«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԼԿՈՀՈԼԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

Այս տարի 100 հիվանդ է դիմել Հայաստանի նարկոլոգիական կլինիկա, նախորդ տարի` 70, իսկ 2003 թ.-ին` 6: Երեք տարիներին այս թվերի հսկայական տարբերությունն, ըստ կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի, ոչ թե պայմանավորված է հիվանդների թվի կտրուկ աճով, այլ կլինիկա դիմելու պատրաստակամությամբ: Պրն Սեմերջյանը նշում է, որ այս տարի դիմած 100 հիվանդների կեսը տնայնագործական ափիոնային թմրամիջոցներ գործածողներ են: Երեկ մասնագետներին եւ լրագրողներին ներկայացվեց Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի եւ ծխախոտի հանրապետական ուսումնասիրության արդյունքների զեկույցը, որը պատրաստել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` ԵՄ-ի եւ ՄԱԶԾ-ի համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի օժանդակությամբ:

Ուսումնասիրությունն իր տեսակում առաջինն է եւ հավակնում է հիմք դառնալ հետագա հետազոտությունների եւ համեմատական վերլուծությունների համար: Ձեռնարկի հեղինակները հույս ունեն, որ սա ոլորտի պատասխանատուների համար կարեւոր եւ օգտակար փաստաթուղթ կլինի չարիքի դեմն առնելու մեխանիզմներ մշակելիս: Սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքում հետաքրքրական տվյալներ են ստացվել ինչպես Երեւանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում ծխախոտի, ալկոհոլի եւ թմրամիջոցների գործածման վերաբերյալ:

Այսպես` Հայաստանում ծխում է կանանց ընդամենը 2,1%-ը, սակայն նրանց տարիքը մտահոգիչ է: Ալկոհոլ գործածող քաղաքացիների թիվն ավելի բարձր է մարզերում, քան Երեւանում: Հետազոտության հեղինակները նշում են, որ չնայած Հայաստանում ալկոհոլի չարաշահման ավանդույթ ձեւավորված չէր, այսօր բնակչության գրեթե 20%-ը ամսվա ընթացքում 20 օր ալկոհոլ է գործածում: Ի տարբերություն ալկոհոլի, հանգստացնող դեղամիջոցներ ավելի շատ օգտագործում են Երեւանում: Ըստ զեկույցը ներկայացնող Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Բազարջյանի, սա պայմանավորված է ուրբանիզացիայով եւ այստեղ կյանքի արագ ու անհանգիստ ռիթմով:

Առավել հետաքրքրական նյութ էր ապօրինի թմրամիջոցների օգտագործման ուսումնասիրությունը: Այս հատվածին, ըստ բանախոսի, հարկավոր է քիչ վերապահումով վերաբերվել, քանի որ հարցվածները պատասխանել են ոչ թե «ի՞նչ թմրամիջոց եք օգտագործում» հարցին, այլ` «անձամբ ճանաչո՞ւմ եք թմրամիջոց օգտագործող անձանց»: Ըստ պատասխանների` հարցվածների 5,4%-ը ճանաչում է հաշիշ կամ մարիխուանա օգտագործողների, 0,9%-ը` կոկաին, 0,6%-ը` հերոին, 0,5%-ը` էքստազի, 0,2%` ամֆետամիններ: Պետրոս Սեմերջյանի գնահատմամբ` ուսումնասիրությունում բացթողում է այն, որ չի ներկայացված տնայնագործական ափիոնային թմրամիջոցներ գործածողների թիվը: Ոստիկանության ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ վերոհիշյալ թմրամիջոցների մեջ կան այնպիսիք, որոնք Հայաստանում գոյություն չունեն:

Ծրագրի եվրոպացի ղեկավարները նշեցին, որ մեր երկրում թմրամիջոցների եւ ալկոհոլի չարաշահման ավանդույթների բացակայությունը հույս է տալիս, որ հետեւողական պայքարով հնարավոր կլինի խուսափել անկառավարելի իրավիճակներից:

Թ. Մ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4