Նիկոսիայի (Կիպրոս) դատարանում առաջիկա երեքշաբթի օրը կսկսվի Կոստանդնուպոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի ձեռնարկած դատը Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության դեմ: Վեճի առարկան ծանոթ է «Ազգի» ընթերցողներինՙ Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, որը 2005 թ. մարտի 16-ի որոշմամբ ՀԲԸՄիության ղեկավարությունը կազմալուծված էր հայտարարել, որի հետեւանքով փակվել է 80-ամյա վարժարանի գլխավորՙ գիշերօթիկ բաժինը: Այդ որոշումը, ինչպես հիշում է ընթերցողը, ցավով եւ ընդվզումով դիմավորեցին ամենալայն զանգվածները եւ մասնավորապես տարբեր երկրներում գործող Մելգոնյան սանուց միությունները: Որոշումը մեծ դժգոհությամբ դիմավորեցին նաեւ Կիպրոսի պետական իշխանությունները, որոնք նախապես, Եվրոմիություն ընդունվելու փաստաթղթերը ներկայացնելիս, հայոց լեզուն որպես Եվրոմիության փոքրամասնական լեզու էին արձանագրել տվել, հատկապես նկատի ունենալով կղզում Մելգոնյան կրթական հաստատության գոյության փաստը, նրա զարգացման հեռանկարները:
Առաջիկա դատական նիստի կապակցությամբ Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքը երեկ հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ընդարձակ հաղորդագրությամբՙ «Մելգոնյանի տագնապը հայ մշակույթի ճգնաժամն է» խորագրի ներքո: Հիշեցնելով, որ Մելգոնյան կտակի առաջին կտակակատարն ու խնամակալը եղել է Պոլսո հայոց պատրիարքությունը եւ այնուհետեւ, մի քանի տարի անց, այն ժամանակվա պատրիարք Զավեն արքեպիսկոպոսն է եղել մասնակիցը նոր կտակի կազմության, որով կտակը փոխանցվեց ՀԲԸՄիությանՙ հանձին Պողոս Նուբար փաշայի, Մեսրոպ պատրիարքը հիշյալ հաղորդագրության մեջ իրավական պատճառաբանություններն է ներկայացնում «կտակի տրամադրությունից շեղվելու» ՀԲԸՄիության որոշմանը միջամտելու:
Երկրորդ պատճառը, ինչպես տեղեկացնում է հաղորդագրությունը, «մշակութային պատասխանատվությունն» է, քանզի Մելգոնյան վարժարանի փակման փաստի մեջ Մեսրոպ պատրիարքը տեսնում է հայոց լեզվին, հայկական ինքնությանը եւ մշակույթին սպառնացող վտանգ, որն, իր խոսքով, պարտականություն է դնում նաեւ իր վրաՙ դեմ կանգնելու ՀԲԸՄիության ղեկավարության որոշմանը:
Հիշեցնենք, որ նախապես Լոս Անջելեսի դատարանը մերժել էր ընթացք տալ Մեսրոպ պատրիարքի դատական հայցինՙ նույն խնդրով: