«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2005-12-15 | #230, 2005-12-16 | #231, 2005-12-17


ՀԱՂԹՈՂԸ ԿՈՐՈՇՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցախաղի 2-րդ պարտիան էլ Լեւոն Արոնյանի եւ Ռուսլան Պոնոմարյովի միջեւ ավարտվեց ոչ-ոքի: Սպիտակներով խաղում էր հայ գրոսմայստերը, որն ամեն ջանք ներդրեց հաղթանակի հասնելու եւ մրցաշարի հաղթող ճանաչվելու համար: Սակայն ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը համառորեն պաշտպանվում էր: Արոնյանը մեկ զինվորի առավելություն ուներ, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթանակ տոնել: Երկարատեւ ու համառ մրցապայքարն ավարտվեց 76-րդ քայլին: Ընդ որում, պարտիայի վերջում Արոնյանը ցայտնոտում էր գտնվում: Այսպիսով, Արոնյանի եւ Պոնոմարյովի մրցավեճում հաղթողը չորոշվեց: Ուժեղագույնին որոշելու համար այսօր մրցակիցներին հարկ կլինի լրացուցիչ մրցախաղ անցկացնել: Նրանք նախ կանցկացնեն արագ շախմատի կանոններով երկու պարտիա: Եթե այդ դեպքում էլ հաղթողը չորոշվի, հարկ կլինի մրցել կայծակնային մրցախաղում: Ամեն դեպքում այսօր Խանտի Մանսիյսկում հայտնի կդառնա աշխարհի գավաթակիրը:

Հաղթողին չորոշեցին նաեւ 3-4-րդ տեղերը վիճարկող Էթիեն Բաքրոն եւ Ալեքսանդր Գրիշչուկը, 5-6-րդ տեղերի համար պայքարող Բորիս Գելֆանդն ու Եվգենի Բարեեւը, ինչպես նաեւ Մագնուս Կառլսենն ու Գատա Կամսկին (9-10-րդ տեղեր), Լյուկ վան Վելին ու Ալեքսեյ Դրեեւը (13-14-րդ) եւ Կոնստանտին Սակաեւն ու Ժոյել Լոթյեն (15-16-րդ): Նրանք եւս այսօր ստիպված կլինեն կրկին նստել խաղասեղանների շուրջը: Երեկ փաստորեն միայն երկու մրցախաղում որոշվեցին հաղթողները: 7-8-րդ տեղերի համար մրցավեճում Սերգեյ Ռուբլյովսկին 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Միխայիլ Գուրեւիչին, իսկ 11-12-րդ տեղերի համար Վլադիմիր Մալախովը պարտության մատնեց Ֆրանսիսկո Վալյեխոյին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4