«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2005-12-13 | #228, 2005-12-14 | #229, 2005-12-15


«ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ»-Ն ՍՏԱՆՁՆԵՑ «ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ» ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Անրի Կյունին մաղթեց հայերին լավատես լինել սեփական երկրի նկատմամբ

Ջրային տնտեսության պետական կոմիտեն, ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությունը եւ նրա ստեղծած վարձակալ ընկերությունըՙ «Երեւան ջուրը» երեկ ստորագրեցին Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վարձակալության պայմանագիրը:

Հիշեցնենք, որ «Երեւանի ջրմուղ-կոյուղու» կողմից շահագործվող համակարգերը 10 տարի ժամկետով վարձակալության տալու մրցույթին առավել լավ տարբերակ ներկայացրել եւ մրցույթը շահել էր վերոնշյալ ֆրանսիական ընկերությունը: Ի տարբերություն նախորդՙ լիազոր կառավարման, այս անգամ վարձակալ ընկերությունը լիակատար պատասխանատվություն է կրում եկամուտների եւ ծախսերի, այսինքնՙ նաեւ ստացվելիք շահույթի համար: Սա լուրջ խթան է ընկերության համար, որպեսզի նա ձգտի բարձրացնել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման արդյունավետությունը:

Ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությունը ոլորտի միջազգային ճանաչում ունեցող ընկերություններից է: «Ժեներալ դեզ Օ»-ն ընդգրկված է «Վեոլիա Օ գրուպ» ընկերությունների խմբում, որը գործում է աշխարհի 55 երկրներումՙ սպասարկելով 110 մլն բնակչության, այդ թվում Փարիզում, Մարսելում, Լիոնում, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Չեխիայի, Հունգարիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի քաղաքներում:

Պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ վերջին տարիներին «Երեւանի ջրմուղ-կոյուղում» կառավարության ջանքերով, Համաշխարհային բանկի, ԱՄՆ եւ Ճապոնիայի կառավարությունների աջակցության շնորհիվ հնարավոր եղավ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել: Դրա արդյունքում այս համակարգով հետաքրքրվեց նաեւ մասնավորը: Կոմիտեի նախագահը լրագրողներին տեղեկացրեց, որ 10 տարում այս համակարգում Համաշխարհային բանկի վարկային ծրագրով պետք է ներդրվի 22 մլն դոլար: Դրանից բացի, «Ժեներալ դեզ Օ»-ն իր կողմից կներդնի եւս 16 մլն դոլար:

«Վեոլիա Օ գրուպի» Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Ժան Պատրիկ Պուարիեն տեղեկացնելով, որ իր ներկայացրած ընկերությունը ստեղծվել է 1853 թ. դեկտեմբերի 14-ին, խորհրդանշական համարեց, որ այս ամսվա նույն օրն իրենք ստանձնում են Երեւանի ջրմուղ-կոյուղու վարձակալությունը: Նա հավաստիացրեց, որ այս ծրագիրն ամբողջությամբ ուղղված է սպառողների պահանջների բավարարմանը, ծառայության որակի բարելավմանը եւ ցանցում հոսակորուստների նվազեցմանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին նույնպես լավատեսորեն էր տրամադրված իր վարձակալ կազմակերպության գործունեության նկատմամբ: Իր ելույթում նա մաղթեց, որ հայերն այնքան լավատես լինեն իրենց երկրի նկատմամբ, որքան ֆրանսիացի ներդնողները:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ֆրանսիական ընկերությունն ավելի արդյունավետ եւ լավ կկառավարի Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը, քան դա անում էր իտալական «Էյ Յութիլիթին»: Ըստ նախարարի, վերջինից կառավարությունն «այնքան էլ գոհ չէր»: «Կոնկրետ ի՞նչն էր դժգոհություն հարուցում» մեր հարցին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ դժգոհությունն արտահայտվում էր սպասարկման մակարդակից եւ որակից, գումարների հավաքումից, ներդրումներից եւ այլն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4