«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


ՊԱՐՍԻՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ «ՓԱՐՍԻԱՆ» ՀԿ-Ն ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱ ակադեմիայում տեղի ունեցավ Պարսից լեզվի եւ գրականության բարեկամների «Փարսիան» հասարակական կազմակերպության պաշտոնական բացման արարողությունը, ուր Հայաստանի երկրաշարժի զոհերի եւ Իրանում վերջերս տեղի ունեցած օդային աղետի զոհերի հիշատակին մեկ րոպե լռությունից հետո ՀՀ ԳԱ ակադեմիայի անունից առաջինը ելույթ ունեցավ ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանը: Նա շնորհավորելով Պարսից լեզվի եւ գրականության բարեկամների ՀԿ-ի ստեղծումն ասաց. «Համոզված եմ, որ Պարսից լեզվի եւ գրականության բարեկամների ՀԿ-ն լուրջ համագործակցություն կցուցաբերի ակադեմիայի արեւելագիտական ինստիտուտի հետ, եւ նրա գործունեությունը ավելի ընդգրկուն է դառնալու եւ նպաստելու է երկու երկրների մշակութային կապերի խորացմանը»:

Այնուհետեւ Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի նախագահ Ռեզա Աթուֆին անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանում պարսկերենի նկատմամբ մշտապես եղել է մեծ հետաքրքրություն ավելացրեց. «Սրանից մի քանի ժամանակ առաջ պարսից լեզվի եւ գրականության մի խումբ դասախոսներ, թարգմանիչներ, մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ եւ բարեկամներ ցանկություն հայտնեցին Հայաստանում պարսից լեզվի եւ գրականության բարեկամներին համախմբել մի հարկի տակ: Այսպիսով, նույն անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում եւ ստեղծվեց Պարսից լեզվի եւ գրականության բարեկամների «Փարսիան» ՀԿ-ն, իր ղեկավար կազմով եւ կանոնադրությամբ, նպատակ ունենալով ամրապնդել Իրան-Հայաստան բարեկամական կապերը, աշխուժացնել Հայաստանի, այդ թվում ԳԱԱ իրանագիտական կենտրոնների կապերն Իրանի եւ աշխարհի իրանագիտական կենտրոնների հետ, նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանում պարսից լեզվի եւ գրականության ուսանողների ու դասախոսների մասնագիտացման համար, կազմակերպել մասնագիտական-վերապատրաստման դասընթացներ Իրանում եւ Հայաստանում, մասնակցել պարսից լեզվին նվիրված միջազգային կոնֆերանսներին ու համաժողովներին:

Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնը որպես առաջին քայլ ձեռնամուխ է եղել մարտի կեսերին մի խումբ ուսանողների եւ դասախոսների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար Իրան ուղարկել եւ կազմակերպությանն անհրաժեշտ գրքերով ապահովել, ինչը կարելի է Իրանի մշակույթի կենտրոնի նվերը համարել Պարսից լեզվի եւ գրականության կազմակերպությանը»:

Այնուհետեւ ընթերցվեց Իրանի իսլամական կապերի եւ մշակույթի կազմակերպության նախագահ Մոհամադի Արաղիի ուղերձը Հայաստանում Պարսից լեզվի եւ գրականության բարեկամների ՀԿ-ի պաշտոնական բացման առիթով: Ուղերձում ասվում է. «Այսօր Հայաստանը պարսից լեզվի ուսուցման առումով ԱՊՀ երկրների շարքում Տաջիկստանից հետո (պարսկերենը վերջինիս պետական լեզուն է) գտնվում է առաջին տեղում, ինչը ուրախալի փաստ է իրանցի մշակութային գործիչների համար, որից ելնելով պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք Հայաստանում պարսից լեզվի տարածման եւ Իրանի ու Հայաստանի համընդհանուր ժառանգությանը վերաբերող հետազոտությունները կազմակերպելու տեսակետից: Ուղերձում նշվել է նաեւ. «Հայաստանի պարսից լեզվի ուսումնական հաստատություններում գործող հարուստ գրադարանները, պարսկերեն լեզվի դասախոսների եւ ուսանողների մասնակցությունն Իրանում անցկացվող վերապատրաստման կուրսերին, ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնի եւ Ֆիրդուսիի դահլիճի, Երեւանի Բրյուսովի անվ. օտար լեզուների համալսարանում իրանագիտական կաբինետի, Երեւանում «Հրաչյա Աճառյան», «Հայբուսակ», Սլավոնական, «Ֆիրդուսի» համալսարաններում եւ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում պարսից լեզվի ամբիոնների բացումը եւ ավելի քան 20 դպրոցներում պարսից լեզվի դասավանդումը վկայում են Հայաստանում պարսից լեզվի տարածմանը նպաստող հետեւողական աշխատանքների մասին, որի համար պետք է շնորհակալություն հայտնել այդ երկրում ԻԻՀ մշակութային գործիչներին եւ Հայաստանի պետական մարմիններին ու մշակութային գործիչներին»:

Այնուհետեւ ՀՀ գիտության եւ կրթության փոխնախարար Արա Ավետիսյանն իր ելույթի ժամանակ ասաց. «Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների մեջ բավականին լավ պահպանված եւ սերունդից սերունդ փոխանցված արժեքներ կան: Մեր կրթական համակարգում փոխանակման ծրագրերով բազմաթիվ ուսանողներ Հայաստանում եւ Իրանում մասնագիտական կրթություն են ստանում, եւ եթե այսօր Հայաստանում Իրանի ուսանողների թիվը հազարների է հասնում, սա արդեն լավ հարեւանության ձեւավորված խոր համագործակցության արդյունքն է»: Նա ավելացրեց. «Երկու ժողովուրդների կրթագիտական համակարգը ունի լուրջ պոտենցիալ համատեղ ծրագրեր ներկայացնելու աշխարհին»:

Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Գյուրջյանը սույն միջոցառման ժամանակ իր հերթին հայտնեց. «Պարսկերենը իրանցիների լեզուն է, բայց պարսկերենով ստեղծված հին եւ միջնադարյան գրականությունը, մասնավորապես Ֆիրդուսու, Խայամի եւ այլոց բարձրարժեք պոեզիան բոլոր ժողովուրդների ժառանգությունն է»: Նա նույնպես հույս հայտնեց, որ սույն ՀԿ-ն կնպաստի Իրանի ժողովրդի գրական ժառանգության լայն ճանաչելիությանն ու տարածմանը Հայաստանում:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաեւ Պարսից լեզվի եւ գրականության ՀԿ-ի նախագահ Ժորժ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Վրեժ Փարսադանյանը, Նվարդ Առաքելյանը եւ ԱՈՔՍ մշակութային կենտրոնի փոխտնօրեն Անահիտ Պողոսյանը, որոնք հույս հայտնեցին, Պարսից լեզվի եւ գրականության բարեկամների ՀԿ-ն իր ներդրումը կունենա երկու երկրների բարեկամական կապերի զարգացման գործում:

ԺՈՐԺ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4