Դժվար է տպավորությունների օրաթերթային սովորական արձանագրում, երբ խոսքը Գրիգոր Գուրզադյանի մասին է, նաեւ պատասխանատու է: Այս հանդիպումը մեծ գիտնականի հետ տիեզերական ծիրից դուրս մեր երկրային իրողությունների մեջ էրՙ ցուցասրահում, կերպարվեստի ձեւերում, ուր լուսահորդ կապույտի մեջ թաղված Հայաստան երկրի գուրզադյանական աշխարհը մեզ հուշում է բնության մեծ խորհրդի մասին, լսելի դարձնում լույսի ու ստվերի գունախաղային գաղտնիքները... Ու հասկանում ես, թե որքան շատ են դեպի մեծ ճշմարտությունը տանող ճանապարհները, որոնք իրենց բազմազանության մեջ որքան հետաքրքրական, նույնքան էլ իրար մոտ են: Գիտության մարդը նկարչության լեզվով դարձյալ փորձում է ճանաչել աշխարհը, աշխարհի էսթետիկան, նրա խորհուրդը: Մի վայր, ուր ճանաչողությունը, իմացությունն ու գեղեցկությունը հանդիպում են շատ ներդաշնակորեն ու հաշտ: Թերեւս այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ տիեզերքի հետազոտողըՙ հայացքն աստղերին գիտնականը, բնության մեջ գեղեցիկը փնտրում է ծաղկանց շնչառության մեջ, իր հարազատ Գառնիի ձորերում ու մեզ փոխանցում տիեզերական տեսիլքներից եկող, իրեն հաղորդվող գրգիռներն ու շշուկներն աստղերիՙ մեզ համար նոր ու անիմանալի...
Ազատ Գասպարյանի արտիստիկ ներկայացումն էլ մի ներքին համահնչություն ուներ այս նկարչության հետՙ աստղային տիեզերքի երազի իրականության հետ, որպիսին Գրիգոր Գուրզադյանն է իր էության խորքում, որքան գիտնական-հետազոտող, նույնքան տիեզերական երազող, ուստի եւ արվեստագետ: Ազատ Գասպարյանը հիշեցրեց Վիլյամ Սարոյանի այցը Հայաստան, երբ նա ցանկություն էր հայտնել հանդիպել միայն Գրիգոր Գուրզադյանին եւ նրանց զրույցը տեւել էր 2 ժամ: Նա փորձեց կրկին հիշեցնել ներկաներին կարեւոր, բայց այս խռովյալ օրերին մոռացված մի ճշմարտություն, որ ուշադիր լինենք գիտության եւ մշակույթի գործիչների նկատմամբ, որպեսզի նրանք «չխռովեն» մեզանից, որովհետեւ նախ եւ առաջ դա մեզ է անհրաժեշտ, եւ որովհետեւ կյանքը դաժանորեն պատժել գիտի...
Ցուցահանդեսը մտահղացողներըՙ պատկերասրահի տնօրեն, նկարիչ Փարավոն Միրզոյանը եւ «Նիգ-Ապարան» հայրենակցական ընկերության նախագահ Աղվան Հովսեփյանը, այցելելով Գառնի եւ տեսնելով գիտնականի նկարչական աշխատանքները, գնահատելով դրանք տիեզերքի ընկալման իրենց առանձնահատկությամբ, կազմակերպել են այս ցուցադրությունը:
«Գրիգոր Գուրզադյանը մեր ազգային խորհրդանիշերից է, իտալական Վերածննդի ժամանակներից Հայաստանին բաժին հասած փառք» Ջեմմա Անանյանը ջերմությամբ ու ակնածանքով իր տարիների գնահատանքը, վերաբերմունքը հայտնեց առ Գուրզադյան գիտնականն ու արվեստագետը:
Աստված շռայլ է իր սիրելիների նկատմամբ ու արվեստագետի տաղանդը գիտնականի մեջ հաճելի հպարտություն էր ծնում ներկաների մեջ, ինչին անդրադարձան ԳԱ ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Գրիգոր Գուրզադյանը եղել է Վարազդատ Հարությունյանի ուսանողը: 97-ամյա ճարտարապետը անդրադարձ արեց այդ անցյալին. «Նա դիմում տվեց, որ իրեն թույլ տան միաժամանակ 2 ֆակուլտետներում սովորելուՙ հիդրոտեխնիկական եւ շինարարական: Հաջողությամբ անցավՙ գերազանց գնահատականներով: Միաժամանակ, մեզանից թաքուն նկարչական կրթություն էր ստանում Փ. Թերլեմեզյանի ուսումնարանում: Այդպես կյանք մտավ, բայց ուզեց աստղաբաշխությամբ զբաղվել: Երբ Վ. Համբարձումյանի մոտ գնաց, նա թեՙ մաթեմատիկական գիտելիքներդ բավարար չեն, ու տվեց 2.000 էջանոց գրականության ցուցակ: Գուրզադյանը պատրաստվեց ու հանձնեց գերազանց, ու գնաց մի ճանապարհով, որ համաշխարհային համբավ բերեց ե՛ւ իրեն, ե՛ւ պատիվՙ իր ժողովրդին:
Իր նկարներում սարյանական շունչ կա եւ այս ամենն արված գուաշով կամ ակվարելով, ցույց է տալիս իր կատարողական բարձր վարպետությունը»:
Որքան գիտնականի, նույնքան արվեստագետի հայացքով ու մտածողությամբ, խորհրդածողի ու վերլուծողի սթափությամբ Գրիգոր Գուրզադյանի խոսքի կարիքը, անհրաժեշտությունը զգաց ներկաներից յուրաքանչյուրը. «... Հաշտվեցինք այս մտքի հետ (ցուցահանդեսի իրողության), բայց ես իմ էությամբ, իմ մտքով այլ տեղ եմ: Ես ինձ լավ եմ զգում, որ հասա մի տարիքի, որ տեսնեմ հայ կերպարվեստի այսօրվա վիճակըՙ այսպիսի բազմազանություն, ինքնատիպություն», ապա գիտնականը հիշեց պատերազմական տարիները, երբ գերմանական զորքերը հասել էին Կովկասյան լեռնաշղթային ու հայտնվեց Մարտիրոս Սարյանի հռչակավոր «Ծաղկեփունջը», Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան, Մարիամ Ասլամազյանի «Հերոսի վերադարձը»ՙ «մեր կերպարվեստի պատմության մեջ առաջին պատմական կոմպոզիցիան հանիրավի թերագնահատված», Դեմիրճյանի «Վարդանանքը», հոբելյանական մի առիթով լսվեց ԳԱ ակադեմիայի առաջին նախագահիՙ Հովսեփ Օրբելուՙ միջնադարյան հայ ճարտարապետության վերաբերյալ բարձր գնահատությունըՙ իբրեւ «տիեզերական իրադարձության»:
«Մի կտոր սեւ հացով ժողովուրդն ապրում էր հոգեկան վերելք, ես դա ակամա հակադրում եմ, ոչ զայրույթով կամ չարությամբ, այսօրվա անտարբերությանը հանդեպ արվեստը, գեղեցիկը, մշակույթը: Բայց դա անցողիկ է: Կարեւորը, որ արվեստագետները շարունակեն ապավինել իրենց վրձնին, մտքին, ցանկությանը:
Ես գալիս եմ ծնկաչոք մեր արվեստի, մեր գեղեցկության խոշորագույն երազինՙ Մեծն Սարյանին: Ես ունեցա այդ բախտըՙ տեսնել նրան եւ ինձ լավ եմ զգում այդ հեռավոր ժամանակների համար, երբ այդ գիգանտըՙ վրձնի ու գեղեցկության, աստղային երկնքի վրա դրոշմեց հուժկու թափվող իր ձեռքերիցՙ արշալույսը հայ կերպարվեստի...»:
Բանաստեղծորեն ներշնչված այս խոսքերին հավելենք իր էսսեներից մեկում արտահայտված այն միտքը, որին անդրադարձավ Ջեմմա Անանյանը, որ տիեզերքում ամեն ինչ կանոնակարգված է, կարող ենք դիտարկել, թե հազար տարի առաջ այդ աստղը որտեղ է եղել, եւ որ անկարգությունը միայն երկրի վրա է, որովհետեւ աստղերը որոշումների ընդունակ չեն, իսկ այստեղ յուրաքանչյուրը դա կարող է անել: Եվ մաղթենք, որ այդ անկարգությունները երկրի վրա գոնե շատ սահմանազանց չլինեն...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ