Խմբագրությունը երեկ քաղաքացի Հրանտ Տեր-Աբրահամյանից նամակ-հայտարարություն ստացավ զինծառայողների սպանության մեջ մեղադրվող եւ արդեն 100 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանի գործի վերաբերյալ: Նամակին կցված էր նաեւ բժշկի կարծիքը, համաձայն որի հացադուլավոր Ռազմիկ Սարգսյանը բուժման խիստ կարիք ունի հիվանդանոցային պայմաններում: Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը մեղադրվում են 2 զինծառայողների սպանության մեջ եւ իրենց անմեղությունն ապացուցելու համար հացադուլ են հայտարարել: Ամենաերկարը Ռազմիկ Սարգսյանինն է` 100 օրից ավելի: Վերաքննիչ դատարանում մեղադրյալների գործով ընթացող անմարդկային դատավարությանը լրատվամիջոցները հետեւում են:
Քաղաքացին իր անսահման զայրույթն արտահայտելով, նամակում կոչ է անում միանալ եւ պայքարել այդ անարդարադատության դեմ. «Թող ոչ ոք Հայաստանի շարքային քաղաքացիներից չկարծի, որ ինքն ապահովագրված է գազանացած համակարգի եւ լկտիության գագաթին հասած անարդարադատության ոտնձգություններից»: Նամակագիրը նշում է, որ երբ խախտվում է «ուրիշի» իրավունքը, իրականում խախտվում է մերը, յուրաքանչյուրինս: