«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ՊԻՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՈՒԴԻՈԱՐՏԱԴՐԱՆՔ ԹՈՂԱՐԿՈՂԻՆ

Պիրատության դեմ պայքարում միավորվածները զարմացած են, որ պայքարի առաջին ձեռնարկումներին լրագրողները բացասաբար արձագանքեցին: Ստեղծագործող խավից նրանց սպասելիքն այլ էր, բայց առավել զարմացած են երգիչների արձագանքից, որոնք տարիներ շարունակ տրտնջում էին պիրատության (պիրատությունը առանց հեղինակի թույլտվության նրա ստեղծագործությունների վերարտադրությունն է) պատճառով իրենց կրած կորուստներից ու անպաշտպանվածությունից: Պիրատության դեմ պայքարողների բնութագրմամբ` «Հենց առաջին քայլն արվեց պիրատությունը կանխելու ուղղությամբ, երգիչները կանգնեցին պիրատի կողքին»:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը 2005 թ.-ի սեպտեմբերին ստուգումներ է կատարել ձայներիզներ ու խտասկավառակներ թողարկող «Ռեկո-Ռեկորդս», «Ադամս», «ԿԿ» ՍՊԸ-ներում ու առգրավել նրանց գույքը: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ղեւոնդ Քրմոյանը տեղեկացրեց, որ հուլիսի 20-ին եւ 21-ին «Ռեկո-Ռեկորդս» ՍՊԸ-ից առգրավված գույքը երեք օր հետո հանձնել են ոստիկանության քննչական բաժին: ՀՀ ոստիկանության քննչական բաժնում հոկտեմբերի 29-ին քրեական գործ է հարուցվել երեք ընկերությունների նկատմամբ: «Ռեկո-Ռեկորդսի» գործի քննությունը հետագայում տեղափոխվել է Երեւան քաղաքի դատախազության վարույթ: «Ռեկո-Ռեկորդսի» գործի քննությունն իրականացնող քննիչ Վարդան Հարությունյանի ասելովՙ առաջին անգամ է այսպիսի գործ քննվում, եւ փորձառության պակասը որոշ դժվարություններ է առաջացրել, հատկապես երբ գործ ունեն մեծ ծավալի աշխատանքի հետ: Մասնագիտական հանձնաժողով է ձեւավորվել, որն օգնում է փորձաքննության միջոցով պարզելու առգրավված ձայներիզների ու խտասկավառակների բնույթը: Արդեն երկու ամիս քրեական գործը քննվում է, եւ առայժմ կարող են ասել միայն, որ «Ռեկո-Ռեկորդսն» իր գործունեությամբ մի քանի իրավունք է խախտում` գործունեություն է ծավալում առանց պայմանագրերի եւ խախտում է հեղինակային, հարակից իրավունքները եւ այլն: Նշված երեք կազմակերպություններից միայն «Ռեկո-Ռեկորդսը» չհանդուրժեց ոստիկանության վերաբերմունքը: Լրատվամիջոցներով հայտարարեց, որ իրականում իրավապահները ոչ թե պիրատության դեմ էին պայքարում, այլ, հովանավորելով նույն գործունեությամբ զբաղվող «ԿԿ» ՍՊԸ-ին, իրեն շուկայից դուրս մղելու նպատակ ունեն: Հակառակ դեպքում, պիրատության դեմ պայքարը ոստիկանությունը չէր ավարտի իրենց գույքն առգրավելով:

«Պիրատական արտադրանքի 70%-ը «Ռեկո-Ռեկորդսն» է թողարկում», ասաց Ղեւոնդ Քրմոյանը ի պատասխան այն հայտարարությունների, թե ինչու պայքարը սկսեցին «Ռեկո-Ռեկորդսից»: Ըստ պրն Քրմոյանիՙ իրենք հիմքեր ունեին «Ռեկո-Ռեկորդսում» առգրավում կատարելու համար: Բողոքներ են ստացվել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից, ում իրենց ստեղծագործությունները կեղծարարներից պաշտպանելու միջոցներ ձեռնարկելու խնդրանքով դիմել են կինոռեժիսորները: «Պատճենանենգությամբ զբաղվողները ոչ միայն ոտնահարում են մեր` ստեղծագործողներիս իրավունքները, պատճառում ֆինանսական ու բարոյական վնաս, այլեւ գցում են կինոստուդիայի հեղինակությունը», գրում է Ալբերտ Մկրտչյանը: Արման Մանարյանը տնօրենին խնդրել է միջոցներ ձեռնարկել «ծովահենային գործողությունները վերացնելու ուղղությամբ»: «Հեղինակների իրավունքների պաշտպանությունն ու ապօրինությունների վերահսկումն անհնար է իրականացնել «Հայֆիլմ» կինոստուդիայի եւ հեղինակների միջոցով, քանի որ բավականին մեծ թիվ են կազմում ե՛ւ ապօրինի վերարտադրողները, ե՛ւ վերարտադրված ֆիլմերը», գրել է «Հայֆիլմի» տնօրենը: Նա խնդրել է ՀՀ ոստիկանության պետի աջակցությունը` վերացնելու ապօրինությունները: «Հայհեղինակ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Ներսիսյանը ոստիկանության պետին գրած դիմումով տեղեկացրել է, որ «Հաշ-Դե», «Արդենի», «Դիջիտըլ ստուդիո», «Հայ-Ֆայ», «Շարմ» ՍՊԸ, «Արտ-13» եւ այլ կազմակերպությունները չեն կնքել լիցենզային պայմանագրեր, հետեւաբար չեն պահպանում օրենքի եւ կառավարության որոշման պահանջները: Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Ս. Ներսիսյանը նշեց, որ «Ռեկո-Ռեկորդսը» միակն է, որն այդպես էլ չի ցանկանում օրինական դաշտում գործել եւ մինչեւ վերջ հրաժարվեց իրենց հետ պայմանագիր կնքելուց: Մինչդեռ «Հայհեղինակը» պայմանագրեր ունի այն հեղինակների հետ, որոնց ստեղծագործությունները թողարկվում են առանց հեղինակի համաձայնության, եւ իրենք պարտավոր են պաշտպանել նրանց շահերը:

«Հայհեղինակ»-ում ստեղծագործությունները գրանցվում են հոնորարի ճշգրիտ եւ ըստ պատկանելության հաշվարկման, հեղինակների միջեւ ճիշտ եւ ժամանակին բաշխման նպատակով: Հեղինակը լիազորում է կազմակերպությանն իրականացնելու իր գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարումը: Սա նորություն չէ, Խորհրդային Միության տարիներին այդ աշխատանքն իրականացրել է Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունը, որը Հայաստանի ու արտասահմանի միջեւ միջնորդ կազմակերպության դեր էր կատարում: Ներկայումս այդ դերը կատարում է «Հայհեղինակ» ՀԿ-ն: Տիկին Ներսիսյանը շեշտեց, որ իրենց աշխատանքը շատ դյուրին է թատրոնների եւ այն կազմակերպությունների հետ, որոնք խորհրդային տարիներից հեղինակին հոնորար վճարելու մշակույթ էին ձեւավորել: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մեկ տարի առաջՙ 2004 թ.-ի դեկտեմբերի վերջին, ստեղծվել է մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որը զբաղվում է հեղինակային իրավունքի ու մտավոր սեփականության խնդիրներով: Բաժնի պետի տեղակալ Արթուր Խաչատրյանը, որը մասնակցել է «Ռեկո-Ռեկորդսի» գույքի առգրավմանը, ասաց, որ իրենք պիրատության դեմ պայքարելու փորձ դեռեւս չունեն: Փորձի փոխանակման առումով Հայաստանի ոստիկանությանն աջակցում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Պիրատության դեմ պայքարի արեւմտյան մեթոդները նկատի ունենալովՙ բաժնի աշխատակիցները վստահաբար պնդում են, որ նրանց պայքարի մեթոդները շատ ավելի կոշտ են, քան իրենք կիրառել են: Ինչ վերաբերում է երգիչներից ոմանց ի պաշտպանություն «Ռեկո-Ռեկորդսի» հանդես գալուն, նշեցին. «ԱՄՆ-ում հեղինակի կարծիքը ոչ ոք չի էլ հարցնում, գուցե նա համագործակցում է պիրատի հետ»:

«Հանցագործության դեմ չի կարելի պայքարել անօրինական, հանցավոր ճանապարհով», ասում է «Ռեկո-Ռեկորդսի» շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Փաստաբանը պնդում է, որ խուզարկությունն ու առգրավումը պետք է կատարվեն միայն քրեական գործը հարուցելուց հետո, քննիչի որոշման հիման վրա, որի առգրավում կատարելու որոշումը պատճառաբանված պետք է լինի: Որոշման մեկ օրինակը պետք է տրվի այն անձին, ում մոտ պետք է կատարվեն խուզարկությունն ու առգրավումը: Որոշման մեջ պետք է նշվեն խուզարկություն կամ առգրավում կատարելու հիմքերը, այն պաշտոնատար անձի անունը, ում որոշմամբ դա կատարվում է, այն պաշտոնատար անձանց անունները, ովքեր կատարելու են որոշումը: «Նրանք սանձարձակություն են կատարել ու գույքը տարել են: Մի քանի օր հետո իրենց գործողություններն արդարացրել են, թե հեղինակային կամ հարակից իրավունքների խախտումով է «Ռեկո-Ռեկորդսը» արտադրանք տալիս», ասաց Հ. Ալումյանը: Փաստաբանի ասելովՙ հետագայում փորձեցին ուղղել իրենց սխալը. երբ գործն արդեն քննվում էր ոստիկանության քննչական բաժնում, արդեն քննիչի որոշման հիման վրա են առգրավել մնացածը: Հայկ Ալումյանը հայտնեց, որ պաշտոնատար անձի` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների գործողությունները հուլիսի 27-ին բողոքարկել են տնտեսական դատարանում, հուլիսի 29-ին դատարանը դիմումը վերադարձնելու որոշում է ընդունել: Վճռաբեկ դատարանն իրենց բողոքի հիման վրա բեկանել է տնտեսական դատարանի որոշումը եւ ուղարկել քննության: Մեկ ամսում դատարանը պետք է քններ դիմումը, բայց առ այսօր չի քննել: «Գողացված ապրանքը բացահայտ վաճառվում է խանութներում, եւ պետությունն այստեղ մտածելու բան ունի», ասաց ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը: Գործակալության պետը նշեց, որ Հայաստանում այս հարցը բարձիթողի էր, մեծ դժվարությամբ են հասել այն բանին, որ ոստիկանությունում մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժին բացվի: Նա նշեց, որ Ֆոնոգրամ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) հետ փորձել են կապ ստեղծել, բայց քանի որ Հայաստանը փոքր շուկա է, նրանց դեռեւս չի հետաքրքրում (IFPI-ն մի քանի կազմակերպությունների միաձուլումն է, կենտրոնը գտնվում է Լոնդոնում, ԱՊՀ մի քանի երկրներում` Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում ներկայացուցիչներ ունեն, որոնք իրավապահ մարմիններին օգնում են պիրատության դեմ պայքարում): Պրն Ազիզյանը տեղեկացրեց, որ IFPI-ն մեկ տարի առաջ Հայաստանում սեմինար էր կազմակերպել, որից հետո մտան առաջին իսկ պատահած խանութըՙ «Դիսկլենդ»: Նրանց իսկ բնութագրմամբՙ վաճառվող ապրանքն ամբողջությամբ պիրատական էր: Ֆեդերացիայի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավարը դրանից հետո գրությամբ դիմել է Հայաստանի ոստիկանության պետին. «Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել դադարեցնելու այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունը, որոնք զբաղվում են աուդիոարտադրանքի անօրինական արտադրմամբ ու տարածմամբ»: Պիրատությունը կանխելը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամագրվելու պայմաններից մեկն է եղել: 2000 թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանը միացել է նաեւ Բեռնի կոնվենցիային («Գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիա): Կոնվենցիայի նպատակն էր հնարավորինս միասնական եւ արդյունավետ պահպանել հեղինակների իրավունքներն իրենց ստեղծագործությունների նկատմամբ: Ա. Ազիզյանը նշեց, որ գործակալությունն աշխատանք է տանում իրավահարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, եւ չնայած բարձրացված աղմուկինՙ լավատես է, որ, ի վերջո, աուդիոարտադրանք թողարկողները հարկադրված կլինեն գործել իրավական դաշտում: «Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ հեռուստաընկերությունները հոնորարներ կվճարեն, հիմա վճարում են: Չնայած քննադատվում ենք արտասահմանյան հեղինակների շահերը պաշտպանողներից, որ չնչին է վճարը, բայց կարեւորն այն է, որ գործընթացը սկսվել է»: Արդեն ԱԺ-ում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ ներառված են բոլոր միջազգային իրավունքների պահանջները, եվրոպական նորմերը, որոնց ՀՀ-ն միացել է: «Հայհեղինակի» նախագահ Ս. Ներսիսյանը նշեց, որ գնալով պիրատության տոկոսը մեծանում էր երկրում, իսկ եթե կա պիրատության բարձր տոկոս, ուրեմն այդ երկիրը հետընթաց ունի մշակույթի զարգացման առումով: Նա հայտնեց, որ այս խնդիրն առկա է նաեւ զարգացած երկրներում. նոր տեխնոլոգիաները նպաստում են պիրատության տոկոսի բարձրացմանը: Հայաստանը մեկ ուրիշ առանձնահատկություն էլ ունի. ի տարբերություն արտասահմանի, հայ իրականության մեջ հիմնականում կատարողներն իրենք են իրենց պրոդյուսերը: Այդ պատճառով էլ ում ձեռքին մի քիչ գումար է հայտնվում, ձայնագրվում է ու տարածում: Պատճառը դա է, որ շուկան լցված է աղտեղությամբ: Այդ ընկերությունները մշակույթի զարգացմանն են խոչընդոտում, բացի այդ, իրենք հարստանում են, իսկ մշակույթ ստեղծող մտավորականները մնում են ձեռնունայն:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4