ՄՈՍԿՎԱ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն դեռեւս վաղ է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ հետ համագործակցության մասին խոսելը, այսօր ՌԻԱ «Նովոստի»-ում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարիՙ Կովկասի եւ Միջին Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նա նշել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի վերջերս կայացած նիստում ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները: ՆԱՏՕ-ում «դրականորեն արձագանքեցին այդ պարզաբանումներին», ասել է Սիմոնսը:
«Սակայն այս փուլում դեռեւս վաղ է խոսել այդ կազմակերպության հետ առավել խորը համագործակցության մասին, քանի դեռ նրա գործունեությունը վերջնականապես ձեւավորված չէ», ընդգծել է Ռոբերտ Սիմոնսը: