«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Նաիրա Մելքումյանը այս երկուշաբթի պատասխանել էր «Ազգ»-ի կայքէջի ընթերցողների հարցերին: Ներկայացնում ենք այդ պատասխանների ուշագրավ հատվածները:
Հովհաննես, Հայաստան
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող քաղաքականությունն ամբողջապես ուղղված է եվրոինտեգրմանը, մինչդեռ մեր երկիրը շատ մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից (հաշվի առնելով լայնածավալ ներդրումները եւ տնտեսական կախվածությունը), ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությունից, որի ամենահարուստ զանգվածը գտնվում է ոչ եվրոպական երկրներում: Ըստ ձեզ` ի՞նչ հետեւանքներ կարող են լինել այս քաղաքականության պատճառով, արդյոք մենք չե՞նք կորցնում Ռուսաստանը` որպես տնտեսական գործընկեր, եւ սփյուռքը` որպես բարեկեցության ներկայիս հիմնասյուներից մեկը:
- Կարծում եմ, ավելի նրբորեն պետք է վերաբերվենք բոլոր այն մոտեցումներին, որ դրսեւորում է Հայաստանի իշխանությունը: Իրականում ես որեւէ հակասություն չեմ տեսնում եվրոինտեգրման եւ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության մեջ, որովհետեւ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել եւ խորացնել իր հարաբերությունները հենց Եվրոպայի հետ: Եթե նկատել եք` վերջերս հատուկ հարաբերություններ են ստեղծվում Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ. այսինքն` էստեղ ես որեւէ հակասություն չեմ տեսնում եւ կարծում եմ, որ հակառակը, Ռուսաստանը կարող է լինել եվրոինտեգրման ամենակարճ ճանապարհը, եւ չեմ կարծում, որ մոտ ապագայում մենք կարող ենք հավակնություն ունենալ դառնալու Եվրոպական միության անդամ, բայց որ մենք ապրում ենք Եվրոպայում, եվրոպական տարածքում` աշխարհագրորեն, հոգեբանորեն եւ մշակույթի առումով, այդ տեսակետից ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հեռանկարում չեն կարող հակասել մեր եվրոպական ուղղվածությանը:
Աշոտ Արամյան, Ստեփանակերտ
- Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Վանքի խաչմերուկ-Դրմբոն հատվածը նոր է կառուցվել, բայց քանդվում է: Կուզենայինք ճշտել` ո՞ւմ եք վստահել (ո՞ր շինարարական կազմակերպություններին) մեր սփյուռքահայ հայրենակիցների հարյուրական դոլարները:
- Ուզում եմ հիշեցնել, որ այդ ճանապարհն ավարտվել է 2001 թվականի դեկտեմբերին: Ես էլ եմ տեսել այդ ճանապարհը եւ առաջարկել եմ կառավարության հետ ստեղծել հատուկ հանձնաժողով, որը պետք է պարզի պատճառները. կան կարծիքներ, որ նախագծի հետ կան խնդիրներ կամ միգուցե այդ ճանապարհի տակով ստորգետնյա ջրեր են անցնում, ամեն դեպքում այդ ճանապարհն անհրաժեշտ է արագ վերականգնել` գարնանն արդեն պետք է վերականգնված լինի, որովհետեւ «Հայաստան» հիմնադրամի ղարաբաղյան կառույցի հետ համադրված եզրակացություն կա այդ մասին: Հավատացեք` սա եզակի դեպքերից մեկն է, որտեղ պետք է արվածը նորից անել:
Ռուստամ Փափազյան, ՌԴ, Դոնեցկ
- Տիկին Նաիրա, պատկերացնենք, որ կռվով Արցախը գրավեցին ազերիները: Ինչպե՞ս եք տեսնում հետագա վիճակը: Խնդրում եմ չպատասխանեք, թե այդպես չի լինի: Շնորհակալություն: (Կայքի խմբագրի կողմից. մեզ թույլ ենք տալիս ենթադրություն անել մեր այս ընթերցողի այլ ծագման մասին եւ բարեկամաբար փոխանցել` իշտահիդ քացախ, հարեւան «բարեկամ»):
- Չեմ ասի, որ այդպես չի լինի, որովհետեւ ամեն մի քաղաքական գործիչ, դիվանագետ կամ զինվորական մտածում է նաեւ ամենահոռետեսական սցենարների մասին: Ես էլ եմ մտածել, եւ մտածել եմ, թե ինչ կլիներ, եթե, անհավանական է, բայց լինի կայծակնային ներխուժում Ղարաբաղ. առաջինը` չպիտի մոռանալ, որ Արցախը պահպանվել է հայկական, որովհետեւ լեռնային երկիր է, այսինքն` ամբողջ Արցախը միանգամից գրավել անհնարին է, երկրորդ` դա մեզ հնարավորություն կտա կազմակերպվել եւ արժանի հակահարված տալ:
Ինչ վերաբերում է դիվանագիտական-քաղաքական հետեւանքներին, ապա Ղարաբաղ մտնելու ցանկացած փորձ կունենա ամենականխատեսելի հետեւանք` վստահ եմ, միանգամից ե՛ւ ԵԱՀԿ-ն, ե՛ւ ՄԱԿ-ը անպայման քաղաքական հայտարարություններ կանեն անմիջապես, բայց անկախ դրանից` ես վստահ եմ, որ հայկական բանակն անմիջապես հակահարված կտա, իսկ Արցախ ներխուժելու ազերիների հենց առաջին փորձը թույլ կտա կամ ճանաչել միանգամից Արցախի անկախությունը, կամ հայտարարել, որ Արցախը վերամիավորվում է Հայաստանի հետ: Այդ սցենարների մասին բոլորս էլ մտածել ենք:
«Ազգ» օրաթերթ
- Տկն Մելքումյան, կարելի է ասել, որ Դուք այն փոքրաթիվ մարդկանցից եք Հայաստանում, որոնք ծանոթ են ԼՂՀ բանակցային գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությանը. արդյոք մո՞տ է հարցի լուծումը եւ ի՞նչ են հուշում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներիՙ Լյուբլյանայի վերջին հայտարարությունները, նրանց փոխանցված առաջարկությունների նոր փաթեթը:
- Մինչեւ 1998-2000 թվականները բազմաթիվ անգամ փաթեթներ են փոխանցվել մեզ, սա մի կողմից: Մյուս կողմից` ես ուզում եմ հուսալ, որ հարցի լուծումը մոտ է, որովհետեւ այսօր այնպիսի դիվանագիտական եւ քաղաքական մթնոլորտ է, որ միգուցե առավել բարենպաստ լինի հարցի լուծման համար: Եթե նկատել եք` այսօր համանման խնդիրները քննարկվում են (օրինակ` Կոսովոյի հարցը), այսօր շատ ավելի հետաքրքրական գործընթացներ են գնում նաեւ ընդլայնված Եվրոպայի շրջանակներում, նոր մոտեցումներ կան: Պետությունների միջեւ սահմանները կորցնում են այն նշանակությունը, որ ունեին, օրինակ, 19-րդ կամ 20-րդ դարում, ստեղծվում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ, եւ մենք պետք է կարողանանք օգտվել այդ իրավիճակի հեռանկարային հնարավորություններից: Ես հուսով եմ, որ հարցի լուծումը ճիշտ ուղու վրա է: Կարծում եմ, որ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միջեւ հակասությունը, որ կար 20-րդ դարում, հիմա ավելի եւ ավելի լուծվում է ժողովուրդների ինքնորոշման օգտին` Արեւելյան Թիմորը, Կոսովոն, այսինքն` գնում են գործընթացներ, որոնց դեմն առնել չի կարելի: Եվ այդ վերջին գործընթացները շատ ավելի նպաստավոր են, քան եղել են մի քանի տարի առաջ. 10 տարում ամեն տարի նոր առաջարկ եկել է եւ եղել է առավել բարենպաստ, քան նախորդ տարի: Ինչ վերաբերում է լուծումների սահմաններին, մենք բոլորս էլ լավ պատկերացնում ենք` լուծումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք չեն սպառնա Արցախի եւ Հայաստանի անվտանգությանը: Չպետք է կարծել, որ որեւէ մեկն ավելի հայրենասեր է, քան այն մարդը, որն այսօր պատասխանատու է Հայաստանի ապագայի համար:
«Ազգ» օրաթերթ
- «Հայաստան» հիմնադրամի ֆինանսական գործունեության պատկերն արդյոք թափանցի՞կ է, եւ յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է, կարո՞ղ է տեղեկացվել այդ մասին:
- «Հայաստան» հիմնադրամը միգուցե միակն է Հայաստանում, որն ունի ֆինանսական թափանցիկություն բոլորի առջեւ. հայտնի է, որ մենք ամեն տարի տպում ենք մեր ոսկե մատյանը, որտեղ բոլոր նվիրատուների ցանկն է: Մենք ամեն տարի անցնում ենք ֆինանսական աուդիտ եւ ֆիզիկական աուդիտ հայտնի միջազգային աուդիտորական «Գրանթ Թորնթոն Ամիո» կազմակերպության կողմից: Բոլոր մեր ծրագրերը, փաստաթղթերը, շինարարական կառույցների հաշվետվությունները «Ամիո»-ն նայում է, եզրակացությունը տպագրվում է եւ ներկայացվում «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Մեր ինտերնետային www.himnadram.org էջում տեղադրված են բոլոր տարիների մեր հաշվետվությունները:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ազգ»-ի դեկտեմբերի 11-ի կայքէջում: