Արդեն մի քանի տարի Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Դատաիրավական բարեփոխումների ծրագիր», որի շրջանակներում վերանորոգվում են դատարանների շենքերը, ձայնագրվում են դատավարությունները եւ այլն: Այս անգամ ՀՀ կառավարության որոշմամբ, այդ ծրագրի շրջանակներում վարկային միջոցներից 330 հազար տրամադրվեց ու իրականացվեց եւս մեկ շատ կարեւոր քայլՙ ստեղծվեց Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը (ՀԻՏՀ), որտեղ զետեղված են ՀՀ-ում գործող իրավական ակտերի պաշտոնական էլեկտրոնային հրապարակումները: Համակարգի բաց տեղադրումը ինտերնետային կայքում հնարավորություն կընձեռի ամեն մի քաղաքացու անվճար, որոնման զանազան միջոցներ կիրառելով ունենալ իրավական ակտերի ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակը:
Ինտերնետային կայքի շնորհանդեսին ներկա էին, ելույթ ունեցան ու շնորհավորեցին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Համաշխարհային բանկի նախագահ Ռոջեր Ռոբինսոնը:
Կայքում տեղ են գտել 30 հազարից ավելի իրավական ակտեր, կառավարության ու ԱԺ որոշումներ, գերատեսչական, համայնքային ակտեր, Սահմանադրական դատարանի որոշումներ: Հետագայում, նշեց պրն Հարությունյանը, կընդգրկվեն նաեւ վճռաբեկ դատարանի որոշումները: «Դատաիրավական բարեփոխումներ ծրագրի» գրասենյակի տնօրեն Արթուր Թունյանը նշեց, որ մենք արդեն ունեցանք անվճար շատ կարեւոր կայք, իսկ շատ շուտով կլինի նաեւ լազերային սկավառակ (չնչին վճարով): ՀԻՏՀ-ի ինտերնետային հասցեներն ենՙ www.arlis.am եւ www.laws.am
Երեկ ներկայացվեց նաեւ արդարադատության նախարարության ինտերնետային կայքի հայերեն տարբերակը, որտեղ տեղ են գտել նախարարություն, նորություններ, բարեփոխումներ, նամակ նախարարին, հարցում օրենքների նախագծերի վերաբերյալ նաեւ կարծիքներ, նյութեր բաժինները: Սա եւս մեկ քայլ է, որի միջոցով ամեն ոք կարող է իր հարցի պատասխանը ստանալ հենց արդարադատության նախարարից, մտնելով www.justice.am կայքը:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ