«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2005-12-15 | #230, 2005-12-16 | #231, 2005-12-17


ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՆՔ, ԲԱՅՑ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ՔԱՂԱՔԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՄՆ Է

Ընտրությունների կարեւոր եւ բաղկացուցիչ մասն է կազմում գովազդային քարոզարշավը, որի վրա ընտրապայքարում ներգրավված թեկնածուները, կուսակցությունները կամ իշխանական մյուս կառույցները հաճախ ավելի շատ են կենտրոնանում, քան իրենց բուն անելիքների: Եվ հայտնի է, որ լավ գովազդը բերում է իր լավ արդյունքը: Մեր երկրում էլ յուրաքանչյուրՙ նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ վերջերս նաեւ սահմանադրական հանրաքվեի ընտրությունները ուղեկցվեցին գովազդային հսկա ակցիաներով: Դա փաստեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանրաքվեի օրը, իր քաղաքացիական պարտքը կատարելու ժամանակ` նշելով, որ 10 տարվա մեջ ժողովուրդն այնքան բան չիմացավ սահմանադրության մասին, որքան այս ընթացքում: Թեպետ նաեւ կային կարծիքներ, ուսումնասիրություններ, որ հանրաքվեն ուղեկցող գովազդային քարոզարշավը այնքան էլ լավ չի ծանուցում ազգաբնակչությանը սահմանդրական փոփոխությունների էական կողմերի մասին: Ինչեւէ, կենտրոնանանք գովազդային մեր բարքերի վրա:

Հանրապետությունում, հատկապես մայրաքաղաքում դժվար չէ տեսնել որեւէ ընտրության գովազդային ցուցապաստառներ` վաղեմության ժամկետով, որոնք չեն վերացվել տվյալ ընտրությունից հետո` բացառությամբ որոշ հատվածների: Անգամ քաղաքի փողոցներում կարելի է տեսնել 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրված թեկնածուների նկարները` իրենց բարձրագոչ կարգախոսներով:

Մի այլ խնդիր է նաեւ գովազդային ազդագրերի բովանդակությունն ու որակը` էթիկայի տեսանկյունից: Օրինակ, հանրաքվեից առաջ պետական համալսարանի տարածքում կարելի էր հանդիպել, հավանաբար ընդդիմադիր ուժերի փակցրած, անշնորհք ազդագրերի: Էթիկայից դրդված չենք նկարագրում ազդագրի պատկերը, բայց բովանդակությունն էլ արդեն բավական է. «Առ՜ռը հա, ձեր սահմանադրությանը»: Վերադառնանք մայրաքաղաքի մաքրության գովազդային ազդագրերի բերած վնասին:

Եթե կանգառներում հառնած գովազդային հսկա սյուների վրայից ընտրություններից հետո իջեցվում են այս կամ այն թեկնածուին կամ երեւույթը գովազդող պաստառները, ապա նույնը չի կարելի ասել ամեն քայլափոխին փակցված եւ մեզ խեղդելու աստիճան ճնշող ազդագրերի մասին: Կանգառների վահանակների գովազդները փոխելը գովազդվող անձանց համար անհրաժեշտություն է, որովհետեւ «վերեւից» գովազդվելու այդ հաճույքը ահռելի գումարներ արժե: Իսկ այ փողոցների մաքրությամբ զբաղվելը այնքան էլ կարեւոր չէ, քանի որ հայկական մենթալիտետով ոչ ոքի չի հետաքրքրում ուրիշի մասին մտածելը: Տվյալ ընտրության ժամանակաշրջանում որեւէ ընտրապայքարում հայտնված քաղաքական վերնախավի հրահանգով աշխատանքային խմբերը մեծ եռանդով փողոցում փակցնում են ցուցապաստառներ, բայց նույն եռանդով դժվար է գտնել քաղաքը մաքրողների որեւէ խումբ:

Նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեից հետո անցել է բավական ժամանակ, սակայն քաղաքը դեռ լի է հիշյալ գործընթացը գովազդող պաստառներով: Եվ երբ փորձեցինք պարզել, թե ում պարտականությունն է դրանք վերացնելը եւ քաղաքը բարեկարգ տեսքի բերելը, հավատացեք, շատ դժվարությունների հանդիպեցինք:

Մայրաքաղաքի հետ կապված հոգսերը սկսեցինք քաղաքապետարանից, ուր լրատվական բաժնի պատասխանատու Անահիտ Եսայանը հայտնեց, թե սանիտարական սեկտորները պատկանում են թաղապետարաններին: Նրա խոսքերով, քաղաքապետարանը նախկինում եղած ընտրություններից հետո լրատվամիջոցներով ծանուցել է, որ համապատասխան անձիք մաքրեն քաղաքը:

Կենտրոն համայնքի թաղապետարանի նույնանուն բաժնի պատասխանատուն ասաց, որ, իհարկե, լավ կլիներ քաղաքապետարանն էլ զբաղվեր այդ հարցով, բայց իրենք իրենց իրավասության սահմաններում հանրաքվեից հետո սկսել են մաքրել քաղաքը: Բաժնի պատասխանատուն դժվարացավ ասելՙ կոնկրետ որ փողոցներն են արդեն մաքրել, բայց վստահեցրեց, որ թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները հրահանգ ունեն փողոցները մաքրելու: Լրատվական բաժնի պատասխանատուն հավաստիացրեց, որ կենտրոնական եւ բակային կարեւոր նշանակություն ունեցող փողոցները արդեն սկսել են մաքրել եւ մինչեւ տարեվերջ թաղամասը մաքուր կլինի: Հավատանք եւ հետեւենք:

Մեր հարցին զարմացած արձագանքեցին նաեւ Էրեբունու թաղապետարանում: Մեր մտահոգությանն ի պատասխան հնչեց թաղապետի խորհրդական Սեյրան Մկրտումյանի անվերաբերմունք արտահայտությունը. «Ինչ հնարավոր է, մաքրում ենք»: Բնականաբար նա չկարողացավ ասել, թե երբ են իրենք սկսել գովազդային ազդագրերը մաքրել եւ կոնկրետ որ փողոցներից: Ավելի անկեղծ էին Արաբկիր համայնքի թաղապետարանում: Լրատվության բաժինը, հղում անելով թաղապետարանի կրթության բաժնին, մեզ հայտնեց, որ հանրաքվեից հետո մեծ մասամբ իրենք մաքրել են իրենց համայնքի փողոցները, սակայն մտահոգ են, թե ով պետք է լրջորեն զբաղվի այդ հարցով: Նշված թաղապետարանի կրթության բաժնի պետ Հասմիկ Նազարյանը փոխանցել է, որ իրենք Ազգային ժողովում բարձրացնելու են այդ հարցը, թե ով պետք է կոնկրետ զբաղվի հիշյալ խնդրով, քանի որ «տհաճ է ընտրություններից հետո տեսնել ընտրված եւ չընտրված պատգամավորներին»:

«Ազգային միաբանություն», «Հանրապետություն» կուսակցություններից էլ հայտնեցին, որ իրենք հանրաքվեից առաջ ոչ մի ցուցապաստառ չեն փակցրել փողոցներում: Մասնավորապես վերջինիս լրատվության բաժնի պետ Սուրեն Սուրենյանցը նշեց, որ իրենք հանրաքվեն ոչ գովազդող, ոչ բոյկոտող որեւէ ազդագիր չեն փակցրել: Հնարավոր չեղավ կապվել եւ իմանալ «Նոր ժամանակներ» կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի կարծիքները: Փորձեցինք որեւէ կերպ կապվել նաեւ հանրաքվեից առաջ հասկանալի եռանդով աշխատող «Այո»-ի շտաբի աշխատակիցներից որեւէ մեկի հետ, բայց ապարդյուն: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ պրն Շահգելդյանը խորհրդակցության է, մի քանի զանգերից հետո դեռ չէր ազատվել: ԱԺ-ի աշխատակիցը, իմանալով մեր հարցը, ասաց. «Ցուցապաստառները մաքրելը, կարծում եմ, շտաբի խնդիրը չէ»: Զարմանալի է, չէ՞: Իրենց խնդիրը կեղտոտե՞լն է:

Հետաքրքրությունների եւ հարցումների նկարագրված շրջանակը ցույց տվեց, որ փաստորեն հստակեցված չէ, թե ով պետք է զբաղվի ընտրությունների ժամանակ քաղաքը հեղեղած գովազդային ազդագրերի մաքրման խնդրով: Եթե տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներից ոմանք մտահոգ են հիշյալ խնդրի կարգավորման համար կամ էլ պարզապես նշում են, թե զբաղվում են խնդրով, ապա ոմանք էլ անգամ զարմանում են հարցից: Կարելի է հասկանալ, որ օրենքով հստակեցված չէ հարցի լուծումը, բայց կարելի է, չէ՞, քաղաքը կեղտով հեղեղելուց հետո մտածել նաեւ բարեկարգման եւ գեղեցիկ տեսքը պահպանելու մասին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4