«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2005-12-14 | #229, 2005-12-15 | #230, 2005-12-16


ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Առաջարկում են «Հայէկոնոմբանկն» ու Եվրոբանկը

«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնշտեյնը երեկ երկու պայմանագիր ստորագրեցին «Հայէկոնոմբանկին» 3 մլն դոլար տրամադրելու մասին:

Առաջին պայմանագրով «Հայէկոնոմբանկին» կտրամադրվի 1,5 մլն դոլար վարկային գիծ, որից տրամադրված վարկերի վերադարձման ռիսկը կստանձնի հայկական բանկը, իսկ երկրորդ պայմանագրով տրամադրվող 1,5 մլն դոլարի դեպքումՙ Եվրոբանկը: Այս դեպքում «Հայէկոնոմբանկը» հանդես կգա որպես սպասարկող բանկ: Ի տարբերություն նախկինում ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոցների, որոնք ուղղված էին միջին եւ փոքր բիզնեսի ֆինանսավորմանը, այս վարկերը կօգտագործվեն խոշոր բիզնեսի ֆինանսավորման համար: Այս ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նվազագույն ծավալը կկազմի 400 հազար դոլար, առավելագույնըՙ 1 մլն դոլար:

Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ ֆինանսավորումը կսկսվի արդեն եկող տարվա հունվարից, եւ կարեւորեց դրսի շուկաներից միջոցների ներգրավումը: Նա նաեւ նշեց, որ խոշոր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված այս ծրագիրը փորձնական է եւ հաջողության դեպքում այս նպատակի համար Եվրոբանկից տրվող գումարները կավելանան: Տրվող վարկերի տոկոսադրույքները լինելու են 12-14 տոկոսի շրջանակներում: Ավելի կոնկրետ, դրանք կորոշվեն «Հայէկոնոմբանկի», ՎԶԵԲ-ի եւ վարկ ստացող կազմակերպության պայմանավորվածությամբ: Այդուհանդերձ, «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենը ընդգծեց, որ այս վարկային ծրագրով առաջարկվող տոկոսադրույքները մեր շուկայում ամենացածրն են:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Աշոտ Օսիպյանը որոշ տվյալներ ներկայացրեց բանկի այս տարվա արդյունքների մասին, ասելով, որ տարեկան արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսը կհրավիրվի տարեվերջին: Համաձայն դրանց, «Հայէկոնոմբանկի» զուտ շահույթն այս տարի կազմել է մոտ 1,2 մլրդ դրամ, վարկային պորտֆելըՙ 13,5 մլրդ դրամ: Նախորդ շաբաթվա ընթացքում թողարկված պարտատոմսերն արդեն 100 տոկոսով տեղաբաշխվել են շուկայում: Դա նշանակում է, որ կգործի երկրորդային շուկան եւ պարտատոմսերը կվաճառվեն այնտեղ եւս: Բանկի գործադիր տնօրենը հայտնեց, որ պարտատոմսերը ձեռք են բերել հիմնականում իրավաբանական անձինք եւ իրենք ձգտում են, որ դրանք ձեռք բերեն նաեւ ֆիզիկական անձինք: Նա նաեւ տեղեկացրեց, որ բանկը շահել է մաքսային կոմիտեի եւ Կենտրոնական բանկիՙ մաքսակետերի բանկային սպասարկման համար հայտարարված մրցույթը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4