Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, երեկ տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի այս տարվա վերջին նիստը, որը նախագահում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերում էին մրցավարության բարելավմանը, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին, քննարկվեց նաեւ 2006 թվականի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի թվաքանակի հարցը: ՀՖՖ նախագահը տեղեկացրեց, որ «Գանձասար» եւ «Երեւան յունայթեդ» ակումբները գրավոր դիմել են ՀՖՖ գործադիր կոմիտեին` խնդրելով թույլատրել «Գանձասար» եւ «Երեւան յունայթեդ» թիմերի մասնակցությունը բարձրագույն խմբի առաջնությանը: Հիշյալ ակումբները գրավոր հավաստիացրել են, որ իրենք ի զորու են լուծելու առաջնությանը մասնակից իրենց թիմերի ֆինանսական խնդիրները:
Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում: Գործադիր կոմիտեի անդամները կարծիք հայտնեցին, որ հարկավոր են ավելի գործուն մեխանիզմներ` հավաստիանալու, որ ակումբներն ի վիճակի են կատարելու համապատասխան ներդրումներ: Խոսքը հատկապես վերաբերում էր «Երեւան յունայթեդին»` նկատի ունենալով թիմի հետ կատարվածը 2005 թվականի մրցաշրջանում:
ՀՖՖ նախագահը համաձայնվելով այն տեսակետին, որ հարկավոր են ավելի վստահելի երաշխիքներ, քան պարզապես գրավոր հավաստիացումներն են, այնուամենայնիվ, կարծիք հայտնեց, որ եթե մշակվեն այդպիսի մեխանիզմներ, նախ դրանք պետք է տարածել բոլոր, այդ թվում եւ այսօր արդեն բարձրագույն խմբում հանդես եկող թիմերի վրա, բայց նաեւ մտավախություն կա, որ որոշակի գումարների նախնական ներդրման` սառեցման դեպքում, հնարավոր է թիմերին, կամ ներդրողներին զրկել շրջանառու միջոցներից:
Երկարատեւ քննարկումից հետո առաջարկվեց թույլատրել «Գանձասար» եւ «Երեւան յունայթեդ» թիմերին մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, միաժամանակ խնդիր դրվեց մշակել ակումբների ֆինանսական երաշխիքների մասին հավաստիանալու ռեալ մեխանիզմներ` քայլ առ քայլ այն կիրառելու համար: ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն որոշեց «Գանձասար» եւ «Երեւան յունայթեդ» թիմերին թույլատրել մասնակցել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ