«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ ներկայացվեց 2005 թվականի «Հազարամյակի զարգացման նպատակների տեղայնացումը եւ առաջընթացը» ազգային զեկույցը: Աշխատությունը ստեղծվել է Միացյալ ազգերի կազմակերպության, կառավարության, քաղաքացիական հասարակության ու մասնավոր սեկտորի համատեղ ջանքերի շնորհիվ եւ ընդգրկում է հանձնարարականներ, որոնցով կարելի է դրանք համապատասխանեցնել Հայաստանի զարգացման նպատակներին եւ կարիքներին:
Հազարամյակի զարգացման նպատակների «հայկականացման» այս գործընթացը կոչվում է տեղայնացում կամ ազգայնացում, որով համաշխարհային ցուցանիշները հարմարեցվում են տեղական պահանջներին: Այս զեկուցումն ըստ էության առաջինն է, որ հիմք է ստեղծում Հայաստանի զարգացման հեռանկարի հստակեցման համար ու կնպաստի գերակայությունների սահմանմանը, քաղաքականությունների բարելավմանը, բյուջետային քննարկումներին ու դոնորական օժանդակության ճիշտ ուղղորդմանը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ, Հայաստանի «Հազարամյակի զարգացման նպատակների» ազգային շրջանակը ներառում է հազարամյակի հռչակագրի բոլոր 8 նպատակները: Դրանց ազգային շրջանակի 13 թիրախներից 7-ը գրեթե ամբողջությամբ համապատասխանում են հազարամյակի հռչակագրին, իսկ 6 թիրախներ վերափոխված եւ համապատասխանեցված են Հայաստանի առանձնահատկություններին ու զարգացման ազգային պահանջներին: Մոնիտորինգի ու գնահատման 43 ցուցանիշներից 18-ը նույնությամբ վերցված են հազարամյակի հռչակագրից, իսկ մնացածները կամ փոքր-ինչ ձեւափոխված են, կամ ամբողջությամբ ներմուծված: Նպատակների ազգային շրջանակը համապատասխանում է Հայաստանի զարգացման պահանջներին եւ ընդհանուր առմամբ վայելում կառավարության աջակցությունը: Այդ մասին երեկվա շնորհանդեսում նշեցին ՄԱԿ-ի համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելա Վիդալը, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, Արդյունաբերողների ու գործարարների միության տնօրեն Գագիկ Մակարյանը, «Բաց հասարակության» ինստիտուտի օժանդակության հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը:
Միանալով հազարամյակի հռչակագրին, Հայաստանն այլ զարգացած երկրների հետ պարտավորություն է ստանձնել ազգային երկարաժամկետ ու ռազմավարական ծրագրերում, ներառյալ «Հազարամյակի զարգացման նպատակները», որ առնչվում են աղքատության, կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտներինՙ 2015 թվականի վերջնաժամկետով:
Ռ. Պ.