Մխիթարյան միաբանության թողարկած նոր CD-ին նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» 1000-ամյակին: Երեկ ազգային պատկերասրահում Մխիթարյան միաբան Հ. Հարություն Պզտիկյանը ներկայացրեց խտասալիկի բովանդակությունն ու նշանակությունը: Խտասալիկը ներառում է միջնադարի հայ հանճարիՙ Նարեկացու «Մատյանը» հայերենով (գրաբար, աշխարհաբարՙ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն) եւ թարգմանված բոլոր լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) տարբերակները, նաեւ ըստ գլուխների օգտագործված բառերի քանակական ցանկը:
«Նարեկի աղոթքներուն նպատակըՙ անձնական ու ներքին է: Ամենօրյա ապրումներու, նվաղումներու, խեղճությանց եւ պայքարներու փոթորիկեն կզգա, թե ամեն օր հարկավոր է զոհաբերիլ եւ իբրեւ քրիստոնյա նվիրվիլ եւ զոհվիլ ամենուն համար եւ ամենուն տեղ, ըլլալ ողջակեզ, որ բաշխվի ամենուն:
Մեղքերու եւ հանցանքներու խոստովանությունը ոչ թե գոհունակություն զգալու համար է, այլ արդարության պարտք մը կատարելու: Արդարության այս ըմբռնումը միշտ ավելի կլուսավորվի, որքան հանցապարտ ըլլալու գիտակցությունը կընդարձակվի, ուսկիցՙ մեղանչական գործերու բարդումը եւ հավելումը: Մարդկային մեղապարտ հոգիի պատմություն է Նարեկը»: Համառոտ մի քանի խոսքով հայր Պզտիկյանը ներկայացրեց Նարեկյան մատյանի մեծ ողբերգությունը, որպես մարդկային երկփեղկված հոգու ճիչ առ Աստված, ոչ այնքան մեղքի ճնշումից, որքան այն գիտակցությունից, որ ինքն ընդամենը արարած է: Եվ միջնադարյան մեծագույն միստիկի զգացողությունը հասել է բացառիկ կատարելության Նարեկի մեջ:
Կարճատեւ հանդիսության ավարտին ներկաներին բաժանվեց խտասալիկըՙ նախատեսված անվճար բաշխման համար, իբրեւ ամանորյա նվեր:
Ըստ էության, արդի տեխնիկական միջոցներով սա փորձ է միջնադարի մեծ միստիկի աղոթական բարձրագույն խոսքը հասցնել մարդկանց սրտերին ու գիտակցությանը: «Գիտարվեստը միայն աշխարհիկ ոգին չէ, որ կրնա մտցնել մեր կյանքի մեջ, այլ նաեւ աղոթքը, միստիցիզմը: Վստահ եմ, որ շատերը պիտի օգտվին այս խտասալիկեն: Մխիթարյան միաբանությունը մշակութային այսպիսի թեկուզ փոքր ձեռնարկներով կրնա օգտակար ըլլալ ժողովուրդինՙ իբրեւ հոգեւոր սնունդ»:
«Նարեկն աղոթագիրք է, եւ Մխիթարյանները փորձում են վերականգնել նաեւ ժողովրդական ավանդույթները Նարեկի հետ կապված, դրա վերականգնումն էլ մեծ բան է մեր մշակույթի համար», իր վերաբերմունքը հայտնեց նկարիչ Հակոբ Հակոբյանը:
Շնորհանդեսին ներկա էին Մխիթարյան միաբանության աբբահայր Եղիա վրդ. Քիլաղբյանը, Մխիթարյան միաբան հ. Հովսեփ Բեհեսմիլյանը եւ մտավորականներ:
Մ. Բ.