Հասարակական վայրերում ծխելն արգելող երկրների թիվն ավելանում է
Հունվարի 1-ից Իսպանիայում գործողության մեջ է մտնում հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենքը: Խոսքը վերաբերում է բոլոր հաստատություններին, որոնց տարածքը 100 քառ. մ-ից փոքր է:
Newsru կայքէջը տեղեկացնում է, որ Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը նույնպես օրերս որոշում է ընդունել բարերում, ռեստորաններում եւ հանգստի ու աշխատավայրերում ծխելն արգելելու մասին: Չնայած որոշումն ընդունվել է ձայների 12 կողմ եւ միայն մեկ դեմ հարաբերակցությամբ, չի բացառվում, որ քաղաքագլուխը չստորագրի այդ նախագիծը:
2007 թվականի ապրիլից ծխելու համընդհանուր արգելք կսահմանվի Հյուսիսային Իռլանդիայում: Այս առթիվ սոցիոլոգիական հարցումները աշխարհի գրեթե բոլոր երկրներում գրեթե նույն արդյունքն են արձանագրում: Բնակչության գերակշռող մեծամասնությունը, անկախ այն բանիցՙ ծխում է, թե ոչ, կողմ է արգելքի սահմանմանը: Տվյալ դեպքում նման օրենքների ու որոշումների կատաղի հակառակորդները բարերի, պանդոկների, սրճարանների ու ռեստորանների, հյուրանոցների ու խաղատների տերերն են, որոնք վախենում են, որ իրենց այցելուների թիվը կկրճատվի:
Խնդիրը յուրովի են լուծել Մեծ Բրիտանիայում: Այստեղ որոշվել է ծխողների համար բոլոր հասարակական վայրերում առանձին սենյակներ կահավորել:
Ծխախոտի արգելքն արդեն գործում է նաեւ Կուբայում, որը համաշխարհային համբավ է վայելում իր սիգարներով:
2004 թվականի դեկտեմբերին մեր ԱԺ-ի ընդունած օրենքը` Հայաստանում ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման սահմանափակումների մասին, նույնպես նման տաբուներ է նախատեսում հիմնարկ-ձեռնարկություններում, բոլոր տեսակի կազմակերպություններում` հանձնարարելով դրանց ղեկավարներին` փակ աշխատանքային տարածքներում հատուկ պայմաններ ստեղծել ծխողների համար:
Օրենքը նույնը պարտադրում է ռեստորանների, սրճարանների եւ հանրային սննդի այլ կազմակերպությունների տերերին:
Դրանցում եւս արդեն մեկ տարի գործողության մեջ մտած օրենքի պահանջները որեւէ ուշադրության չեն արժանացել: Ավելին, հսկայական վահանակների վրա, քաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում ծխախոտի լայնածավալ գովազդ է: Ծխախոտի քողարկված ու բաց գովազդ է ցուցադրվում նաեւ հեռուստաալիքներով:
Օրենքը խախտելու դեպքում ոչ միայն իրավաբանական, այլեւ անհատ անձը ենթակա է պատասխանատվության: Պատկերացրեք, որեւէ օլիգարխի ռեստորանի տերն արգելի վայելել իր ծխախոտը: Ուր մնաց պատասխանատվության ենթարկի:
Սա Հայաստանն է, ուր օլիգարխները եւ «փողոտ տղեքը» իրենց մենաշնորհները հասցրել են մինչեւ քաղաքական կյանքի վերին կուլիսները, ուր մնաց այսպիսի «մանր» բնագավառ: Տուգանքների կամ որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելու նախադեպեր առայժմ չկան:
Ծխախոտի դեմ կատաղի պայքար է գնում նաեւ Եվրոպայում: Եվրոմիություն մտնելու հեռանկարը նույնպես բարերար ներգործություն չի ունենում վերահսկելու ծխախոտի սահմանափակումների վերաբերյալ օրենքի խախտումները:
Եթե կուզեք իմանալ, այս առթիվ եւս քաղաքական կամք ցուցաբերելու անհրաժեշտությունը պետական անվտանգության խնդիր է: Խոսքը վերաբերում է բնակչության առողջությանը, որի պահպանման համար ամեն տարի պետությունը գերագույն բծախնդրությամբ փորձում է միջոցներ առանձնացնել իր խղճուկ քսակից:
Ծխախոտի նկատմամբ արատավոր մոլությունը ոչ միայն չի կրճատվում, այլեւ, փորձագետների դիտարկումներով, հատկապես Հայաստանում լայն ծավալներ է ընդունում: Տարեցտարի ավելանում է հատկապես ծխող կանանց ու աղջիկների թիվը:
Կ. Դ.