«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿԱՐԳԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՈՒՄ

ՀՖՖ նախագահն ամփոփեց մրցաշրջանի արդյունքները

Ավանդույթի համաձայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցաշրջանի արդյունքներն ամփոփելու նպատակով հանդիպեց լրագրողներին: Անդրադառնալով ավարտված առաջնությանը, նախագահը նշեց, որ բոլորիս է հայտնի մեր առաջնության մասնակից թիմերի ցածր խաղամակարդակը, ֆինանսական ոչ կայուն վիճակը, որի հետեւանքով էլ մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունն այս տարի էլ առանձնապես մեծ չէր: Ընդհանուր առմամբ, առաջնությունն անցավ նորմալ պայմաններում: Հիմնական պայքարը ծավալվեց ֆինանսապես քիչ թե շատ կայուն 4 ակումբների միջեւ: Մրցավարությունից էլ, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, նախագահը համեմատաբար գոհ էր:

Պատասխանելով հաջորդ մրցաշրջանի մրցակարգի, թիմերի քանակի ավելացման հարցերին, նախագահը նշեց, որ առաջին խմբում կան ֆինանսապես ապահովված ակումբներ, որոնք ցանկություն են հայտնել հաջորդ մրցաշրջանում հանդես գալու ուժեղագույնների խմբում: Այս հարցը կքննարկվի այսօր կայանալիք ֆեդերացիայի գործկոմի նիստում: Ընդհանրապես ֆուտբոլի ֆեդերացիան ծրագրել էր տարիների ընթացքում աստիճանաբար ավելացնել բարձրագույն խմբի թիմերի քանակը: Այնպես որ, եթե գործկոմը դրական պատասխան տա թիմերի դիմում-խնդրանքներին, ապա ամեն ինչ տեղի կունենա ըստ նախապես ծրագրվածի:

Ռուբեն Հայրապետյանն իր դժգոհությունն արտահայտեց որոշ ակումբների ղեկավարներից, որոնք չեն մասնակցում մրցաշրջանից առաջ առաջնության մրցակարգի շուրջ կազմակերպվող քննարկումներին, փոխարենը` այդ մրցակարգից իրենց դժգոհությունն արտահայտելով առաջնության ընթացքում: Լրագրողների կողմից առաջարկ եղավ նոր կանոնակարգի տարբերակի քննարկմանը մասնակից դարձնել նաեւ իրենց, ինչպես նաեւ մարզիչների համար պարտադիր դարձնել խաղերից հետո զանգվածային լրատվամիջոցների հետ ճեպազրույցների անցկացումը:

Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանի հետագա ճակատագիրը: Ռուբեն Հայրապետյանը ցանկանում է, որպեսզի մարզիչը շարունակի աշխատանքը: Պարզապես վերջինս ընտանեկան խնդիրներ ունի եւ առաջիկա բանակցությունների ընթացքում վերջնականապես կպարզվի Վիսմանի Հայաստանում մնալ-չմնալու հարցը: Ինչ վերաբերում է ազգային հավաքականի ելույթների գնահատականին, ապա ըստ նախագահի, կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որոնք հնարավորություն չտվեցին պատշաճ մակարդակով հանդես գալ ընտրական մրցաշարում, որում, իրոք, ուժեղ մրցակիցներ էին ընդգրկված: Մրցաշրջանի ընթացքում հավաքականի մարզիչների փոփոխությունը, նաեւ կատարված սերնդափոխությունը չէին կարող չանդրադառնալ հավաքականի մրցելույթների վրա: Ըստ նախագահի` Հենկ Վիսմանին հաջողվել է ֆուտբոլային մարտունակ կոլեկտիվ ստեղծել, որը կարող է ընտրական հաջորդ մրցափուլում ավելի լավ հանդես գալ: Հավաքականի նախապատրաստական ծրագիրը ավելի կկոնկրետանա հունվարի 27-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունից հետո: Սակայն այժմ էլ արդեն հայտնի է, որ փետրվարին մեր ընտրանին Կիպրոսում կմասնակցի միջազգային մրցաշարի: Նախատեսվում է նաեւ Հորդանանի հետ հետաձգված հանդիպման անցկացումը Երեւանում: Ի դեպ, այդ խաղում հնարավոր է կազմակերպվի հավաքականի վետերան ֆուտբոլիստների հրաժեշտի արարողությունը:

Տարիքային մյուս խմբերի հավաքականներն էլ հաջող հանդես չեկան, թեեւ մինչեւ 19 տարեկանների հավաքականը հանդես եկավ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլում: Ըստ նախագահի, այստեղ էլ որոշ առանցքային ֆուտբոլիստների անձնագրերի հետ կապված խնդիրների պատճառով հնարավոր չեղավ հավաքագրել ուժեղագույն կազմը, ինչն էլ անդրադարձավ մրցելույթների վրա: Եվրագավաթների մասնակից թիմերից նախագահը առանձնացրեց միայն «Բանանցի» հաջող ելույթները, իսկ ահա «Փյունիկի» ղեկավարությունն, ի տարբերություն նախորդ տարիների, չկարողացավ ուժեղացնել թիմի կազմը միջազգային ասպարեզ դուրս գալուց առաջ:

Ինչպես հայտնի է, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլի հանդիպումները կայանալու են Երեւանում: Նախագահը տեղեկացրեց, որ մրցաշարի հանդիպումները կկայանան «Նաիրի» եւ «Հանրապետական» մարզադաշտերում: Մոտ օրերս կնշանակվի հավաքականի գլխավոր մարզիչը եւ կկազմվի թիմի նախապատրաստության ծրագիրը, որն անպայման նախատեսում է ուսումնամարզական հավաքներ արտերկրում: Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում «Նանսիի» հայազգի ֆուտբոլիստ Սարգսյանի հետ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու շուրջը: Բացառված չէ, որ նրա հետ անձամբ հանդիպի ՀՖՖ նախագահը:

Խոսք գնաց ՈւԵՖԱ-ի կողմից Հայաստանում արհեստական փոքր մարզադաշտերի կառուցման աշխատանքների մասին: Ըստ նախագահի, արդեն անհրաժեշտ պարագաները բերվել են Հայաստան եւ Կենտրոն համայնքում սկսվելու են աշխատանքները: Ինչ վերաբերում է մարզերում ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքներին, ապա ըստ նախագահի, ֆուտբոլի ֆեդերացիան միայնակ չի կարող դա իրականացնել: Նա ցավով նշեց, որ բացառությամբ Տավուշի մարզպետի, մյուս մարզերի ղեկավարներին ընդհանրապես չի հետաքրքրում ֆուտբոլը: Այս հարցում պետական մոտեցում է անհրաժեշտ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4