«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


«Et Lux perpetua luceat» Kyrie

(«Եվ կփայլի հավերժական լույսը»)

Մոցարտի հանճարի վերջին ստեղծագործությունըՙ «Ռեքվիեմ» հոգեհանգստի պատարագը, միշտ էլ ունկնդիրների մեծ լսարան է հավաքում: Բայց այդ օրը հետաքրքրությունն առանձնահատուկ էր. վահանակի մոտ մաեստրո Օհան Դուրյանն էր: Նրա դիրիժորական վերջին ելույթը Հայաստանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել ճիշտ 5 տարի առաջ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբի վահանակի մոտ, որի գլխավոր դիրիժորն էր ինքն անցյալ դարի 70-ական եւ 90-ական թվականներին:

Սպիտակի երկրաշարժի 17-րդ տարելիցի օրը Կամերային երաժշտության տանը Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը» հնչեց Հայաստանի կամերային նվագախմբի ու երգչախմբի (գեղ. ղեկ.ՙ Արամ Ղարաբեկյան, խմբավարՙ Ռոբերտ Մլքեյան), մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Քրիստինե Սահակյանի (մեցցո-սոպրանո), Ռուբեն Նուրիջանյանի (տենոր), Վահան Մակվեցյանի (բաս) եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողայինների խմբի կատարմամբ: Դիրիժորն էր Հայաստանի ժողովրդական արտիստ Օհան Դուրյանը:

Հիրավի անուղղելի փաստ է. աշխարհահռչակ երաժիշտը Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, շրջագայում է տարբեր քաղաքներում ու երկրներում, սակայն իր հայրենիքում ներկայումս երաժշտական համույթներում եւ ուսումնական հաստատություններում լայնորեն տարածված ինքնիշխանության նոր մեթոդների պատճառով զրկված է սեփական ժողովրդի առջեւ ելույթ ունենալու հնարավորությունից: «Ռեքվիեմի» կատարմանը ցույց տրված խանդավառ ընդունելությունը անկրկնելի մաեստրոյի հանդեպ համաժողովրդական անմար սիրո պերճախոս վկայությունն էր:

Օհան Դուրյանը միշտ եղել եւ մնում է Հայաստանի երաժշտական գագաթներից մեկը: Հանձին նրա ունենք արեւմտյան ռացիոնալիզմի եւ արեւելյան իմաստնության անհրաժեշտ համակեցություն, իսկ հայ լինելը իր ճշգրտումներն է մտցրել փիլիսոփայական ընդհանրացման նրա արվեստում: Դուրյանի անհատականությունը չի տեղավորվում ռոմանտիկ կամ դասական տիպի արտիստի ստանդարտ պատկերացման մեջ: Եվ եթե 1970-ական թթ. մաեստրոյի մտածողության հուզականորեն իմպուլսիվ եւ անկեղծ դրամատիկ պսիխոլոգիզմը հակում էր դեպի Էքսպրեսիվ-ռոմանտիկ անձի սահմանումը, ապա 1990-ական թթ. նրա ստեղծագործական ոճը նկատելիորեն փոխվեց: Մտածողության ինտրովերտ ուղղվածությունը այդ տարիներին ձեւավորեց գեղարվեստական ստեղծագործության արտաժամանակյա փիլիսոփայական ընկալման մեթոդը: Մոցարտի «Ռեքվիեմի» կատարումը Օհան Դուրյանի շնորհալի ղեկավարությամբ ձեռք բերեց հենց արտաժամանակյա ծավալի իմաստ, ուստի ունկնդիրների ներգործությունը եւս այդքան տպավորիչ էր: Դանդաղեցնելով «Ռեքվիեմի» բոլոր 12 մասերի տեմպերը, ասես ընդլայնելով ժամանակի սահմանները, մաեստրոն մոցարտյան երաժշտության ողբերգականության մեջ ներածեց թե՛ իր կյանքի փորձը եւ թե՛ մեր ընդհանուր ցավն ու հույսը: Կենտրոնական խմբերգային մասըՙ «Lacri-mosa»-ն դարձավ ոչ միայն սրտառուչ-քնարական, այլեւ խիզախ-դրամատիկական, դրանով իսկ միավորվելով «Tuba mirum» 3-րդ մասի երաժշտության հոգեկան վեհության եւ «Benedictus» 6-րդ մասի խաղաղ օրհնության հետ:

Մեներգիչների քառյակը, իմ կարծիքով, առավել հետաքրքրական հանդես եկավ 3-րդ եւ 5-րդ մասերում. բոլոր ձայներն առանձնանում էին իրենց անհատականությամբ, տեմբրային առումով հաջողությամբ շեշտելով իրար: Կարեւոր էր մեներգիչների եւ երգչախմբի կատարման միասնական վոկալ ոճի ապահովումը: Հայաստանի կամերային նվագախմբի երգչախումբը երգում էր մեծ ոգեւորությամբ, հեշտությամբ հաղթահարելով «Kyrie»-ի կրկնակի ֆուգայի տեխնիկական բարդությունները, տպավորություն գործելով «Dies irae»-ի հզորությամբ եւ «Sanc-tus»-ի հնչողության փայլով:

Հայաստանի կամերային նվագախումբըՙ Օհան Դուրյանի գաղափարների հավատարիմ դաշնակիցը, կրկին հաստատեց իր պրոֆեսիոնալ կարգը եւ ոչ միայն «կամերային», այլեւ «սիմֆոնիկ» լինելու կարողությունը: Ընդարձակ, ձգվող շունչը զուգորդվում էր յուրաքանչյուր ֆրազի շոշափելի բաբախյունին, ինչը երաժշտությունը դարձնում էր կենդանի եւ դինամիկ:

Կարկառուն դիրիժոր Օհան Դուրյանը այդ անմոռանալի երեկոյի ընթացքում վարպետության եւ հոգեւոր ստոիցիզմի դաս տվեց, 83 տարեկանում բոլոր ունկնդիրներին ստիպելով հավատալ հավերժական լույսի եւ ճշմարտության ճաճանչմանը:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4