Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Ստավրոպոլի երկրամասի Սուվորովսկայա ավանում տեղի է ունեցել բռնցքամարտի մարզահամալիրի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությունը: Այն կառուցվել է Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի երկրամասի նախագահ, տեղի «Ուրարտու» բռնցքամարտի ակումբի նախագահ Ռազմիկ Արամյանի ջանքերով: Սուվորովսկայա ավանը բազմազգ բնակավայր է, որտեղ տասնամյակներ շարունակ կողք-կողքի բնակվում են ռուսներն ու հայերը, հույներն ու ուկրաինացիները: «Ուրարտու» ակումբի հիմնադիր Ռազմիկ Արամյանն էլ այստեղ է մեծացել եւ կարեւորում է, որ տեղի տղաները հնարավորություն կունենան ուժեղագույնին որոշելու ռինգում, այլ ոչ թե փողոցային կռվում:
Մարզահամալիրի հանդիսավոր բացման եւ օծման արարողությանը ներկա էին Ստավրոպոլի հայկական համայնքների ղեկավարները, տեղի ադմինիստրացիայի ներկայացուցիչներն ու բնակիչները: Արարողությունից հետո կայացավ բռնցքամարտի յուրօրինակ հանդիպում տեղի «Ուրարտու» ակումբի եւ Հայաստանի օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի բռնցքամարտիկների միջեւ:
Մրցաշարն անցկացվեց տարիքային մի քանի խմբերով (13-18 տարեկաններ), քաշային ութ կարգերում (32-70 կգ) եւ նվիրված էր Սուվորովսկայա ավանի հայ համայնքի հիմնադիր Դուրսուն Արամյանի հիշատակին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (4-4): Հաջորդ տարի պատասխան այցով Հայաստան կժամանեն Ստավրոպոլի ուժեղագույն բռնցքամարտիկները: