Վկայում են ամերիկյան արխիվները
Բրիտանահայ պատմաբան, «Կոմիտաս» հրատարակչության տնօրեն Արա Սարաֆյանը վերջերս հրատարակեց երկու ծավալուն աշխատություններ, ուր լուսաբանվում է Բոսֆորի ափերին ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
Առաջին գիրքըՙ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում եւ պետական արխիվներում այսօր առկա Հայոց ցեղասպանության մասին վկայություններն են: Երկրորդըՙ Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի օրագիրն է գրված Հայոց եղեռնի տարիներին: Այս գործում պատմաբանին իր անձնական աջակցությունն է ցուցաբերել դեսպանի թոռը, Նյու Յորքի Հոլոքոսթի թանգարանի հիմնադիր-նախագահ, փաստաբանՙ Ռոբերտ Մորգենթաուն:
Անցյալ շաբաթ գրքերի շնորհանդեսը կայացավ Նյու Յորքի Հոլոքոսթի թանգարանում: Միջոցառմանը նամակ-բողոքով հակազդել էր Նյու Յորքում Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը: Դահլիճում ներկա էր, ի դեպ, թուրք ուսանողների մի խումբ: Նրանց առաջադրած հակափաստարկները, պատմության իմացության առումով, թերեւս, տգիտության բացառիկ դրսեւորումներ էին: Թուրքերի զավեշտի հասնող ժխտողական մոլեռանդությունը պատրաստ է հերքել նույնիսկ ակնհայտ վկայություններ, ներառյալՙ ամերիկյան, գերմանական աղբյուրները: Նրանց մեջ, սակայն, կային երիտասարդներ, որոնք եկել էին այս թեմայի մասին տեղեկանալու, իրենց համար ճշմարտությունը պարզելու նպատակով:
Պատմաբան Արա Սարաֆյանի հրատարակած ամերիկյան վավերագրությունները Հայոց ցեղասպանության մասին խիստ կարեւոր նախաձեռնություն է այսօր ամերիկյան հասարակական կարծիքի ձեւավորման գործում: Պատմաբանի կարծիքով, այս խնդիրը երբեք չպետք է վրիպի մեր ուշադրությունից: Անհրաժեշտ է խթանել եղած հայկական վավերագիր աղբյուրների թարգմանական աշխատանքները անգլերեն եւ այլ լեզուներով:
Առաջիկայում գրքերը կներկայացվեն Կալիֆոռնիայում, ԱՄՆ այլ նահանգներում, ինչպես նաեւՙ Եվրոպայում:
ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ