«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


«ՇԻՐԱԿԷՔՍՊՈ-2005» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Կառավարական օղակները չէին արձագանքել հրավերին

«Շիրակի մրցունակության կենտրոն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶ գործակալության եւ «Դիվիլոփմընթ ալթերնըթիվզ ինք» կազմակերպության աջակցությամբ երեկ Գյումրիում կազմակերպել էր «Շիրակէքսպո-2005» մասնագիտացված ցուցահանդեսը: Վարդան Աճեմյանի անվան թատրոնի ճեմասրահում բացված ցուցադրանքում ներկայացված էին ինչպես քաղաքի, այնպես էլ մարզի առավել հաջողակ ձեռնարկությունների արտադրանքն ու ծառայությունները:

Այս հիմնադրամը նախկինում եւս բազմիցս փորձ է արել մարզ այցելած հյուրերին փոքր ցուցադրություններով ներկայացնել Շիրակ աշխարհն այն ամենով, ինչով կարող է մրցունակ լինել հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս: 2000 թվականից ի վեր ՇՄԿ-ի նախաձեռնությամբ մարզի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սպասարկման ոլորտների առանձին ներկայացուցիչներ մասնակցել են նաեւ Երեւանում կազմակերպված «Էքսպո» միջազգային ցուցադրությունների: Տեղում կազմակերպված այս մեկօրյա ցուցահանդեսին, որը բացեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, մասնակցում էին տեքստիլ, սննդի, քարամշակման արդյունաբերության, հրատարակչական գործի, տեղեկատվական եւ այլ արտադրությունների ու ծառայությունների շուրջ երեք տասնյակ ձեռնարկություններ, կազմակերպություններ, նաեւ անհատ ձեռներեցներ: Կազմակերպիչների հիմնական նպատակն էր ցույց տալ մարզի արդյունաբերական ներուժի այսօրվա վիճակը, առկա հաջողություններն ու խնդիրները, նպաստել նոր ներդնողների ներգրավմանն ու իրացման շուկաների ընդլայնմանը: Դրա համար թերեւս անհրաժեշտ էր հրավիրյալների ներկայացուցչական լայն շրջանակ «դրսից», որը, ցավոք, չկար: Կազմակերպիչները մեզ տեղեկացրին, որ ցուցահանդեսը նախապես գովազդվել է Հ2 հեռուստատեսությամբ, «Հայաստանի Հանրապետություն» թերթով: Տարբեր միջազգային կազմակերպություններից, բոլոր դեսպանություններից, այլեւայլ կառույցներից ու խոշոր գործարարներից բացի ժամանակին հրավերներ են ուղարկվել նաեւ հանրապետության մի քանի նախարարների: Այս վերջիններից ոչ մեկը, սակայն, ժամանակ չէր գտել իր այցելությամբ գեթ ցույց տալու, որ ինչ-որ չափով հետաքրքրվում է աղետից իր արտադրական ներուժի 70 տոկոսը կորցրած քաղաքի ու մարզի, նրա հետեւողականորեն կաթվածահար արված արդյունաբերական համալիրի ճակատագրով: Պարոնայք նախարարները երեւի այս թեմայով իրենց տրվելիք դժվար հարցերից էին խուսափել...

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4