«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2005-12-15 | #230, 2005-12-16 | #231, 2005-12-17


ԿԻՍԱԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՆ

Սպասվող նախընտրական ժամանակաշրջանում լրագրողները ստիպված են ավելի լուրջ մտածել ինքնապաշտպանության մասին

Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով պատասխանատվության է ենթակա ամեն ոք, ով խոչընդոտում է լրագրողի գործունեությունը: Օրենսգրքի ընդունումից ի վեր մինչ օրս պատիժ միայն մեկ անգամ է կիրառվել: Սա, ցավոք, պայմանավորված է ոչ թե մեր երկրում լրագրողի աշխատանքի հանդեպ հարգանքով եւ նրան «կանաչ ճանապարհ» տալու պատրաստակամությամբ, այլ պարզապես անպատժելիությամբ: Քաղաքական այս կամ այն լարված իրավիճակում լրագրողները դառնում են անպաշտպան եւ ենթարկվում բռնության: Այս աննորմալ դրսեւորմանը եւ դրա դեմ ուղղված պայքարին էր նվիրված երեկ «Հայելի» ակումբում հրավիրված քննարկումը: Բանախոսներըՙ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշում էին, որ երեւույթն առավել զգալի է դառնում քաղաքական լարված իրավիճակներում, եւ դրա դեմ միայն լուրջ ու հետեւողական պայքարը կարող է դրական արդյունք տալ:

Հակոբ Ավետիքյանի գնահատմամբՙ լրատվական ընտանիքը պետք է այսօրվանից մտածի պայքարի մասին, հակառակ դեպքում առաջիկայում սպասվող նախընտրական երկար մարաթոնում կարող ենք անցանկալի հետեւանքների ականատես դառնալ: «Երբ լրագրողի հանդեպ ոտնձգություն է կիրառվում, սկսում ենք վերհիշելՙ որ լրատվամիջոցի ներկայացուցիչ էր, ինչ էր գրել վերջին շրջանում, ում էր պաշտպանել եւ այլն: Սա ամենից վտանգավորն է: Պետք է կարեւորվի երեւույթը, ոչ թե անհատը կամ գրածը: Պետք է ուղենիշ լինի հետեւյալըՙ լրագրողին չի կարելի մատով անգամ դիպչել», ասաց պրն Ավետիքյանը: Կարեւորելով լրագրողների դերը հասարակական կարծիքի ձեւավորման գործումՙ նա նշեց, որ առաջինը հենց լրագրողները պետք է բարձրաձայնեն խնդիրը: «Լրագրողի նկատմամբ տեղի ունեցած ամեն մի ոտնձգության դեպքում պետք է լրագրողական միությունները քննարկման հրավիրեն բոլոր լրատվամիջոցներին, դրանց ղեկավարներին եւ գլխավոր դատախազին կամ ոստիկանապետին: Վերջիններս եթե չգան էլ, մեր գործն է դա հանրությանը ցույց տալը»: Նա նշեց նաեւ, որ հաճախ բռնության հեղինակները հայտնի են լինում, սակայն ոչ մի պատիժ չի կիրառվում:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ավելի հոռետեսորեն էր վերաբերվում խնդրին եւ թերահավատ էր, թե լուծումներ կգտնվեն: «Լրատվամիջոցները հիմնականում քաղաքական խնդիր են լուծում, եւ չեմ հավատում, թե հետեւողական լինեն: Իսկ կիսալուծումների հետ համակերպվելով ոչնչի չենք հասնի, ամեն ինչ ավելի կխորանա: Հարկավոր է գործի դնել ամեն միջոցՙ ընդհուպ գործադուլ, եւ խնդիրն անընդհատ ուշադրության կենտրոնում պահել»: Բորիս Նավասարդյանը հիշեցրեց Ծաղկաձորում լրագրողների իրականացրած ակցիան եւ նշեց, որ գրեթե ոչինչ չփոխվեց, շարունակվում են ապօրինի շինարարություններն ու անտառահատումները: Լրագրողների պաշտպանությունը նա տեսնում է նույնիսկ թիկնապահներով շրջելու միջոցով. «Ինչո՞ւ պետք է քաղաքական գործիչները թիկնապահներ ունենան, լրագրողներըՙ ոչ», ներկաներին կեսկատակ-կեսլուրջ հարցրեց նա:

Բանախոսներն այն կարծիքին էին, որ այս հարցն իրականում լուրջ քննարկումների առարկա է, եւ յուրաքանչյուր գործողություն հարկավոր է կշռադատված եւ մտածված անել եւ հասնել այն բանին, որ հասարակական կարծիքը որոշիչ լինի: Հակոբ Ավետիքյանը նշում է, որ ունեցել ենք մի քանի «երջանիկ» դեպքեր, երբ համախմբվել եւ արդյունքի ենք հասել, եւ ավելացնում, որ հարկավոր է հետեւողական շարունակել աշխատանքը:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4