«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


ՀԿ-ԶԼՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ

Գիտակցում են երկու կողմերն էլ, սակայն անելիքը դեռեւս հստակ չէ

«Մեր հեռուստաընկերությունները զարգացման ճանապարհին չեն, դրա համար չկան ֆինանսական համապատասխան միջոցներ», այս կարծիքին է Հայկական 2-րդ հեռուստաալիքի փոխտնօրեն, մեկնաբան Արամ Սաֆարյանը: Նա ներկայացնում է հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ հեռուստաընկերությունների գովազդի մեկ րոպեն տատանվում է 1000-2000 դոլարի սահմաններում, եւ նշում, որ այս թվերն անհամեմատ տարբերվում են հայաստանյան իրականությունից:

Գովազդից բացի հայաստանյան մասնավոր հեռուստաընկերությունները ֆինանսներ են ստանում նաեւ հասարակական կազմակերպությունների «PR»-ը կազմակերպելու համար: Այս եւ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների համագործակցության արդի վիճակին եւ զարգացման հեռանկարներին էր նվիրված երեկ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կազմակերպած սեմինարը:

Արամ Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ հայաստանյան առաջին տասը հեռուստաընկերություններն ունեն «բարեկամ հասարակական կազմակերպությունների» շրջանակ, որոնց գործունեությանն անդրադառնում են տարվա ընթացքումՙ դրա դիմաց ստանալով ֆինանսական այն միջոցները, որ նախատեսված են իրենց դրամաշնորհային ծրագրերում: «Ազգի» հարցին, թե արդյոք դա չի՞ նշանակում, որ այդպիսով արեւմտյան կամ եվրոպական դոնոր կազմակերպություններն են որոշում հայաստանյան հասարակական դաշտի այս կամ այն կառույցի կարեւորությունը եւ համապատասխան կազմակերպությանը եթերի հնարավորություն տալիս, պրն Սաֆարյանը պատասխանեց. «Իրոք, այն կազմակերպությունը, որն ունի դրամաշնորհային լուրջ ծածկույթ, եթերի ավելի մեծ հնարավորություն ունի, սակայն սա միայն մասնավոր հեռուստաընկերություններին է վերաբերում: Հանրայինի դեպքում խնդիրն ու պահանջներն այլ են»: Նա նշեց, որ նույնիսկ նախորդ տարեվերջին այնքան մեծ էր խոշոր դրամաշնորհ ունեցող կազմակերպությունների թիվը, որ չկար բոլորին եթեր տրամադրելու հնարավորություն, եւ մասնավոր հեռուստաընկերություններն ընտրության առջեւ էին կանգնել:

Շարունակելով հարցի պատասխանը, մյուս բանախոսըՙ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ավելացրեց, որ գնալով տեղացի մեծահարուստները, քաղաքական գործիչները եւ իշխանություններն ավելի մեծ գումարներ են հատկացնում ՀԿ-ներին, արդյունքում հեռուստաեթերի հնարավորություն են ունենում իշխանությունների համար առավել ընդունելի կազմակերպությունները: Ըստ բանախոսի գնահատականի, մեր երկրում լրատվամիջոցների եւ ՀԿ-ների միջեւ առկա հակասությունը պատճառ է դրանց տարբեր սկզբնավորումների: Եթե առաջինները զուտ տեղական ծնունդ ունեն, ապա երկրորդները մեծ մասամբ ստեղծված են միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներով կամ դրանցից ֆինանսներ ստանալու ակնկալիքով: Դրանց համագործակցությունն, իհարկե, դեռեւս չի կայացել: Նա նշեց, որ շատ ՀԿ-ներ արտերկրում թյուր կարծիք են տարածում մեր երկրում գործող լրատվական դաշտի մասինՙ հավաստիացնելով, թե վերջիններս զուրկ են բարոյականությունից, հեշտ են ենթարկվում ինքնագրաքննությանը եւ պրոֆեսիոնալ չեն:

Ի տարբերություն այս երկու բանախոսների, «Եվրոպական ինտեգրացիայի» նախագահ Կարեն Բեքարյանը նախընտրեց ոչ թե թեմայի շուրջն իր կարծիքը ներկայացնել, այլ խոսել իր կազմակերպության եւ «Ազգ» օրաթերթի միջեւ եղած հակասության մասին, որն արդեն չորս ամսվա պատմություն ունի: Սեմինարին մասնակից ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, գրեթե անտեղյակ խնդրին, ստիպված էին ունկնդրել Բեքարյանի գնահատականները նշված հակասության վերաբերյալ, ի դեպ նույնՙ միակողմանի կեցվածքով, ինչում մեղադրվում էր օրաթերթը, իսկ ոմանքՙ պարզապես կիսատ թողնել սեմինարն ու լքել սրահը: Ընթերցողներին տեղեկացնենք, որ հակասության առիթ դարձած հրապարակումներին կարող են ծանոթանալ մեր օրաթերթի նախորդ համարներում («Ազգ» 17 օգոստոս, 2005, 23 օգոստոս, 2005, 09 դեկտեմբեր, 2005): Նշենք, որ ՀՀ տնտեսական դատարանի նոյեմբերի 3-ի որոշումով «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից ԱՄՆ Առեւտրի եւ զարգացման գործակալության (USTDA) դրամաշնորհի գումարների պահումը ապօրինի ճանաչելու հետեւանքով նոյեմբերի 28-ին «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպությանը պարտադրվել էր դրանք վերադարձնել ամերիկյան «Սքայ Բրոդբենդ» ինկորպորացիային եւ բռնագանձվել էր տույժՙ գումարի վերադարձի ձգձգման համար: Այսպիսով, «Եվրոպական ինտեգրացիան» մտացածին պատճառներ է փնտրումՙ դատարանում սեփական պարտությունն արդարացնելու համար եւ օրաթերթին մեղադրում իր «հակառակորդի» քարոզչությունն իրականացնելու գործում: Լավ կլիներ, որ միջոցառման կազմակերպիչները հարգեին հրավիրվածների ժամանակն ու նախօրոք հայտարարեին, թե սեմինարը երկուՙ իրարից անկախ թեմաների է անդրադառնալու: Պրն Բեքարյանի արծարծած հարցն, ի դեպ, գրեթե հետաքրքրություն չառաջացրեց ներկաների մոտ եւ քննարկման 2 ժամերին որեւէ մեկն այլեւս չանդրադարձավ դրան:

Խմբ. կողմից.- Ինչ վերաբերում է պրն Բեքարյանի այն հայտարարությանը, թե վերոհիշյալ գործում «Ազգը» «շահ է հետապնդում իրականությունը միակողմանի ներկայացնելով», ապա ասենք, որ, իրոք, մեր թերթն այս հարցում շահագրգիռ մոտեցում ունի, քանզի վերոհիշյալ դրամաշնորհը տրվել էր մեր երկրում տիեզերական խոշոր հետազոտություններ կատարելու նպատակով, որից շահելու էր մեր գիտությունը:

Սա՛ էր մեր շահը: Իսկ թե ձգձգման մարտավարությամբ ի՞նչ եւ ո՞ւմ շահն էր հետապնդում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն, դա արդեն ժամանակը ցույց կտա:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4