Հայաստանի շախմատիստներից ներկայում ամենաբարձր վարկանիշն ունեցող Լեւոն Արոնյանը շարունակում է տպավորիչ մրցելույթները Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը ֆրանսիացի Էթիեն Բաքրոն էր, որը մրցաշարի մասնակիցներից երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունի: Առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում, սպիտակներով խաղացող Բաքրոյին միայն հավերժական շախի շնորհիվ էր հաջողվել փրկել պարտիան, քանի որ Արոնյանը նորույթ էր կիրառել եւ դժվարին կացության մեջ գցել մրցակիցներին:
Եվ ահա երեկ տեղի ունեցավ մրցակիցների 2-րդ պարտիան, որում Լեւոնը խաղում էր սպիտակներով: Նա հիանալի անցկացրեց ողջ պարտիան եւ արժանի հաղթանակ տոնեց: Մրցախաղը շահելով 1,5-0,5 հաշվով, Լեւոն Արոնյանը մտավ եզրափակիչ: Այսպիսով, հայ գրոսմայստերը հաջողությամբ հաղթահարեց մրցաշարի 6 փուլերի արգելքները: Բարձունքը նվաճելու համար նրան մնացել է եւս մեկ, բայց ավելի դժվարին ու վճռորոշ քայլ կատարել: Ճիշտ է, առայժմ հայտնի չէ, թե եզրափակիչում ով է լինելու Արոնյանի մրցակիցը: Կիսաեզրափակիչի մյուս զույգում առայժմ հաղթողը չի որոշվել: Ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի: Կայացած երկու պարտիաներում էլ մրցակիցները խաղաղ դաշն են կնքել: Այնպես որ այսօր Պոնոմարյովին ու Գրիշչուկին հարկ կլինի կրկին նստել խաղասեղանների շուրջըՙ որոշելու Արոնյանի մրցակցին: Իսկ ահա հայ գրոսմայստերը վճռորոշ մրցախաղից առաջ լրացուցիչ մեկ օր հանգստանալու հնարավորություն կունենա, ինչը շատ կարեւոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ մրցաշարում լարվածությունը բավական մեծ է: Այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարում ամեն մի վրիպում կարող է ճակատագրական լինել:
5-8-րդ տեղերի համար մրցավեճում Բորիս Գելֆանդը 2-0 հաշվով հաղթեց Միխայիլ Գուրեւիչին: Այժմ Գելֆանդը պետք է մրցախաղ անցկացնի 5-6-րդ տեղերի համար: Նրա մրցակիցն այդ մրցախաղում դեռեւս անհայտ է, քանի որ Ռուբլյովսկի-Բարեեւ մրցախաղում գրանցվել է ոչ-ոքի: Այս զույգն այսօր ստիպված կլինի լրացուցիչ մրցախաղ անցկացնել: Նույնպիսի ճակատագիր է սպասվում նաեւ 9-12-րդ տեղերի համար պայքարողներին: Այստեղ եւս հավասարակշռություն է պահպանվում Մալախով-Կառլսեն, Կամսկի-Վալյեխո պարտիաներում: 13-16-րդ տեղերի համար մրցավեճում Դրեեւը հաղթեց Սակաեւին, իսկ Լոթյեի եւ Վան Վելիի մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի: