքից գազի գները եւ եվրոպական քաղաքականությունը թվում են ոչ փոխկապակցված, սակայն իրականում եւ մասնավորապես Ուկրաինայի ու Վրաստանի դեպքում Ռուսաստանը վերջիններիս արեւմտամետ քաղաքականությունը փորձում է սանձել ռուսական էներգակիրների թանկացմամբ:

Նախագահներ Պուտինը եւ Քոչարյանն առաջիկայում հանդիպելու եւս մեկ հնարավորություն կունենան Մոսկվայում: ինչպես «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, հունվարի երկրորդ կեսին նախագահ Քոչարյանը Մոսկվայում կբացի Ռուսաստանում Հայաստանի տարին:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4