Ռուսաստանի նախագահն ակնարկել է, որ գազը հավասարապես կթանկանա ԱՊՀ բոլոր երկրների համար
Երեկ Սոչիում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղ ասուլիսում Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարման խնդիրը երկրորդ պլան է մղել հայ-ռուսական հարաբերությունների թեման: Այս մասին հաղորդում է «Իզվեստիայի» ինտերնետային էջը: Մասնավորապես Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ավարտին երեք ժամ սպասելուց հետո լրագրողները Պուտինից հետաքրքրվել են, թե Մոսկվան եւ Կիեւը ինչպես են կարգավորելու «գազային հակամարտությունը»:
Ակնկալվում էր, որ Սոչիում նախագահներ Քոչարյանի եւ Պուտինի հանդիպման առանցքային թեմաներից մեկը կդառնա 2006-ից Հայաստանին մատակարարվող գազի թանկացման խնդիրը: Երեկՙ մինչեւ ուշ երեկոյան ռուսական լրատվամիջոցները որեւէ տեղեկություն չէին տվելՙ թանկանալո՞ւ է, եւ եթե այո, ապաՙ ինչքա՞ն: Սակայն դատելով Ռուսաստանի նախագահիՙ Ուկրաինային վերաբերող հարցի մեկնաբանությունից, կարող ենք ենթադրել, որ գազը հաստատ կթանկանա: «Կա շուկա: Պայմանները բոլորի համար պետք է լինեն հավասար: Մեր բոլոր գործընկերները պետք է լինեն հավասար իրավիճակում», ընդգծել է Պուտինը:
Երկու օր առաջ, նույնպես Սոչիում, Պուտինն ընդունել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Վերջնականապես հաստատվել է, որ Բելառուսը 2006 թ.-ին 1000 խմ գազի դիմաց կվճարի այնքան, որքան այս տարիՙ մոտ 46,5 դոլար, այսինքնՙ ԱՊՀ երկրներից միակ բացառությունը հենց Բելառուսն է: Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանն այս տարվա 56 դոլարի փոխարեն 2006-ին կվճարի 110 դոլար:
Հունվարի երկրորդ կեսին Քոչարյանը կայցելի Մոսկվաՙ պաշտոնապես բացելու Ռուսաստանում Հայաստանի տարին: Եթե երեկվա հանդիպմանը վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել գազի գնի վերաբերյալ, ապա հունվարյան հանդիպմանը հավանաբար կհաստատվի նոր սակագինը: Ռուսական լրատվամիջոցները Պուտին-Քոչարյան երեկվա հանդիպումից առանձնակի մանրամասներ չեն հաղորդել: «Նովոստի» գործակալությունը հիշեցրել է, որ վերջին երկու տարում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպում են 8-րդ անգամ:
Ռուսական մամուլի հրապարակումները եւ Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններն ընդունելով հիմք, կարող ենք ասել, որ իրավամբ Ռուսաստանն ընդհանուր առմամբ թանկացնում է գազի գները: Սակայն կան բացառություններ, ինչպես վերը նշված Բելառուսը: Ուշագրավ բացառություն է նաեւ Թուրքիան, որը ռուսական գազն ստանում է 75 դոլարով: Նախկինում սակագինը մոտ 100 դոլար էր, սակայն թուրքական կողմը 2003-ին սպառնաց, որ նման բարձր գներով իրեն ռուսական գազը պետք չէ: Մոսկվան տեղի տվեց:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի մեկ այլ դաշնակցինՙ Ադրբեջանին, ապա Բաքվի պաշտոնյաները եւս սպառնում են, որ ռուսական գազի գների բարձրացման դեպքում Ադրբեջանն ընդհանրապես կհրաժարվի ռուսական երկնագույն վառելիքից:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ