Երեւանը վերջին շաբաթներին տառացիորեն հանձնվել է հարբուխի գրոհին: Տուն չկա, որ մրսած ու կիսամրսած, ջերմող կամ հազացող հիվանդ չունենա: Եվ քանի որ հարբուխն ու հազն այնպիսի հիվանդություններ չեն, որ բժիշկ ու հիվանդանոց չսիրող հայերիս ստիպեն հասնել նրա դուռը, հիվանդությունը ոտքի վրա ենք տանում կամ լավագույն դեպքում` ինքնաբուժմամբ զբաղվում: Թերեւս այդ պատճառով մեր առողջապահներն այս օրերին հիվանդացության մակարդակի ու տարածվածության վերաբերյալ հստակ տվյալներ չունեն:
Ինչպես ամեն տարի, այս ձմռանն էլ գրիպն ու սուր շնչառական հիվանդությունները կիսատ-պռատ ջեռուցվող բնակարանների համառ հյուրն են դարձել: Եվ երեւի չկա մարդ, որը գոնե մի ձմեռ խուսափի դրանց թակարդից: Իսկ թակարդը ոչ միայն ցուրտ բնակարաններն են, այլեւ քաղաքի անբարենպաստ աշխարհագրական դիրքը:
Երեւանը գտնվում է փոսի մեջ, եւ հատկապես այս ցուրտ շաբաթներին քամիների բացակայությունը փորձանք է դառնում: Տրանսպորտային արտանետումներն անարգել կուտակվում են քաղաքի գլխին` աշխուժացնելով բոլոր կարգի հիվանդությունները: Առաջին անխուսափելի հարվածն ստանում են շնչառական օրգանները` սուր արտահայտված պարբերական հազով: Այս օրերին Երեւանը բառացիորեն հարբուխ է ընկել: Ինչպես ամեն տարի, այս ձմռանն էլ համաճարակաբանները մոնիտորինգ են անում եւ ըստ այդմ հայտարարում, որ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ հիվանդացության մակարդակը ոչ աճել է, ոչ էլ նվազել: Պարզապես այս անգամ վերին շնչուղիների բորբոքման պատճառ դարձել է ոչ թե գրիպը, այլ ավելի սուր արտահայտված վիրուսային հարբուխը: Այլ կերպ ասած` Երեւանը ոչ թե փռշտում է, ինչպես անցած ձմեռ, այլ հազում: Եվ քանի որ վարակն օդակաթիլային է, հեշտությամբ տարածվում է հատկապես իրար գլխի կամ քիթ-քթի նստած մարդկանցով երթուղայիններում, աշխատավայրերում, հասարակական կուտակման մյուս վայրերում:
Չնայած գրիպի դեպքեր գրեթե չկան, այս օրերին գրիպի դեմ պատվաստանյութ է ներկրվել հանրապետություն: «Ճշտվում են ռիսկի քանակական խմբերը, եւ մյուս շաբաթվանից կսկսվեն զանգվածային պատվաստումները», ասում է հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Ուրբաթ օրն առողջապահության նախարարությունում Երեւանի եւ հանրապետության հարբուխային ու գրիպոզ վիճակի վերաբերյալ մամուլի հատուկ ասուլիս է հրավիրվելու:
Կ. Դ.